Աղբիւր՝ www.yerkir.am

«Խաղաղութեան հիմնադրամը» հրապարակել է «Խոցելի պետութիւնների ինդեքս-2016» ամենամեայ վերլուծական աղիւսակը, որը ներկայացնում է աշխարհի 178 երկրների սոցիալական եւ տնտեսական կայունութեան մակարդակը:

Ըստ զեկոյցի`  ամենախոցելի երկիրը Սոմալին է: Ամենախոցելիների առաջին տասնեակում են նաեւ  Հարաւային Սուդանը, Կենտրոնական Աֆրիկան, Սուդանը, Եմենը, Սիրիան, Չադը, Կոնգոն, Աֆղանստանը, Հաիթին:

Ամենաապահով` քիչ խոցելի երկիրն աշխարհում Ֆինլանդիան է, որ վերջին` 178-րդ հորիզոնականում է:

Ամենաքիչ խոցելիների 10-եակում են Նորւեգիան, Նոր Զելանդիան, Դանիան, Շւեյցարիան, Աւստրալիան, Իռլանդիան, Շւէդիան, Իսլանդիան եւ Կանադան:

Հայաստանը 109-րդ հորիզոնականում է (նախազգուշացւող երկրների շարքում),եւ, փաստօրէն,տարածաշրջանում լաւագոյն դիրքն է զբաղեցնում:

Ադրբեջանն 85-րդ հորիզոնականում է, Թուրքիան` 79-րդ: Վրաստանը զբաղեցնում է 73-րդ հորիզոնականը, Իրանը` 47-րդ:

Ռուսաստանը խոցելիների թւում 65-րդն է:

Ուսումնասիրութեան ընթացքում հաշւարկւում են ռազմական, սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կայունութեան 12 ցուցանիշները, այդ թւում` փախստականների եւ ներքին տեղահանութեան ենթարկւածների հարցը, անհաւասար  տնտեսական զարգացումը, աղքատութեան մակարդակը, իշխանութիւնների լեգիտիմութիւնը, հանրային ծառայութիւնների որակը, մարդու իրաւունքների ու օրէնքի պահպանումը, արտաքին միջամտութիւնները: