Երեքշաբթի՝ 16 յուլիս 2013 թւականին, Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-Իրան գործարար համաժողով, որը կազմակերպել են Թեհրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատը եւ Իրան-Հայաստան առեւտրական պալատը՝ Հայաստանի Զարգացման հայկական գործակալութեան (ԶՀԳ) հետ համատեղ: Ելոյթներով հանդէս կը գան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աւանէսեանը, Թեհրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Եահիա Ալէ-Էսհաղը, Հայաստանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն Արայիկ Վարդանեանը, «Արաս» ազատ առեւրի եւ արդիւնաբերական գօտու նախագահ Սադեղ Նաջաֆի Խեզեռլուն: Իրանից ժամանած գործարար պատւիրակութիւնն ընդգրկում է տնտեսական եւ արդիւնաբերական ոլորտների ներկայացուցիչներ, ովքեր ցանկութիւն ունեն Հայաստանի գործարարների հետ հաստատել համագործակցութիւն:

Նշենք, որ 2012 թ. Հայաստանի եւ Իրանի միջեւ առեւտրաշրջանառութիւնը կազմել է 351 մլն. 190 հազար դոլար (նախորդ տարւայ համեմատ աճը՝ մօտ 4%), որից արտածումը՝ 108.5 մլն., ներածումը՝ 242 մլն. 677.8 հազար դոլար: Իրանից Հայաստան ներածւում են հիմնականում՝ կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդէն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, իրեր՝ քարից, գիպսից, ցեմենտից, աւտոմեքենաներ, սարքաւորումներ, արդիւնաբերական ապրանքներ, իսկ արտածւում՝ հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա:

***

Եահիա Ալէ-Էսհաղ.-

«ԻՐԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ Է ՃԱՆԱՊԱՐՀ ԲԱՑԵԼ ԴԷՊԻ ՀԱՐԵՒԱՆ 14 ԵՐԿՐՆԵՐ»

Իրանի եւ Հայաստանի իշխանութիւնների կողմից կայ ցանկութիւն՝ առեւտրա-տնտեսական համագործակցութիւնն ամրապնդելու: Առաւել բարենպաստ տնտեսական յարաբերութիւններ հնարաւոր կը լինի հաստատել, եթէ մի քանի խնդիրներ լուծում ստանան:

Ինչպէս տեղեկացրել է «Արմէնպրես»-ը, Հայ-իրանական գործարար համաժողովի ժամանակ նման տեսակէտ յայտնեց Թեհրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Եահիա Ալէ-Էսհաղը:

Նրա կողմից առաջ քաշւած առաջնային խնդիրը ոչ-արտօնագրային ռեժիմի հաստատումն է Իրանի եւ Հայաստանի միջեւ: Ալէ-Էսհաղի ասութեամբ՝ իրենք արդէն իրենց հարեւան երկրներից շատերի հետ աշխատում են ոչ-արտօնագրային ռեժիմով: «Իմ ունեցած տւեալներով՝ Իրանի Իսլամական Հանրապետութեան կողմից խնդիր չկայ, մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետութեան որոշմանը, որպէսզի երկու երկրների միջեւ սահմանւի ոչ-արտօնագրային ռեժիմը»,- ասաց Եահիա Ալէ-Էսհաղը:

Երկրորդ խնդիրը նախընտրելի տարիֆների հարցն է: «Որեւէ ապրանքի ինքնարժէքի բարձրացմանը նպաստող խնդիրը տարիֆների բարձր սակագներն են: Ինչքանով ինձ են յայտնի, այդ տարիֆները 20-30 տոկոս են: Հաշւի առնելով, որ Հայաստանն անդամակցում է Առեւտրի համաշխարհային կազմակերպութեանը, այդ տարիֆները չափազանց բարձր են»,- նշեց Թեհրանի Առեւտրաարդիւնաբերական պալատի նախագահը: Նա գտնում է, որ նախընտրելի տարիֆների մասին համաձայնագրի ստորագրումը կողմերի համար կարող է ապահովել սակագների իջեցում, եւ այն առանցքային նշանակութիւն կունենայ երկու երկրների առեւտրատնտեսական յարաբերութիւնների զարգացման գործում: Իրանցի ներկայացուցիչը կարեւորեց նաեւ ապրանքների տարանցման ոլորտում համագործակցութիւնը՝ նշելով, որ Իրանը Հայաստանի համար կարող է ճանապարհ բացել դէպի հարեւան 14 երկրներ:

Միւս խնդիրը, որի մասին բարձրաձայնեց Եահիա Ալէ-Էսհաղը, տնտեսական գործունէութեանը վերաբերող օրէնքներն աւելի թափանցիկ դարձնելն է: «Մաքսային, տրանսպորտային, ստանդարտացման նաեւ այլ խնդիրները, որոնք առնչւում են առեւտրի հետ, եթէ աւելի թափանցիկ լինեն եւ հեշտացւեն, մեր միջեւ առեւտուրն աւելի լաւ կը զարգանայ»,- նշեց նա:

Բարձրացւեց նաեւ հայ եւ իրանցի գործարարներին միմեանց գործունէութեան վերաբերեալ տեղեկատւութիւն տրամադրելու հարցը, ինչպէս նաեւ խօսւեց Հայաստանում իրանական առեւտրի կենտրոն բացելու ծրագրերի մասին:

Համաժողովի ընթացքում Երեւանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի գործադիր տնօրէն Կարէն Մարտիրոսեանը եւ Թեհրանի Առեւտրա-արդիւնաբերական պալատի նախագահ Եահիա Ալէ-Էսհաղն ստորագրեցին Փոխըմբռնման յուշագիր՝ հայ-իրանական գործարար համաժողովի շրջագծում: Յուշագրի ստորագրումով՝ կողմերը նպատակ ունեն ընդլայնել փոխադարձ տնտեսական, տեխնոլոգիական եւ մշակութային յարաբերութիւնները:

Հայ-իրանական գործարար համաժողովը Հայաստանում է մէկտեղել Իրանի արդիւնաբերական տարբեր ոլորտները ներկայացանող աւելի քան 60 ընկերութիւնների ներկայացուցիչների: Հայաստանից համաժողովին մասնակցել են 100 գործարարներ՝ տարբեր ոլորտներից:

Առնւած «Ալիք» օրաթերթից