Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Հայերի թիւն ամբողջ աշխարհում մօտ 11 մլն է. բացի Հայաստանից, հայերն ապրում են աշխարհի շուրջ 102 երկրներում: Հայոց լեզուն օգտագործման առումով աշխարհի 7000 լեզուներից 50-րդն է` հաշւի առնելով ինտերնետը, գրականութիւնը, գիտական աշխատանքները եւ խօսողների թիւը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ` յուլիսի 10-ին բնակչութեան համաշխարհային օրւան ընդառաջ այս մասին յայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկեանը:

«11 մլն հայերի 87 տոկոսն ապրում է 6 երկրում, այսինքն` համաչափ տարածւած է ամբողջ աշխարհում: Քիչ թւով հայեր կան 18 երկրներում` Դոմինիկեան Հանրապետութիւնում` 75 մարդ, Սվազիլենդում` 10 մարդ:  Մասաչուսէթսի տեխնոլոգիական ինստիտուտի տւեալներով` հայերէնով խօսում է մօտ 6-7 մլն իրեն հայ համարող մարդ»,-ասաց Ադիբեկեանը:

Նրա խօսքով` վերջին 10 տարիներին Հայաստանում ամէն տարի ծնւում է մօտ 40,000 երեխայ: Սակայն եթէ նախկինում Հայաստանում քաղաքաբնակները նախատեսում էին ունենալ 2-3 երեխայ, իսկ գիւղաբնակները` 3-4, ապա այժմ թիւը կրճատւել է` դառնալով 1-2: Հայաստանում 5-ից աւելի երեխայ ունի  կանանց 1,3 տոկոսը:  Ծնելիութեան  անկման պատճառը կանանց եւ տղամարդկանց ամուսնութեան տարիքի բարձրացումն է` մօտ 30 տարեկան: Սակայն Ռուսաստանում հայ կինը ծնելիութեամբ 2-րդն է` չեչեններից յետոյ: Ապահարզանների թիւը Հայաստանում մնացել է նոյնը:

«ՄԱԿ-ն ունի կրճատւող, կայուն եւ աճող ազգերի ցուցակ: 2014-ին հայերը յայտնւել էին կրճատւող ազգերի ցուցակում: Սակայն յետոյ, երբ նրանք տեղեկացան, որ հայեր կան շուրջ 105 երկրում, մենք մտանք յաւերժ ազգերի ցուցակի մէջ»,-եզրափակեց Ադիբեկեանը:

Յուլիսի 11-ը ամբողջ աշխարհում նշւում է որպէս երկրագնդի բնակչութեան օր: Տօնի համար հիմք են եղել բնակչութեան թւի մասին ՄԱԿ-ի տւեալները, համաձայն որոնց`  1987-ի յուլիսի 11-ին աշխարհի բնակչութիւնը հատել է 5 միլիարդի սահմանագիծը: