Աղբիւր՝ www.asbarez.com

 

«Akhaltskha.Net».– 5 յունւարին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցումով ընդունել է ինքնակառավարման մարմինների վերաբերեալ նոր օրինագիծը, որի համաձայն, միայն այն քաղաքները, որոնք նկատւում են շրջանային կենտրոններ պիտի ունենան ինքնակառավարման կարգավիճակ:

Ինքնակառավարման իրաւունք ստացած քաղաքների կարգում է նաեւ Սամցխէ–Ջաւախք տարածաշրջանի կենտրոնը նկատւող Ախալցխա քաղաքը, որտեղ ներկայ դրութեամբ հայերը կազմում են մօտ 40 տոկոս:

Նոր օրինագծի համաձայն՝ քաղաքապետի պաշտօնը Ախալցխայում դառնում է ընտրովի:

Սկզբնական հանգրւանում ինքնակառավարման քաղաքների վերաբերեալ օրէնքի նախագիծը մշակւել էր աւելի ժողովրդավար սկզբունքներով եւ ենթադրւում էր աւելի լայն ինքնակառավարման իրաւունքի շնորհում շրջաններին: Օրինագծի նախնական մշակման եւ քննարկման հանգրւանում ենթադրւում էր, որ աւելի մեծ թւով քաղաքներ ստանան ինքնակառավարման իրաւունք, սակայն Վրաստանի պատրիարքի խիստ յայտարարութիւնից յետոյ, որի մէջ նա վտանգաւոր նկատեց այս մէկը ազգային փոքրամասնութիւններով բնակեցւած շրջանների համար, տւեալ օրինագիծը վերանայւեց։ Իբրեւ հետեւանք՝ ենթադրաբար Սամցխէ-Ջաւախքի հայաշատ Ախալքալաքը զրկւեց ինքնակառավարման քաղաքի իրաւունքից: