Աղբիւր՝ www.yerkir.am

ԱՄՆ Կոլորադօ նահանգի Դենւեր քաղաքի քաղաքապետ Մայքլ Հենքոքը այս տարւայ սեպտեմբերի 21-ը պաշտօնապէս  ճանաչել է որպէս «Հայկական Անկախութեան օր»` հայկական երկու պետութիւնների` Հայաստանի եւ Արցախի համար:

Ինչպէս տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի յանձնախումբը, Հայ դատի ԱՄՆ Արեւմտեան ափի յանձնախմբի ղեկավար Էլեն Ասատրեանը ողջունել է Դենւերի քաղաքապետի որոշումը:

«Արցախի անկախութեան ճանաչմամբ` նահանգը բարձրացրել է մարդու իրաւունքների խնդիրների, այս թւում` Ադրբեջանի կողմից 2016 թւականի ապրիլին հակահայկական պատերազմական յանցագործութիւնների իրականացման առնչութեամբ իրազեկումը: Մենք շնորհակալութիւն ենք յայտնում Հենքոքի վարչակազմին` մարդու համընդհանուր իրաւունքներին աջակցելու, այդ թւում` Արցախի անկախութիւնը ճանաչելու, ինչպէս նաեւ քրիստոնէական ժառանգութիւնը պահպանելու շարունակական պայքարի համար, եւ պաշտպանելու ազատատենչ հայ բնակչութեանը այն բանակից, որը ոչնչացնում է միջնադարեան յուշարձանները, այնպէս, ինչպէս տանջում է քաղաքացիներին ու զինւորներին»,- նշել է Ասատրեանը:

Դենւերի քաղաքապետի ստորագրած հռչակագրում մասնաւորապէս նշւել է, որ ԱՄՆ-ը հազարաւոր աշխատասէր եւ հայրենասէր ամերիկահայերի օրրանն է, որտեղ հաստատւել են տասնամեակներ առաջ:

«Արցախը շարունակում է պայքարը` հայկական ինքնութիւնը պահպանելու, միջնադարեան յուշարձանները պահպանելու, սեփական սահմանները պատերազմական յանցագործութիւններից զերծ պահելու համար»,- նշւել է հռչակագրում` ընդգծելով, որ «Դենւերը շնորհաւորում է հայկական համայնքին` սեփական ժառանգութեանը հաւատարիմ մնալու յանձնառութեան, հայրենիքին նւիրւածութեան, չնայած մարտահրաւէրներին` ժողովրդին ծառայելու մղումների համար»: