Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՀՐԱՁԳՈՒԹԵԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՈՎ ԶԻՆՒԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՑ ԵՐԿՈՒՍԸ ՎԻՐԱՒՈՐՒԵԼ ԵՆ

Յուլիսի 25-ի երեկոյեան, ժամը 20.00-ից մինչեւ կէսգիշերն ընկած ժամանակահատւածում, ՊՊԾ գնդի տարածքում գտնւող զինւած խմբի անդամները նախ այրել են գնդի տարածքից դուրս, փողոցում կանգնած ոստիկանութեան աւտոբուսը, ապա գնդի տարածքից փողոց են դուրս բերել ու այրել եւս երկու աւտոմեքենայ: Այս մասին յայտնում է Ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Աշոտ Ահարոնեանը:

«Այդ ընթացքում գնդի տարածքից պարբերաբար արձակւել են կրակոցնէր:

Ժամը 01.00-ի սահմաններում գնդի տարածքից դուրս է եկել ոստիկանութեան «ՈՒԱԶ» մակնիշի աւտոմեքենան ու շարժւել ոստիկանութեան Էրեբունու բաժնի ուղղութեամբ` դէպի արգելապատնէշում կանգնած ոստիկանական շղթան: Մեքենան ընդհուպ մօտեցել է շղթային, ինչից յետոյ իրաւապահները մեքենայի ընթացքը կասեցնելու եւ դրանում գտնւող զինւած անձանցից անմիջականօրէն բխող իրական վտանգը կանխելու համար, կրակ են բացել մեքենայի շարժիչի վրայ: Մեքենան ձախ կիսաշրջադարձ է կատարել, հնչել են կրակոցներ, որից յետոյ իրաւապահները կրակ են բացել մեքենայի անւադողերի ուղղութեամբ: Ի պատասխան` հնչել են կրակոցներ, որոնց իրաւապահները չեն պատասխանել:

Հրաձգութեան հետեւանքով մեքենայում գտնւող երեք անձանցից երկուսը ոտքերի վնասւածքներ են ստացել եւ նահանջել գնդի տարածք:

Իրաւապահները անմիջապէս բուժօգնութիւն են կանչել եւ առաջարկել վիրաւորներին տեղափոխել հիւանդանոց, ինչին զինւած խմբի անդամները համաձայնել են: Ներկայումս երկու վիրաւորներն էլ գտնւում են հիւանդանոցում եւ ստանում են անհրաժեշտ բժշկական օգնութիւն: Վիրաւորւած անձինք են` Աշոտ Պետրոսեանն ու Յովհաննէս Յարութիւնեանը»,- ասւում է տարածած հաղորդագրութեան մէջ:

Նշենք նաեւ, որ աւելի վաղ «Հիմնադիր խորհրդարանն» էր տարածել «Սասնայ ծռեր» խմբի հաղորդագրութիւնը, որում ասւում էր, որ գիշերը, ժամը 2-ի սահմաններում, տարածքին յարակից ոստիկանական պատնէշից կրակ են բացել, որի հետեւանքով ոտքերից վիրաւորւել են խմբի երկու անդամները:

Խումբը յայտնել է նաեւ մէկ այլ միջադէպի մասին: Առաւօտեան, ժամը 7-ի սահմաններում, Արթուր Սարգսեանը, իր անձնական օգտագործման մեքենան ամբողջութեամբ բեռնել է սննդով եւ ճեղքելով ոստիկանական արգելապատնէշը, հասել ՊՊԾ տարածքի մուտքի մօտ: Ոստիկանները կրակ են բացել Արթուրի մեքենայի վրայ, սակայն նա վնասւածքներ չի ստացել:

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ԶԻՆՒԱԾ ԽՄԲԻ ԱՆԴԱՄՆԵՐ ԱՇՈՏ ՊԵՏՐՈՍԵԱՆԸ ԵՒ ՅԱՐՈՒԹԻՒՆ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ ԿԱԼԱՆԱՒՈՐՒԵԼ ԵՆ

Զինւած խմբի վիրաւոր անդամներ Աշոտ Պետրոսեանի եւ Յարութիւն Յովհաննիսեանի նկատմամբ որպէս խափանման միջոց ընտրւել է կալանաւորումը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Աշոտ Պետրոսեանի շահերի պաշտպան, փաստաբան Մերի Ալավերդեանը նշեց, որ կալանաւորման վերաբերեալ միջնորդութիւնը բաւարարել է Կենտրոն վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարանը:

Նրանց մեղադրանք է առաջադրւել Քրէական օրէնսգրի 219 յօդւածի 3-րդ մասի 1-ին կէտով (Կազմակերպւած խմբի կողմից`շէնքէր, շինութիւններ, տրանսպորտի, հաղորդակցութեան կամ կապի միջոցներ զաւթելը) եւ 235-րդ յօդւածի 3-րդ մասով (Կազմակերպւած խմբի կողմից` ապօրինի կերպով զէնք, ռազմամթերք, պայթուցիկ նիւթեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):

 

Աղբիւր՝ www.yerkirmedia.am

ՊՊԾ ԳՆԴԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹԻՒՆ Է ԵՂԵԼ, ՊԱՒԵԼ ՄԱՆՈՒԿԵԱՆՆ ՈՒ ՆՐԱ ՈՐԴԻՆ ՎԻՐԱՒՈՐ ԵՆ

ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը լարւել է: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել ՀՀ ոստիկանութեան հասարակայնութեան հետ կապերի եւ լրատւութեան վարչութեան պետ Աշոտ Ահարոնեանը:

Իրաւապահներին են յանձնւել զինւած խմբի անդամներ Գագիկ Եղիազարեանն ու Արամ Յակոբեանը:

«Տեղի է ունեցել փոխհրաձգութիւն, որի հետեւանքով վիրաւորւել է իրաւապահներից մէկը, ինչպէսեւ Պաւել Մանուկեանն ու նրա որդի Արամը:

Երեքն էլ անմիջապէս տեղափոխւել են հիւանդանոց:

Այս պահին հրաձգութիւնը դադարել է եւ ընթանում են բանակցութիւններ` զինւած անձանց յանձնւելու գործընթացը աւարտին հասցնելու համար»,- գրում է Ահարոնեանը: