Ռոհանի.- «ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԵԱՆ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԸ ՍՏԵՂԾՒԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՒՈՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ»

Աշխատանքային այցով օգոստոսի 4-ին Թեհրան էր ժամանել Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգսեանը՝ մասնակցելու Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը:

Օգոստոսի 5-ի առաւօտեան ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպեց ԻԻՀ նորընտիր նախագահ Ռոհանիի հետ:

Ըստ Իրանի Իսլամական Հանարպետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանի, «Նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալութեան արարողութեանը մասնակցելուց յետոյ՝ տրւեց պաշտօնական ընթրիք՝ հրաւիրեալ հիւրերի պատւին՝ նախագահ Ռոհանիի անունից: Օգոստոսի 5-ի առաւօտեան արդէն տեղի ունեցաւ երկու նախագահների՝ Սարգսեան-Ռոհանի հանդիպումը, որը բովանդակային առումով բխում էր՝ երկկողմ յարաբերութիւնների տրամաբանութիւնից, որակից եւ պրն. Ռոհանին յոյս յայտնեց, որ նոր կառավարութեան ձեւաւորումից յետոյ՝ յարաբերութիւնների զարգացման եւ համագործակցութեան ընդլայնման համար կը ստեղծւեն անհրաժեշտ բոլոր հնարաւորութիւնները: Նորընտիր նախագահի տրամադրւածութիւնը, բնականաբար, Հայաստանի հանդէպ կարելի է շատ բարձր գնահատել՝ ելնելով հանդիպման ընթացքում շեշտադրումներից եւ հանդիպման ջերմ մթնոլորտից»,- եզրափակեց պրն. դեսպանը:

Հանդիպումից անմիջապէս յետոյ՝ ՀՀ նախագահը եւ նրան ուղեկցող պատւիրակութիւնը վերադարձան Հայաստան:

Քաղւած «Ալիք» օրաթերթից