ԱՐԱՄ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ.-

«ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ ՈՒ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹԻՒՆԸ ՊԷՏՔ Է ՄՂԻՉ ՈՒԺ ԴԱՌՆԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՈՒՄ»

«Ալիք» Օրաթերթ, 7 Ապրիլ, 2013 թ. - Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա Վեհափառ Հայրապետի հովանաւորութեամբ եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կենտրոնական Մարմնի նախաձեռնութեամբ Անթիլիասի մայրավանքում 2013 թւականի ապրիլի 6-ին կայացաւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած համագումար:

Միջին-արեւելեան երկրների մէկօրեայ համագումարի նիւթն էր Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքների համադրման եւ գործակցութեան կարելիութիւնները, որին նախագահում էր Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա Կաթողիկոսը: Վեհափառ Հայրապետը կարեւորելով խորհրդակցութեան կայացումը՝ նշեց, որ Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նւիրւած ծրագրերն ու ձեռնարկներն ամփոփող միջոցառումներ չպէտք է լինեն, այլեւ 2015 թւականին ընդառաջ՝ այնուհետեւ դրանք շարունակւող նախաձեռնութիւններ դառնան: «Կրկնութիւններից եւ խաչաձեւումներից պէտք է խուսափենք: Մեր մօտեցումը պէտք է լինի իրապաշտ եւ գործնական»,- նշել է Արամ Ա Կաթողիկոսը:

Անդրադառնալով Երեւանում կայացած Ցեղասպանութեան 100-ամեակին նւիրւած գիտաժողովին՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսը յիշեցրել է իր ընդգծած երեք բառերը՝ «Յիշել, յիշեցնել եւ պահանջել»: «Հարիւր տարի շեշտը դրել ենք յիշելու վրայ. մոմ վառեցինք, ոգեկոչման երեկոներ կազմակերպեցինք, գիրք տպեցինք: Այդ բոլորը կարեւոր են, որպէսզի մեր նոր սերունդները մեր նահատակների կտակով եւ ոգով թրծւեն: Սակայն, այդ կէտի վրայ չպէտք է կենտրոնանանք: Անհրաժեշտ է, որ մենք այսուհետեւ շեշտադրենք պահանջատիրութեան եւ հատուցման հարցը»,- ասել է նա:

Արամ Ա Կաթողիկոսի ասութեամբ՝ հայ ժողովրդի իրաւունքների հարցն ամբողջ հայ ժողովրդի հիմնահարցն է: «Հայաստանը պետութիւն է, Սփիւռքը՝ Սփիւռք: Կարող են Հայկական Հարցի առնչութեամբ լինել տարբեր մօտեցումներ: Սակայն, այդ տարբերութիւնների մէջ էլ պէտք է լինեն ներքին ներդաշնակութիւն ու համադրում, մէկ խօսքով՝ պէտք է միակամ գործենք եւ ամուր կերպով կառչած լինենք պահանջատիրութեանը»,- աւելացրել է Արամ Ա Կաթողիկոսը:

Նա նաեւ աւելացրել է, որ Ցեղասպանութիւնն անցեալին պատկանող դէպք չէ. Սփիւռքն այդ Ցեղասպանութեան հետեւանքն է. որոշ իմաստով այդ Ցեղասպանութիւնը շարունակւում է նաեւ այսօր, եւ ա՛յդ գիտակցութեամբ հայկական կառոյցները պէտք է գործեն:

Եզրափակելով իր ելոյթը՝ Կիլիկիոյ Կաթողիկոսը նշել է, որ Ցեղասպանութեան ճանաչման եւ հատուցման աշխատանքներն երեք ճանապարհ ունեն՝ պատմական, քաղաքական եւ իրաւական: «Ժամանակն է, որ առանց անտեսելու առաջին երկուսը՝ յստակ առաջնահերթութիւն տանք իրաւական կողմին, եւ այս առումով հսկայական աշխատանք ունենք կատարելու»,- ընդգծել է նա:

Նշելի է, որ սոյն համագումարին մասնակցում էին՝ Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ արքեպս. Սարգսեանը եւ 100-ամեակի Յանձնախմբի ատենապետ տկն. Արմենուշ Առաքելեանը, Սպահանի Հայոց Թեմի առաջնորդ գերշ. Տ. Բաբգէն եպս. Չարեանն ու Թեմական Խորհրդի ատենապետ պրն. Նոէլ Մինասեանը եւ Ատրպատականի Հայոց Թեմի առաջնորդ գերպ. Տ. Գրիգոր Ծ. վրդ. Չիֆթճեանը: