Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Թալիշի վերականգնման արդէն մեկնարկած ծրագրի իրականացման ուղղութեամբ բուռն գործունէութիւն կը ծաւալի նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Այս մասին նշել է ԼՂՀ քաղաքաշինութեան նախարար Կարէն Շահրամանեանը` ընդգծելով, որ այդ որոշումը կայացւել է` առաջին հերթին հաշւի առնելով թալիշցիների կարծիքը:

«Ալաշանում հաստատւած թալիշցիների հետ հանդիպումների ժամանակ հանրապետութեան իշխանութիւնների կողմից առաջարկ է եղել, որ նրանք վերադառնան իրենց գիւղ: Այս առումով տրւել են որոշակի անվտանգութեան երաշխիքներ, եւ արդէն 10-12 հոգի տեղափոխւել են հարազատ գիւղ ու բնակւում են այնտեղ»,- ասել է Կ. Շահրամանեանը:

Անդրադառնալով գիւղում արդէն կատարւած աշխատանքներին` նախարարը նշել է, որ Թալիշում վերականգնւել են բոլոր ենթակառուցւածքները:

«Խօսքը վերաբերում է էլեկտրականութեանը, ջրամատակարարմանը, գիշերային լուսաւորութեանը: Սկսել ենք գիւղի նոր դպրոցի եւ հանդիսութիւների տան վերակառուցման եւ մանկապարտէզի կառուցման նախագծային աշխատանքները:  Շինարարների համար ստեղծւելու են բոլոր պայմանները, որպէսզի մեծ թափով շարունակւեն վերակառուցման աշխատանքները: Նախատեսում  ենք  դպրոցը եւ մանկապարտէզը շահագործման յանձնել սեպտեմբերի մէկից: Թալիշ վերադարձողների համար կը կառուցենք նոր բնակելի տներ կամ հիմնովին կը վերակառուցւեն հները»,- մանրամասնել է Կ. Շահրամանեանը եւ յաւելել, որ գիւղին նոր շունչ կը հաղորդւի:

«Արդեօ՞ք ապահով է Թալիշում բնակութիւն հաստատելը» հարցին ի պատասխան ԼՂՀ քաղաքաշինութեան նախարարն ասել է, որ Մատաղիս գիւղն ու Մարտակերտ քաղաքն  էլ նոյն կարգավիճակում են գտնւում, սահմանից նոյն հեռաւորութեան վրայ են, բայց մարդիկ այնտեղ ապրում են:

«Այն շինութիւնները, որոնք կառուցում ու վերակառուցում ենք, գտնւում են գիւղի համեմատաբար անվտանգ ու ապահով գօտում: Իսկ անվտանգ ապրելու համար մենք այլ միջոցներ էլ ենք ձեռնարկում»,- ասել է քաղաքաշինութեան նախարարը:

Կ. Շահրամանեանի խօսքով, Թալիշի վերականգնմանը  զուգահեռ` Ալաշանում կը շարունակւի ժամանակաւոր բնակավայրին յատուկ պայմանների ստեղծումը, սակայն հիմնական ներդրումներն ուղղւելու են Թալիշին: