Աղբիւր՝ Հայելի կայքէջ

Անահիտ Աբադը պատրաստւում է էկրան բարձրացնել Իրանի պատմութեան առաջին հայկական ֆիլմը:

Անահիտ Աբադի «Քարվաճառ» լիամետրաժ ֆիլմը ստանալով մշակոյթի նախարարութեան համապատասխան գրասենեակից նկարահանման արտօնագիր՝ անցել է նկարահանման նախապատրաստական աշխատանքների, այս մասին գրում է «Ալիք» օրաթերթը:

Արտօնագրի հաստատման կապակցութեամբ Անահիտ Աբադը պարզաբանել է, որ ֆիլմի պատրաստման յայտը նախարարութիւն էր ներկայացւել դեռ սրանից երկու տարի առաջ, սակայն ժամանակի պատասխանատուների ցուցաբերած զուտ անձնական մօտեցումների պատճառով՝ արտօնագիրը մնաց օդում կախւած: Այս մասին ռեժիսորը մէջբերելով վերոնշեալ անձանց տւած բանաւոր պատասխանը, նշել է, որ «Խանէյէ սինեմա»-ի արգելափակմանը յաջորդած դէպքերը ու տարաձայնութիւնները, որի ակտիւիստներից էր ինքը, հանդիսացել են արտօնագրի ձգձգման հիմնական պատճառ:

Ինչպէս գրում է աղբիւրը, «Քարվաճառ» ֆիլմը, որը պատմում է Արցախեան պատերազմի մասին, ամբողջապէս նկարահանւելու է Հայաստանում, որի նկարահանման գործընթացը նախատեսւած է աւարտին հասցնել 50-ից 60 օրւայ ընթացքում:

«Քարվաճառ»-ի պատրաստման համար անհրաժեշտ բիւջէի խնդրի շուրջ խօսելով Աբադը ասել է, որ այն կիսով չափ յանձն է առել ֆիլմի պրոդիւսեր՝ Թաղի Ալիղուլիզադէն, իսկ միւս կէսի հայթայթման համար պաշտօնական ձեւակերպմամբ դիմում է ներկայացւում հայկական կենտրոններին ու ազգային բարերարներին, որոնք սակայն դեռ մնում են անպատասխան:

Անահիտ Աբադը կինոյի ասպարէզում ունեցած իր 20-ամեայ գործունէութեամբ ճանաչւած անուն է համարւում, յատկապէս՝ Իրանի վաւերագրական ֆիլմերի ոլորտում: Նա որպէս գլխաւոր տնօրէն եւ համադրող համագործակցել է կինոյի մեծ ռեժիսոսների հետ:

Նաեւ նրա շնորհիւ հնարաւոր եղաւ բացայայտել Ադրբեջանի կողմից Ջուղայի խաչքարերի ոչնչացումը: