Աղբիւր՝ www.yerkir.am

Մարդու իրաւունքների միջազգային ֆեդերացիան գնահատական է տւել ապրիլի սկզբին Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ խաղաղ բնակիչների եւ զինծառայողների դէմ գործողութիւններին:

«Վերջին 30 տարում տարածաշրջանի ամենակործանարար կոնֆլիկտը Ղարաբաղեան հակամարտութիւնն է, որ շարունակում է խլել մարդկանց կեանքեր»,- այս մասին ասւում է FIDH-ի յայտարարութիւնում:

Ըստ միջազգային կառոյցի` կոնֆլիկտը բաւարար ուշադրութեան չի արժանանում միջազգային հանրութեան կողմից: Յայտարարութիւնում նշւում է, որ խաղաղ բնակիչների ու քաղաքացիական օբյեկտների վրայ  յարձակումները  միջազգային իրաւունքի խախտում են:

FIDH-ն առանձնացնում է ադրբեջանցի զինծառայողների կողմից 3 տարեցների  սպանութիւնն ու խոշտանգումը, ինչպէս նաեւ զինւոր Քեարամ Սլոյեանի գլխատումը:

Ընդգծւում է, որ  ազգութամբ եզդի Քեարամ Սլոյեանի` կտրւած գլխի լուսանկարը  տեղադրւել է սոցցանցերում` ներկայացւելով որպէս յաղթական աւար:

Յիշատակւում են նաեւ միւս 2 գլխատւած զինւորները:

Յայտարարութեան մէջ նշւում է, որ այս ամէնը ռազմական յանցագործութիւն է:

«Սպանւածների մարմինների խոշտանգումը միջազգային մարդասիրական իրաւունքի խախտում է»,- յայտարարում է միջազգային կազմակերպութիւնը: