Աղբիւր՝ www.yerakouyn.com

Սիրելի՛ հայրենակիցներ,

Պատմութեան գիրկն է անցնում 2016 թուականը, որը մեր անկախութեան վերականգնման քսանհինգ ամեակի տարին էր: Այն իսկապէս իրադարձութիւններով եւ փորձութիւններով լի ժամանակաշրջան էր:

Ապրիլին տեղի ունեցաւ քառօրեայ պատերազմը: Մարտի դաշտում մեր ժողովուրդը կրկին ապացուցեց, որ իր հաւաքական ուժն անկոտրում է, հայրենիքը պաշտպանելու կամքը` անսասան: Հայաստանի, Արցախի եւ սփիւռքի միասնութիւնը նենգ ու դաւադիր յարձակումներից չի ընկրկելու: Բոլոր փորձութիւններից մենք դուրս ենք գալու աւելի ամրացած:

Թո՛ղ մեր յիշողութեան մէջ 2016 թուականը մնայ որպէս ազգային համախմբման տարի: Անցնող տարում մենք ինքներս մեզ եւ ողջ աշխարհին եւս մէկ անգամ ապացուցեցինք, թէ ինչ ասել է ազգային ոգի, ազատութեան եւ հայրենիքի համար պայքարելու կամք:

Այսպիսի ազգային համաձայնութեամբ թեւակոխում ենք մեր անկախ պետականութեան երկրորդ քսանհինգ ամեակը: Մեր անկախութեան առաջին շրջանը պատերազմ եւ դժուարութիւններ դիմագրաւելու փուլ էր: Այդ ընթացքում կերտեցինք Արցախի ազատամարտի յաղթանակը, դրեցինք հայոց անկախ պետութեան յարատեւութեան հիմքերը:

Ահա այստեղ է իմ լաւատեսութեան աղբիւրը: Նաեւ այստեղ է մեր վաղուայ յաջողութիւնների ակունքը: Աւելի լաւ երկիր կառուցելու հաւատը եւ այն պաշտպանելու կարողութիւնը մեզ արդէն դարձրել են աւելի ուժեղ: Ամէն շաբաթ, ամէն ամիս մենք կատարելու ենք գուցէ եւ փոքր, բայց վստահ քայլ դէպի աւելի լաւ, աւելի արժանապատիւ եւ աւելի բարեկեցիկ ապագայ:

Մենք նոր տարի ենք մտնում մեր ուժերին վստահ: Գալիք 25 տարիները լինելու են վերելքի` աւելի ուժեղ եւ աւելի բարեկեցիկ Հայաստան կերտելու շրջան: Հէնց այդ ոգով մենք ամէն օր առաջ ենք գնալու բոլորիս համար տեսանելի եւ շօշափելի փոփոխութիւններ իրականացնելու ճանապարհով:

Նոր տարի ենք մտնում լուրջ եւ իրատեսական ծրագրերով: Հետեւողական եւ լայնածաւալ փոփոխութիւնների դրական արդիւնքները թէ՛ տնտեսութեան, թէ՛ այլ ոլորտներում մօտ ապագայում զգալու ենք բոլորս: Հաւատում եմ, որ նոր կառավարութեանը դա յաջողուելու է, եւ դա լինելու է բոլորիս յաջողութիւնը:

Եկող տարին վճռորոշ է լինելու մի քանի առումներով: 2017 թուականի գարնանը կայանալու են Ազգային ժողովի ընտրութիւնները: Մեր հասարակութիւնը միասնաբար կարող է կազմակերպել այնպիսի քաղաքական գործընթաց, որին կը վստահի նրա իւրաքանչիւր ներկայացուցիչ: Մեզ անհրաժեշտ են այնպիսի ընտրութիւններ, որպէսզի մեր պետութեան նաւը խուսափի անցեալից յայտնի ստորջրեայ խութերին բախուելուց:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ամանորի տօնական սեղանների շուրջ բոլորս բաժակ ենք բարձրացնում հայոց բանակի համար, այն մարդկանց համար, ովքեր այս պահին ապահովում են մեր խաղաղութիւնը: Նաեւ ոգեկոչում ենք 2016 թուականին ու դրանից առաջ եւ յետոյ անմահացած զինուորների եւ սպաների յիշատակը: Մենք ուժ ենք մաղթում նրանց ընտանիքներին եւ հարազատներին:

Նաեւ առաջարկում եմ բաժակ բարձրացնել մեր նոր սերնդի, մեր երեխաների համար: Նրանք անկախութեան սերունդն են, որն անառիկ է պահում մեր սահմանները: Նրանց շնորհիւ եռագոյնը փողփողում է օլիմպիական խաղերում: Այս սերնդի ներկայացուցիչները համաշխարհային դպրոցական առարկայական օլիմպիադաներից վերադառնում են տասնեակ մեդալներով: Նրանց ստեղծագործական միտքը բացում է աշխարհի ամենաճանաչուած մշակութային եւ գիտական օջախների դռները:

Նրանց կրթութեան եւ աճի համար մենք ոչ մի միջոց չենք խնայելու: Իմ հաստատ համոզմամբ` հէնց այս կերպ ենք ստեղծելու բազմապատիկ աւելի լաւ Հայաստան, քան այժմ ունենք:

Սիրելի՛ բարեկամներ,

Նոր` 2017 թուականին մաղթում եմ ձեզ եւ ձեր ընտանիքներին երջանկութիւն, խաղաղութիւն եւ սէր: Շնորհաւո՛ր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ: