Աղբիւր՝ www.mindiaspora.am

Օգոստոսի 5-ին ՀՀ սփիւռքի նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնեանը հանդիպեց «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի երգչախմբային արւեստի օրերին մասնակցելու նպատակով Սփիւռքից ժամանած երգչախմբերի ղեկավարների, ներկայացուցիչների եւ անհատ կատարողների հետ:

ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի անունից ողջունելով փառատօնի մասնակիցներին` Ս. Սրապիոնեանը նշեց. «Շնորհակալ ենք, որ ընդունեցիք մեր հրաւէրը եւ այսօր մասնակցում էք փառատօնին: Համայնքներում կատարած ձեր հայապահպան գործունէութիւնն արժանի է ամենամեծ դրւատանքին: Երգը ժողովրդի սրտի խօսքն է: Մեր երգը ներկայացնելով օտար երկրներում` դուք ոչ միայն նպաստում էք մատաղ սերնդի հայեցի դաստիարակութեանը, այլեւ հայ երգը դուրս էք բերում միջազգային հարթակներ, բեմեր: Իսկ Հայրենիքում ձեր ելոյթները իւրովի հաշւետւութիւններ են` կատարած եւ կատարւող աշխատանքների մասին»:

Եգիպտոսի «Արաքս» երգչախմբի խմբավար Միհրան Ղազելեանը նշեց, որ նախորդ փառատօնին իրենց մասնակցութիւնն աննախադէպ ոգեւորութիւն էր առաջացրել մասնակիցների շրջանում, որի արդիւնքում մասնակցելով Կահիրէում անցկացւող երգի մրցոյթներին, «Արաքս»-ին յաջողւել է գրաւել պատւաւոր մրցանակային տեղեր: «Բացի այդ, Արցախի ապրիլեան պատերազմի ժամանակ երգչախմբի անդամներն ու նրանց մտերիմները դրամահաւաք կազմակերպեցին եւ գումարը փոխանցեցին զոհւածների ընտանիքներին»,- յաւելեց նա:

Նշենք, որ «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնն անցկացւում է Հայաստանի Հանրապետութեան նախագահի բարձր հովանու ներքոյ: Երգչախմբային արւեստի օրերի հանդիսաւոր բացումը տեղի կունենայ օգոստոսի 5-ին, ժ.19:00-ին Արամ Խաչատրեանի անւան մեծ համերգասրահում: