Աղբիւր՝ www.mindiaspora.am

Օգոստոսի 5-ին Արամ Խաչատրեանի անւան մեծ համերգասրահում տեղի ունեցաւ Հայաստանի անկախութեան 25-ամեակին նւիրւած «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի` երգչախմբային արւեստի օրերի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին Ռուսաստանի, Վրաստանի, Լիբանանի, Եգիպտոսի, Էստոնիայի, Սիրիայի, Իրանի, Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի երգչախմբերը:

Առաջինը բեմահարթակը տրամադրւեց Ռուսաստանի «Շողեր» երգչախմբին, որին յաջորդեցին Վրաստանի «Ներսէս Շնորհալի», Արթիկի մանկական, Լիբանանի «Այգ» երիտասադական, Արցախի «Վարանդա», Եգիպտոսի «Արաքս», Էստոնիայի «Երազանք», Սիրիայի «Ովսաննա», Իրանի «Տաթեւ», Վանաձորի կամերային երգչախմբերի, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան «Զօրական» անսամբլի ելոյթները:

Համերգային ծրագիրն իր ելոյթով եզրափակեց Հայաստանի պետական ազգային ակադեմիկան երգչախումբը: Գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր Յովհաննէս Չէքիջեանի խմբավարութեամբ կատարւեց Կոմիտասի «Կալի երգը», որից յետոյ բեմ բարձրացան միջոցառման մասնակից բոլոր երգչախմբերը եւ միասին կատարեցին Ալեքսանդր Յարութիւնեանի «Հայրենիքիս հետ» երգը:

Համերգի աւարտին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի անունից մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց նախարարի տեղակալ Սերժիկ Սրապիոնեանը. «Սիրելի հայրենակիցներ,  ողջունում ենք ձեզ Հայրենիքում: Ուրախ ենք ձեր աչքերում տեսնել այսքան մեծ ոգեւորութիւն, բարո՛վ էք եկել: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների անկախութեան 25-ամեայ յոբելեաններին նւիրւած փառատօնը Հայրենիքում նոր ուժ եւ հոգեւոր սնունդ ստանալու հնարաւորութիւն է ընձեռում ձեզ: Հայաստանում ձեր ելոյթները ոչ միայն տաղանդն ու գիտելիքները ներկայացնելու, լայն ճանաչում ձեռք բերելու, միմեանց հետ աւելի սերտօրէն յարաբերւելու հնարաւորութիւն են, այլեւ` կատարած հայրենանւէր աշխատանքի իւրօրինակ հաշւետւութիւն»:

Երգչախմբային արւեստի օրերը կանցկացւեն օգոստոսի 5-10-ը Հայաստանի մարզերում եւ Երեւանում: