Աղբիւր՝ www.mindiaspora.am

Յուլիսի 22-ին, «Իմ Հայաստան» համահայկական 3-րդ փառատօնի բացմանն ընդառաջ, ՀՀ Սփիւռքի նախարարը հանդիպեց աշխարհի 12 երկրից ժամանած 42 հայկական պարախմբերի գեղարւեստական ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ:

Նախարար Հրանուշ Յակոբեանը ողջունեց ներկաներին  եւ նշեց. «Ուրախ ենք ընդունել ձեզ Հայրենիքում: Սփիւռքում գործող իւրաքանչիւր պարախումբ հայապահպանութեան իրական օջախ է, եւ մենք ամէն բան պէտք է անենք նրանց գործունէութիւնը, վերելքը ապահովելու համար: Փառատօնը հնարաւորութիւն է տալիս ոչ միայն ներկայացնել ձեր ձեռքբերումներն ու տաղանդը մայր Հայաստանում, այլեւ ծանօթանալ ու բարեկամանալ միմեանց հետ: Իսկ մեր ուժը համայն հայութեան միասնութեան մէջ է»:

Նախարարն ընդգծեց, որ Սփիւռքում գործող մեր մշակութային խմբերի համար փառատօնի շրջանակներում կազմակերպւած վարպետութեան դասընթացները հմտութիւնների  կատարելագործման եւ նորանոր գիտելիքների ձեռքբերման փայլուն հնարաւորութիւն են:

«Գնահատելի է, որ տարեցտարի Սփիւռքի աւելի ու աւելի շատ համայնքներ են ցանկութիւն յայտնում մասնակցել «Իմ Հայաստան» փառատօնին, ինչը վկայում է այն մասին, որ   վայելում ենք մեր հայրենակիցների վստահութիւնն ու սէրը: Բարի երթ եւ փայլուն ելոյթներ եմ մաղթում բոլորիդ», - նշեց նախարարը:

Այնուհետեւ շնորհակալական խօսքով հանդէս եկան Ռուսաստանի Արմաւիր քաղաքի «Արմաւիր» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ պարուսոյց Էդգար Թոխեանը, Աթէնքի «Աւէտիս դանս» պարախմբի գեղարւետսական ղեկավար եւ պարուսոյց Շուշանիկ Սեմերջեանը, Ջաւախքի «Վաչիան» պարախմբի գեղարւեստական ղեկավար Նասլեթ Քեյեանը, Թեհրանի «Զարթօնք» պարախմբի տնօրէն Լորետա Աւետիսեանը, Սպահանի «Կռունկ» պարախմբի գեղարւեստական ղեկավար Քարմէն Ղեւեանը եւ «էրեբունի» պարախմբի տնօրէն Զարենուշ Աղուրեանը:

Պարախմբերի ղեկավարները նշեցին, որ Հայրենիքում մշտապէս զգում են նախարար Հրանուշ Յակոբեանի, նախարարութեան աշխատակիցների եւ հայ հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, ոգեւորութիւնը:

Հանդիպման մասնակիցները համոզմունք յայտնեցին, որ 2016թ. «Իմ Հայաստան» փառատօնի համերգները, որոնք տեղի են ունենալու Երեւանում, Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախում, նոյնպէս կանցնեն բացառիկ ջերմ մթնոլորտում: