Աղբիւր՝ www.yerakouyn.com

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իկոր Պոպովը (Ռուսաստան), Ժաք Ֆորը (Ֆրանսա) եւ Ճէյմս Ուորլիքը (ԱՄՆ) ծրագրում են յառաջիկայ շաբաթներում այցելել տարածաշրջան` Հայաստանի եւ Ադրբէյջանի նախագահների հետ շարունակելու բանակցութիւնները Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ուղղութեամբ:

Նրանք յունւարի 24-ին Փարիզում հանդիպել են Հայաստանի արտաքին գործոց նախարար Էդւարդ Նալբանդեանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեգեարովի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Քասբրչիկը:

Հանդիպման արդիւնքներով համանախագահները տարածել են յայտարարութիւն: Նախարարները եւ համանախագահները քննարկել են խաղաղութեան գործընթացն առաջ մղելու հիմնարար սկզբունքները` նոյեմբերի 19-ին Վիեննայում բարձր մակարդակով բանակցութիւնների եւ նրան յաջորդած ԱԳ նախարարների դեկտեմբերի 5-ի Քիեւի հանդիպման արդիւնքների հիման վրայ: Նախարարները պատրաստակամութիւն են յայտնել շարունակել աշխատանքը՝ խաղաղ, բանակցային լուծում գտնելու ուղղութեամբ:

Դեսպան Քասբրչիկը համանախագահներին ներկայացրել է սահմանի վրայ վերջին զարգացումները: Համանախագահները խոր մտահոգութիւն են արտայայտել տարածաշրջանում հրադադարի շարունակական խախտումներոի առնչութեամբ եւ ընդգծել են, որ վերջին զարգացումները ստւերի տակ են առնում բանակցային գործընթացը եւ վտանգում են խաղաղութեան հեռանկարը: Նրանք կողմերին կոչ են ուղղել լիարժէք եւ անվերապահօրէն յարգելու հրադադարի համաձայնագրի պահանջները: