Աղբիւր՝ www.yerkirmedia.am

Ռուսաստանը պատրաստի որոշումներ չի պարտադրում ԼՂ հակամարտութեան կողմերին, այդ հարցում հաւասարակշռւած փոխզիջում է հարկաւոր Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ. այս կարծիքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը յայտնել է ադրբեջանական «Ազերթաջ» պետական լրատւական գործակալութեանը տւած հարցազրոյցում:

«Ցանկանում եմ յատկապէս ընդգծել, որ մենք բնաւ չենք փորձում Ադրբեջանին եւ Հայաստանին պարտադրել ինչ-ինչ պատրաստի դեղատոմսեր: Կողմերն իրենք պէտք է համաձայնութեան գան, առանց արտաքին ճնշման, գտնեն փոխընդունելի լուծում, սա է մեր հաստատ դիրքորոշումը»,-ասել Է Ռուսաստանի ղեկավարը:

Պուտինի խօսքով` փոխզիջման հասնելը նախատեսում է օպտիմալ հաւասարակշռութիւն գտնել տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքների միջեւ:

«Մենք մեզ լիովին հաշիւ ենք տալիս այն բանում, թէ ինչ պատասխանատւութիւն է ընկած Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարութեան ուսերին: Կարգաւորման վերջնական նպատակը պէտք է դառնայ այնպիսի համաձայնութեան հասնելը, որի դէպքում կողմերից ոչ մէկը յաղթած կամ պարտւած չի լինի, զիջումները լինեն փոխադարձ, կողմերից իւրաքանչիւրի օգուտները հանրային կարծիքի համար պարզ լինեն թէ՛ Ադրբեջանում, թէ՛ Հայաստանում»-ընդգծել է նա:

Պուտինը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել հիմնախնդրի լուծման այն տարբերակը, որը կը բաւարարի հակամարտութեան մէջ ներքաշւած բոլոր կողմերին, միւս միջնորդների հետ միասին հանդէս գալ որպէս կարգաւորման երաշխաւոր:

Նրա խօսքով` ՌԴ-ն անկեղծօրէն շահագրգռւած է, որ խաղաղութիւնն ու հանգստութիւնը վերադառնան հարեւան տարածաշրջան, որպէսզի այնտեղ այլեւս չզոհւեն մարդիկ, բացւեն սահմանները, վերականգնւեն տնտեսական կապերը:

«Դրա համար անում ենք հնարաւոր ամէն ինչ»,-ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը յիշեցրել է, որ 1994 թւականի մայիսին Մոսկւայի ուղղակի աջակցութեամբ ստորագրւեց հրադադարի համաձայնագիր, որը մինչ այժմ զինադադարի հիմքն է, իսկ 2008 թւականին ընդունւեց Մոսկւայի հռչակագիրը, որում հաստատւեց, որ հակամարտութեան կարգաւորումը պէտք է ձեռք բերւի միայն քաղաքական ճանապարհով: Դա ԼՂ հակամարտութեան կարգաւորման վերաբերեալ առաջին եւ առայժմ միակ փաստաթուղթն է, որն ստորագրել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները, հաղորդել է ՏԱՍՍ գործակալութիւնը: