Աղբիւր՝ www.yerkirmedia.am

«Ադրբեջանը պէտք է դադարեցնի օգտագործել իր բանկչութեանը որպէս կենդանի վահան»,- յայտարարել են Եւրախորհրդարանի պատգամաւորներ լեհ Մարեկ Իւրեկը եւ  Կոստաս Մաւրիդեսը:

Յայտարարութեան մէջ ասւած է, որ 2017-ի յուլիսի 4-ին Ադրբեջանի զինւած ուժերը խախտել են հրադադարի ռեժիմը Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

«Ադրբեջանը բնակելի գիւղերում տեղադրել է ռազմական տեխնիկա` այդպիսով օգտագործելով իր քաղաքացիական բանկչութեանը որպէս կենդանի վահան: Փոխհրաձգութեան հետեւանքով ադրբեջանական կողմում 2 խաղաղ բնակիչ է զոհւել: Պնդում ենք, որ այս ողբերգութիւնից, նաեւ զինւած ուժերի միջեւ գրանցւած այլ բախումներից կարելի էր խուսափել, եթէ Ադրբեջանը համաձայնէր յետաքննական մեխանիզմների տեղադրմանը, ինչի շնորհիւ էլ կարելի է որոշել, թէ կոնկրէտ որ կողմն է խախտել հրադադարը: Հայկական կողմը համաձայնել է ԵԱՀԿ-ի յետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: Դժբախտաբար, Ադրբեջանը շարունակում է մերժել այն»,- ասւած է Եւրախորհրդարանի պատգամաւորների յայտարարութեան մէջ:

Նրանք նաեւ նշել են, որ յետաքննական մեխանիզմները կարող էին օգնել խուսափել 2016 թւականի ապրիլեան պատերազմից: Պատգամաւորները յիշեցրել են այդ ժամանակ ադրբեջանական զինուժի իրականացրած խոշտանգումները, նշել, որ բարբարոսական այդ գործողութիւններն Ադրբեջանում հայատեացութեան հետեւանքն են:

«Բնակչութեանը` որպէս կենդանի վահան օգտագործելը, միեւնոյն ժամանակ բնակելի այլ շրջաններ գնդակոծելն ու յետոյ տեղի ունեցածի լուսանկարները քարոզչութեան նպատակով կիրառելն անթոյլատրելի է: Յետաքննական մեխանիզմները պէտք է անմիջապէս տեղադրւեն»,- ասւած է  յայտարարութեան մէջ: