Աղբիւր՝ www.yerkir.am

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակամարտութեան սրացման մասին փաստող վերջին դէպքերը, որոնք, ցաւօք, կրկին մարդկային կորուստների պատճառ դարձան, խիստ մտահոգիչ են մեզ բոլորիս համար, քանի որ մենք հաւատում ենք խաղաղութեան եւ փոխըմբռնման արժէքներին: Այդ առիթով, մենք մեր ցաւակցութիւնն ու զօրակցութիւն ենք յայտնում զոհւածների հարազատներին եւ ընկերներին:

Զահրա Գուլիեւան եւ նրա տատիկը` Սահիբան, Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով գրանցւած վերջին լարւածութեան հերթական զոհերն են: Ադրբեջանի համար սովորական գործելաոճ է դարձել կրակ բացել Լեռնային Ղարաբաղի ուղղութեամբ քաղաքացիական բնակավայրերին շատ մօտ դիրքերից (այդ գործելաոճը մեծապէս քննադատւում է Ժնեւի Կոնւենցիայով, եւ ինքնին համարւում է պատերազմական յանցանք)` վտանգի տակ դնելով սեփական բնակիչներին:

Այս երկու անունները աւելանում են հայ եւ ադրբեջանցի բոլոր այն զոհւած քաղաքացիական եւ զինւորական անձանց ցուցակին, որոնք անդառնալի գին են վճարել միջազգային հանրութեան անտարբերութեան եւ ձախողման հետեւանքով, քանի որ չեն կանխւել Ադրբեջանի զինւած ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:

Անցեալ տարւայ «քառօրեայ պատերազմին» յաջորդող շրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարւեց համաձայնութիւն տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի մոնիթորինգային հնարաւորութիւնների ընդլայնման առաջարկին, ինչի հետեւանքով Ադրբեջանը ոչ միայն ուժեղացրեց իր հակահայկական քարոզչութիւնը եւ մեծացրեց պատերազմի սպառնալիքների ինտենսիւութիւնը` ուղղւած Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դէմ, այլեւ ակտիւացրեց սադրիչ գործողութիւնները: Սա Բաքւի պատասխանն է երկրի ներսում մարդու իրաւունքների խախտումների եւ մամուլի ազատութեան սահմանափակման վերաբերեալ արտաքին քննադատութիւններին եւ ճնշումներին, ինչպէս նաեւ վերջին շրջանում Ադրբեջանի` ահաբեկչական կազմակերպութիւններին զէնք վաճառելու վերաբերեալ տեղեկութիւնների տարածմանը:

Մենք կոչ ենք անում անմիջապէս սաստել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, եւ վերահաստատում ենք մեր այն համոզմունքը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը պէտք է խաղաղ լուծում ստանայ` տեղի ժողովրդի ազատ ինքնորոշման իրաւունքի հիման վրայ: Սա միակ ուղին է` դադարեցնելու երկու կողմերի շրջանում քաղաքացիական եւ զինւորական անձանց յետագայ հնարաւոր մահւան դէպքերը:

Մենք նաեւ կոչ ենք անում Եւրոպական Միութեանը ակտիւօրէն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան լուծմանը` աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին եւ առկախելով քաղաքական համագործակցութիւնը Ադրբեջանի հետ առ այն, քանի դեռ այդ երկիրը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ ոտնահարել մարդու իրաւունքները:

Եւրոպայի խորհրդարանի անդամներ`
Ֆրանկ Էնգել, ԵԺԿ
Ջոսու Խուարիստի, Եւրոպական միացեալ ձախեր/Նորդ ձախ կանաչներ խմբակցութիւն
Պետեր Նիեդերմիւլլեր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն
Եարոմիր Շտետինա, ԵԺԿ
Ժոզեֆ-Մարիա Տէրիկաբրաս, Կանաչներ/Եւրոպական ազատ դաշինք
EuFoA-ի տնօրէն
Դիոգօ Պինտօ