Աղբիւր՝ www.mindiaspora.am

Յուլիսի 22-ին Ալ.Սպենդիարեանի անւան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում պարարւեստի օրերի մեկնարկով տեղի ունեցաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-ամեակին նւիրւած «Իմ Հայաստան» փառատօնի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որն անցկացւում է ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքոյ:

Հայաստանի Հանրապետութեան հիմնից յետոյ Գերաշնորհ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանը Տէրունական աղօթքով օրհնեց փառատօնի մասնակիցներին եւ հիւրերին:

ՀՀ Նախագահի ողջոյնի ուղերձը ներկայացրեց Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը:

Պարուսոյց Սուրէն Խաչատրեանն ընթերցեց Հայոց բանակում ներկայումս ծառայող իր սանի նամակը, որտեղ նա ողջունում էր «Իմ Հայաստան» փառատօնի մասնակիցներին եւ յոյս յայտնում, որ երկու տարի յետոյ անպայման կը մասնակցի փառատօնին:

Ցուցադրւեց «Իմ Հայաստան-2014» տեսաֆիլմը:

Ելոյթ ունեցան  փառատօնին մասնակցելու համար աշխարհի 25 երկրներից ժամանած 48 պարախմբերը` Բոստօնի «Սայեաթ-Նովա», Բուենոս Այրեսի «Մասիս», Մոսկւայի «Կիլիկիա», «Վարդավառ», «Հայասա», Սանկտ Պետերբուրգի «Նաիրի», Ապշերոնսկի «Ուրարտու», Կրասնոդարի «Արմաւիր», «Նարեկ», Թբիլիսիի «Անի», «Վանք», «Տարօն»,  Ստաւրոպոլի «Նայիրի», Դոնի Ռոստովի «Արփի», «Հայաստանի փայլեր», «Զւարթնոց», Թեհրանի «Զարթօնք», Սոչիի «Լոո», Կալուգայի «Տաշիր», Ջաւախքի «Վաչիան», «Բարալեթ», Արմաւիրի «Արարատ», Մայկոպի «Նայիրի» եւ «Վարդանանք», Գելենջիկի «Նուռ եւ Անի», Խարկովի «Արաքս», Աթէնքի «Աւետիս», Սպահանի «Կռունկ», «Էրեբունի», Բէյրութի Համազգայինի «Քնար», Ֆիլադելֆիայի Համազգայինի «Մեղրի», Նիւ Ջերսիի Համազգայինի «Նայիրի» պարախմբերը, Արցախի պարի պետական անսամբլը:

Փառատօնի մասնակիցներին իրենց կատարումներով ողջունեցին երգիչներ Գէորգ Հաճեանը, Արսէն Գրիգորեանը, Մասիս Մինասեանը:

Այնուհետեւ բեմում յայտնւեցին 25-ամեայ 25 երիտասարդներ, որոնցից իւրաքանչիւրը մէկ հակիրճ նախադասութեամբ ներկայացրեց 25 տարիների ընթացքում Անկախ Հայաստանի` իր պատկերացմամբ հիմնական նւաճումները:

Փառատօնի բացման աւարտին մասնակիցներին ողջունեց ու բարի երթ մաղթեց ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը. «Իմ Հայաստան» համահայկական փառատօնի սիրելի մասնակիցներ, Սփիւռքից ժամա֊նած թանկագին քոյրեր եւ եղբայրներ,  ջերմութեամբ ու սիրով ողջունում եմ ձեզ Հայրենիքում եւ շատ ուրախ եմ, որ մեծ ոգեւորութեամբ էք եկել մասնակցելու մշակութային եզակի այս փառատօնին, որին պատրաստւել էք մօտ երկու տարի:

Աշխարհի տարբեր անկիւններում պարտադրանքով հանգրւանած հայն իր ինքնութեան պահպանման համար Հայաստանի հողի ընդերքից սնունդ եւ ուժ առնելու անհրաժեշտութիւն ունի: Հող հայրենին իմաստաւորւում է նաեւ մշակոյթով, լեզւով ու հաւատքով, որոնք ամրութիւն եւ ոգի են հաղորդում իւրաքանչիւրիս: 

Մշակոյթը մեր դէմքն է, հայի անձնագիրն աշխարհում, եւ չափազանց մեծ է խորհուրդն այն բանի, որ «Իմ Հայաստան» համահայկական փառատօնը հիւրընկալում է 25 երկրից ժամանած մեր հայրենակիցներին, քանզի մենք այն նւիրել ենք Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւնների անկախութեան 25-ամեայ յոբելեաններին: Առանձ֊նակի շնորհակալութիւն եմ յայտնում ձեզ, որ ձեր ազատ ժամանակը լցնում էք արւեստով, հաւատարիմ էք մնում ձեր մշակոյթին: Հիացմունքս եւ երախտագիտութիւնս եմ յայտնում նաեւ մեր պարուսոյցներին, խմբավարներին, արւեստի ուսուցիչներին:

Բարի երթ ձեզ, ստեղծագործական թռիչք եւ բարձունք` ի նպաստ Հայրենիք-Սփիւռք մշակութային գործակցութեան ամրապնդման եւ Հայաստանի զօրացման, հայ ժողովրդի բարօրութեան ու լուսաւոր, գունեղ ապագայի:

ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը միշտ սպասում է ձեզ, միշտ պատրաստ է բոլոր հարցերում զօրավիգ լինել եւ համատեղ տօնել ձեր բոլոր յաջողութիւնները:

Վստահ եմ, որ երեք ամիս շարունակ «Իմ Հայաստան» փառատօնը ոչ միայն Հայաստանում, Արցախում, այլեւ Սփիւռքում ոգեւորելու, ջերմացնելու է հազարաւոր մարդկանց սրտեր»:

Փառատօնի նպատակն է աջակցել Հայաստան-Սփիւռք, Սփիւռք-Սփիւռք կապերի ամրապնդմանը եւ համագործակցութեան հնարաւորութիւնների ընդլայնմանը, Սփիւռքում հայ մշակութային ինքնութեան պահպանմանն ու զարգացմանը, Հայրենիքի եւ Սփիւռքի երիտասարդ ստեղծագործողների միջեւ մշակութային կապերի խորացմանը, նոր նախա֊գծերի մշակմանը:

Փառատօնին մասնակցութեան 110 յայտ են ներկայացրել աշխարհի 25 երկրից 1429 մասնակից, այդ թւում 48 պարախումբ,  11 երգչախումբ եւ գործիքային համոյթ, 54 անհատ կատարող: Պարախմբերից, երգչախմբերից եւ անհատ կատարողներից 72-ը փառատօնին մասնակցում են առաջին անգամ:

Նշենք, որ պարարւեստի օրերը կը տեւեն 10 օր: Երգչախմբային արւեստի օրերը կը սկսւեն օգոստոսի 5-ին եւ կաւարտւեն օգոստոսի 10-ին: Դուդուկի եւ հայկական այլ նւագարանների օրերը նախատեսւած են սեպտեմբերի 21-ից 25-ը: Սեպտեմբերի 26-ին՝ Կոմիտասի ծննդեան օրը, կատարողները աւանդաբար հանդէս կը գան հայկական ստեղծագործութիւնների կատարումներով:  Փառատօնի  շրջանակներում սեպտեմբերի 28-ին տեղի կունենայ նաեւ 100+1 համերգային ծրագիրը` նւիրւած Հայոց Ցեղասպանութեան տարելիցին: Խմբերը ելոյթ կունենան Շիրակի, Լոռւայ, Արագածոտնի,  Արարատի,  Գեղարքունիքի, Արմաւիրի, Կոտայքի, Վայոց Ձորի, Տաւուշի մարզերում, ինչպէս նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնում: Փառատօնի շրջանակներում կանցկացւեն նաեւ վարպետութեան դասեր սփիւռքից ժամանած պարուսոյցների համար: