Աղբիւր՝ www.asbarez.com

 

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար օրակարգային է դառնում այն, ինչ տարիներ շարունակ հայկական կողմը յայտարարել է՝ պահանջելով Ստեփանակերտի վերադարձը բանակցութիւնների սեղանին»,- «Արմէնփրես»-ի հետ ունեցած զրոյցի ընթացքում յայտնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան նախագահի մամլոյ խօսնակ Դաւիթ Բաբայեանը, ով դիտել է տւել, թէ՝ միջնորդներն եւս յանգում են այն եզրակացութեան, որ առանց Արցախի լիարժէք մասնակցութեան, անկարելի է ակնկալել խնդիրի կարգաւորում:

«Այս մասին յայտարարւել է բազմիցս եւ հիմա տեսնում ենք, որ բոլորն էլ յանգում են այդ մտքին: Եթէ Միացեալ Նահանգների համանախագահը խօսում է այդ մասին, ապա կարելի է որոշակի տեղաշարժեր ակնկալել բանակցութիւններից: Ջէյմս Ուորլիքի գրառումը դիտարկում ենք սկզբունքային եւ կարգաւորման փիլիսոփայութեանը վերաբերող յայտարարութիւն, որը, բնականաբար, Ստեփանակերտում ողջունում են»,- դիտել է տւել Դաւիթ Բաբայեանը։ Նա չի բացառել, որ համանախագահի յայտարարութիւնը Ադրբեջանում ընդունեն սւիններով, եւ բողոքի քայլերը չուշանան. «Նրանք վաղուց են արշաւ ձեռնարկել՝ փոխելու Մինսկի խմբի համանախագահութեան կազմն ու ձեւաչափը եւ չի բացառւում, որ հիմա էլ նման յայտարարութիւններով հանդէս գան: Սակայն, ինչ էլ լինի, Ղարաբաղի մասնակցութիւնը բանակցութիւններին անխուսափելի է: Կը գայ մի պահ, երբ կը վերականգնւի լիարժէք բանակցային գործընթացը: Բոլորն էլ հասկացել են, որ իրավիճակը չի կարող կայունանալ, եթէ Ստեփանակերտը բանակցող կողմ չէ»,- յայտնել է Դաւիթ Բաբայեանը։