Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յայտարարութիւն է տարածել 2016 թ. ապրիլեան պատերազմի կապակցութեամբ: Այս մասին գրւած է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում:

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  յարձակողական ողջ զինանոցը, լայնածաւալ յարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան դէմ` թիրախաւորելով ինչպէս Պաշտպանութեան բանակի դիրքերը, այնպէս էլ քաղաքացիական ենթակառուցւածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:  

Ապրիլեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացւեցին բազմաթիւ պատերազմական եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ, մասնաւորապէս` արձանագրւեցին հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակչութեան դաժան սպանութիւնների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազում դէպքեր:

Միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների չդատապարտւած լինելու հանգամանքը յաջորդ տարիների ընթացքում էլ աւելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակէտը դարձաւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դէմ նոր լայնածաւալ պատերազմի սանձազերծումը` Թուրքիայի աջակցութեամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ:

Միջազգային հանրութիւնը պէտք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակւող Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեանը, միջազգային իրաւունքի հանդէպ ծայրայեղ անարգանքին եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած բանակցութիւններից հրաժարւելու փորձերին:

Ապրիլեան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականութիւնն ու մեր հերոսների սխրանքները յաւերժ կը մնան մեր պատմութեան եւ սերունդների յիշողութեան մէջ:

 

Փետրւարի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է 2020թ․ Արցախեան պատերազմում զոհւած Աւետիս Պուլուզեանի ընտանիքին: Տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:

Ա․ Թումանեանն իր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնն է յայտնել Աւետիս Պուլուզեանի տատիկին` Զաբել Պուլուզեանին:

Աւետիսի հայրը` Արա Պուլուզեանը, 1996 թւականին Թեհրանից մշտական բնակութեան է մեկնել Ստեփանակերտ եւ 1999 թւականին ընտանիք կազմել Անժելա Զաքարեանի հետ, ունեցել երեք զաւակներ` Աւետիսը եւ նրա երկու կրտսեր քոյրերը` Անուշը եւ Աննան:

Աւետիսը 2018 թւականին  ընդունւել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան ֆակուլտետ, իսկ 2019 թւականին` անցել զինւորական ծառայութեան:

Զոհւել է 2020 թուականի հոկտեմբերի 10-ին` վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին:

ՀՀ դեսպանը խնդրել է Զաբել Պուլուզեանին իր ցաւակցութիւնը եւ երախտագիտութիւնը յայտնել Պուլուզեաննների ողջ ընտանիքին:

 

Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Արցախի տարածքներում բազմաթիւ են վանդալիզմի դէպքերը: Infoteka24 պորտալ նշում է, որ միջազգային կառոյցներն ու քաղաքական գործիչները, այդ թւում` ՌԴ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ Մարիա Զախարովան, դատապարտել են Արցախում ադրբեջանցիների վանդալիզմի գործողութիւնները, սակայն ոչ մի գործողութիւն չի հետեւել խօսքերին: Գրում է Yerkir.am-ը:

«Հայրենական մեծ պատերազմի հերոսների յիշատակը յաւերժացնող յուշահամալիրը պատահական չէր ընտրւած վայրենիների կողմից: Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում ֆաշիստական գաղափարախօսութեան վերածնունդ, որի դէմ 20-րդ դարում պայքարել է ամբողջ աշխարհը: Համաշխարհային հանրութեան լռութիւնն առաջիկայում կը յանգեցնի նրան, որ աշխարհում կը յայտնւի երկու նոր Հիտլեր` ի դէմս Էրդողանի եւ Ալիեւի»,- նշում է infoteka24-ը:

 

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7 բալ: Տեղեկացնում է yerkirmedia.am-ը:

Սոյն թւականի փետրւարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինւիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 40.11⁰ եւ արեւելեան երկայնութեան 44.54⁰ աշխարհագրական կոօրդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացւել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնութեամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմաւիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնութեամբ:

 

Ֆրանցիսկոս պապի հրամանագրով` Լատին եկեղեցին ամէն տարի փետրուարի 27-ին կնշի Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Յիշատակի այս օրը պէտք է արձանագրւի բոլոր տօնացոյցերում, ծիսական գրքերում ու ժամասացութեան աղօթագրքերում:

Յիշեցնենք, որ 2015թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Իսկ երեք տարի անց քահանայապետի կամքով Վատիկանի այգիներից մէկում տեղադրւեց Հայոց մեծ սրբի արձանը:

 

Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը նամակներ է յղել ՄԱԿ-ի եւ Եւրոպայի խորհրդի մասնագիտացւած մարմիններին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` Ադրբեջանի կողմից ապօրինի պահւող հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հետ կապւած իրավիճակի վերաբերեալ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը:

Նամակներում, մասնաւորապէս, նշւում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, նոյն տարւայ դեկտեմբերին յարձակւել եւ օկուպացրել է Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը եւ գերեվարել Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 64 զինծառայողների: Այնուհետեւ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրէական գործեր յարուցելու իրենց մտադրութեան մասին, ինչը միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է:

Նամակներում ընդգծւում է, որ միջազգային մարդասիրական իրաւունքը, մասնաւորապէս` Ժնեւեան կոնւենցիաները, չեն դադարում կիրառւել հրադադարի մասին յայտարարութեան ստորագրումից յետոյ, հետեւաբար` գերեվարւած զինծառայողները ռազմագերիներ են` համաձայն Ռազմագերիների հետ վարւելակերպի մասին Ժնեւեան կոնւենցիայի (III) 4-րդ յօդւածի, եւ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ պէտք է հայրենադարձւեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրէական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողութիւններին, Ժնեւեան երրորդ կոնւենցիայի կոպիտ խախտում է:

Նամակներում նշւում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մօտ պահւող այլ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարւել էին Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ զինւած ագրեսիայի ընթացքում եւ դրանից յետոյ: Ընդգծւում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ յայտարարութիւնն իր տառին եւ ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտաւորութիւններին` արիւնալի հակամարտութեան թողած վէրքերը բուժելու նպատակով:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել` ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնեւեան կոնւենցիաների իրագործումը եւ նշւած պայմանագրերով ստանձնած պարտաւորութիւնների կատարումը` նրա կողմից պահւող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց բոլոր իրաւունքները պաշտպանելու նպատակով:

 

Աղբիւր՝ www.nkr.am

 

Յունւարի 13-ին Ադրբեջանի զինւած ուժերը շփման գծի կենտրոնական ուղղութեամբ կոպտօրէն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադէպի արդիւնքում Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զինծառայող է հրազէնային վիրաւորում ստացել: Այս մասին յայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարութունը:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը եւ դրանք որակում որպէս գործողութիւն` ուղղւած ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի ապակայունացմանը եւ խաղաղապահ ջանքերի խաթարմանը:

Նմանատիպ վտանգաւոր վարքն անընդունելի է եւ հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում կրակի եւ բոլոր ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստօրէն պահպանել եռակողմ յայտարարութեան շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները եւ զերծ մնալ սադրիչ գործողութիւններից, որոնք կարող են խափանել հաստատւած կրակի դադարեցման ռեժիմը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լիւքսեմբուրգի Մեծ Դքսութեան Պատգամաւորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որում հետեւողականօրէն հաւատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունւած բանաձեւի ոգուն` Լիւքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էութեան, դատապարտում է Թուրքիայի ներգրաււածութեամբ Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդիւնքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան եւ Արցախի ու նրա բնակչութեան դէմ շարունակւող պատերազմական հռետորաբանութեան եւ սպառնալիքների քաղաքականութիւնը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Յայտարարութեան մէջ նաեւ ասւում է. «Կարեւորում ենք, որ բանաձեւում խորհրդարանը կոչ է անում Լիւքսեմբուրգի կառավարութեանը պահանջել մարդասիրական կազմակերպութիւնների մուտքը Արցախ` աջակցելու հանրապետութիւնում ստեղծւած մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը:

Յատկանշական է, որ բանաձեւում կարեւորւում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը եւ զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաեւ նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւնների անկախ հետաքննութեան ու դրանց հեղինակների իրաւական պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը:

Համոզւած ենք, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը կը դառնայ միջազգային հանրութեան կարեւոր կոլեկտիւ ներդրումը` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ եւ արդարացի կարգաւորման գործում` հիմնւած Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրաւունքի իրացման փաստի ճանաչման վրայ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թշնամու վերահսկողութեան տակ անցած տարածքներում իրականացւող որոնողական աշխատանքների արդիւնքում` ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան, Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրակազմի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ջանքերով աւելի քան 70 օր անյայտութեան մէջ գտնւող ժամկէտային 6 զինծառայողներ` Արսէն Կարէնի Այւազեանը, Դաւիթ Գեղամի Սահակեանը, Նիկոլա Սէյրանի Ստեփանեանը, Արթուր Գարիկի Յարութիւնեանը, Արման Արշակի Արմաղանեանը եւ Ռուսլան Սարգիսի Թումանեանը քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 18-ին, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 130 կողմ եւ 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան եւ դրա հետեւանքների վերաբերեալ բանաձեւ:

 Բանաձեւը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողութիւնների վերսկսումը» եւ կառավարութեանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղւած են պատերազմից տուժած բնակչութեան հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուներին բացայայտելուն եւ դատապարտելուն, ինչպէս նաեւ  հրադադարի ռեժիմը  պահպանելուն եւ բանակցութիւնները  Լեռնային Ղարաբաղի սահմանները եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիւս այլ դրոյթների, Խորհրդարանը, մասնաւորապէս, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում, եւ պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտութիւնն այս հակամարտութեանը» եւ  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից»:

Բելգիայի հայերի կոմիտէն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը յստակ եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերեալ եւ շնորհակալութիւն է յայտնում այն խորհրդարանականներից, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով` բանաձեւը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրէտ եւ կառուցողական գործողութիւնների համար:

Կոմիտէն կոչ է անում կառավարութեանը` առանց յապաղելու գործել` խորհրդարանի առաջարկութիւնների համաձայն: Նա մասնաւորապէս ընդգծում է մարդասիրական օգնութեան հրատապութիւնը եւ բելգիական ներկայութիւնը տարածաշրջանում:

Նոյն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաեւ մէկ այլ տեքստ, որն առաջադրւել էր պատգամաւոր  Միշել դէ Մագդի կողմից: Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանւում է  Բելգիայի կողմից պաշտօնապէս ճանաչւած ցեղասպանութիւնների զոհերի յիշատակին նւիրւած ազգային օր: Կոմիտէն ողջունում է այս որոշումը, որը կը նպաստի ցեղասպանութիւն ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի հայերի կոմիտէն Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը եւ խօսնակն է:  Դեռեւս  1922 թ. հիմնադրւած հայկական ինստիտուտները  համախմբւած են  Բելգիայի` հայկական ծագմամբ բոլոր բնակիչների կողմից ընտրւած համաժողովում: Հայերի թիւը երկրում աւելի քան 30,000 է:

Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանը հրապարակել է իր ուղերձի տեքստը, որում խօսել է պատերազմի հետեւանքների, առկայ մարտահրաւէրների ու իշխանութեան անելիքների մասին:

Յայտարարութեան ամբողջական տեքստը դիտելու համար սեղմել http://www.yerkir.am/news/view/223630.html յղումը:

 

Երէկ երեկոյեան, դեռեւս անյայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր եւ Խծաբերդ գիւղերի ուղղութեամբ տեղակայւած ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ: Ողջ գիշեր եւ այսօր առաւօտեան շարունակւել են որոնողական աշխատանքները: Ռուսական խաղաղապահ զօրախմբի միջնորդութեամբ գործուն քայլեր են իրականացւում պարզելու հայ զինւորականների գերեվարման հաւանականութիւնը, դրա հաստատւելու դէպքում անհրաժեշտ գործողութիւններ ձեռնարկելու համար:

Պարբերաբար տեղեկատւութիւն կը տրամադրի որոնողական աշխատանքների ընթացքի վերաբերեալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊԲ-ն:

 

Արցախի բոլոր այն բնակավայրերում, որտեղ տեղի են ունեցել ռազմական գործողութիւններ, որոնողական աշխատանքների արդիւնքում նոյեմբերի 13-ից մինչ օրս 828 հայ զինծառայողի դի է յայտնաբերւել: Այս մասին NEWS.am-ը տեղեկացաւ Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան հասարակայնութեան հետ կապերի բաժնի պետ Յունան Թադէոսեանը: Գրում է Yerkir.am-ը:

Նա նշեց, որ որոնողական աշխատանքների ընթացքում վիրաւորում ստացած եւ ողջ մնացած 2 զինծառայող է յայտնաբերւել` հայ եւ ադրբեջանցի. նրանք հոսպիտալացւել են:

Յունան Թադeոսեանն ասաց, որ Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր բնակավայրերի եւ Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի ուղղութեամբ ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով պայմանաւորւած` վերջին 3 օրերի ընթացքում որոնողական աշխատանքները դադարեցւել են:

 

«էրեբունի» օդանաւակայանում Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զօրախմբի հրամանատար, գեներալ-լէյտենանտ Ռուստամ Մուրադովը յայտարարել է, որ Ադրբեջանի իրաւասու մարմիններին է յանձնւել 12 մարդ: Տեղեկացնում է Yerkir.am–ը:

«Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների կողմից 2020թ.նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան համաձայն, իրականացւել է գերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Դրան նախորդել են մեծ նախապատրաստական աշխատանքներ ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ, որոնք իրականացրել են ռուս խաղաղապահները», - ասաց Մուրադովը:

Մուրադովը երկու շաբաթ ինտենսիւ բանակցութիւններ էր վարում Բաքւի եւ Երեւանի հետ գերիների փոխանակման հարցով, յայտնել են ՌԴ Պն-ից:

Նրա խօսքով ` արդիւնքում իր անձնական վերահսկողութեան ներքոյ ռուսական օդանաւը Բաքու է հասցւել եւ Ադրբեջանի իրաւասու մարմիններին է յանձնւել 12 մարդ: Ադրբեջանական կողմից վերադարձել է 44 մարդ:

Մուրադովը նշել է, որ ռուս խաղաղապահները յետագայում եւս կը նպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինւած ուժերի ստորաբաժանումները, կուտակելով յաւելեալ անձնակազմ եւ զինտեխնիկա, այդ թւում նաեւ ծանր հրետանային միջոցներ, կոպտօրէն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան պահանջները, յարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Հին Թաղէր եւ Խծաբերդ գիւղերի ուղղութեամբ: Գրել է Yerkir.am-ը:

Ինչպէս տեղեկացնում է ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը, մի քանի ժամ տեւած մարտերի արդիւնքում հակառակորդին յաջողւել է մտնել Հին Թաղեր գիւղ, ինչպէս նաեւ ընդհուպ մօտենալ Խծաբերդ գիւղին:

Ադրբեջանական սադրանքի արդիւնքում վերսկսւած մարտական գործողութիւնների հետեւանքով հայկական կողմն ունի վեց վիրաւոր, հակառակորդն ունի զոհեր եւ վիրաւորներ:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ադրբեջանական զինւած ուժերի կողմից իրականացւած սադրանքը: Ստեղծւած իրադրութիւնը որեւէ աղերս չունի Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրւած յայտարարութեան առանցքային պահանջի` մարտական գործողութիւնների դադարեցման հետ եւ վտանգում է փխրուն խաղաղութիւնը, որը ձեռք է բերւել Ռուսաստանի նախագահի անմիջական ջանքերի շնորհիւ:

Ադրբեջանական կողմի գործողութիւններն անմիջապէս քննարկման առարկայ են դարձել Արցախում տեղակայւած Ռուսաստանի խաղաղապահ զօրախմբի ղեկավարութեան հետ:

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնութիւնում գտնւող ՀՀ պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանն այս խնդիրը քննարկել է նաեւ ՌԴ պաշտպանութեան նախարար Սերգէյ Շոյգույի հետ հանդիպման ընթացքում:

 

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է յարձակողական գործողութիւնները Արցախի Հանրապետութեան Հին Թաղլար եւ Խծաբերդ բնակավայրերի ուղղութեամբ:

ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժէք միջոցառումներ հակառակորդի ակտիւութիւնը ճնշելու համար: Այս մասին հաղորդում է պաշտպանութեան բանակը։

 

Աղբիւր՝ www.yerkir.am 

 

Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները մտան Լաչինի շրջան: Այս մասին յայտնել է հանրապետութեան պաշտպանութեան նախարարութեան մամուլի ծառայութիւնը: 

Նշենք` սա այն երեք շրջաններից վերջինն է, որոնք Բաքւի ուժերը պէտք է զբաղեցնեն Լեռնային Ղարաբաղում` հրադադարի մասին եռակողմ յայտարարութեան համաձայն:

 

Ֆրանսիայի Սենատն ընդունեց բանաձեւը, որով կառավարութեանն առաջարկում է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախութիւնը: Գրում է Yerkir.am-ը:

Քւէարկութեանը մասնակցել է 306 սենատոր: 305 սենատոր կողմ է քւէարկել բանաձեւին, 1-ը` դէմ: Քւէարկութեան արդիւնքները ծափահարութիւններով են ընդունւել:

Սրանով Սենատը Ֆրանսիայի կառավարութեանը կոչ է անում ճանաչել Արցախը: Բանաձեւի հեղինակները երկրի կառավարութեանն առաջարկում են լայնածաւալ հումանիտար օգնութիւն տրամադրել ԼՂ քաղաքացիական բնակչութեանը` պահանջելով բացել հումանիտար միջանցքներ, Մինսկի խմբի շրջանակում աջակցել բնակչութեան պաշտպանութեան անյապաղ իրականացմանը` Մինսկի խմբի հովանու ներքոյ սահմանազատման միջազգային ուժեր տեղակայելու ճանապարհով, Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչութեան նկատմամբ ռազմական յանցագործութիւնների հետաքննութիւն իրականացնել, անել հնարաւոր ամէն ինչ` երկարաժամկէտ կարգաւորման բանակցութիւններ ապահովելու նպատակով, որը թոյլ կը տայ նաեւ վերադառնալ 1994 թւականի սահմաններին, ինչպէս նաեւ ապահովել հայ բնակչութեան անվտանգութիւնը, տեղահանւածների վերադարձը եւ հայկական մշակութային ու կրօնական ժառանգութեան պահպանութիւնը: Ի վերջոյ, սենատորները Կառավարութեանը կոչ են անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ու այդ ճանաչումը դարձնել բանակցային գործիք կայուն խաղաղութեան հասնելու համար:

Նշենք, որ կառավարութեան կողմից այն պարտադիր կատարման ենթակայ չէ: Դեկտեմբերին բանաձեւը քւէարկութեան կը դրւի Ֆրանսիայի Ազգային Ժողովում:

 

 

Այս ժամերին ադրբեջանցիներն առանց մէկ կրակոցի մտնում են Քարվաճառ: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Razm.info մասնագիտական կայքի համակարգող Կարէն Վրթանէսեանը:

«Մինչև Քաշաթաղի վերջնական յանձնումը մնում է 6 օր։

Հազարաւոր կեանքեր՝ 1988-ից ի վեր դրւած ազատագրական կռւի զոհասեղանին, հարիւր հազարաւոր գաղթականներ, միլիարդներ՝ ծախսւած ենթակառուցւածք ստեղծելու և զարգացնելու վրայ...

Դեկտեմբերի 1-ին գերագոյն գլխաւոր չմոն կասի. «Բա որ դէմ էիք յանձնմանը խի՞ չէիք պայքարում։ Ինչո՞ւ ինձ չմերժեցիք։ Ինչո՞ւ փողոց դուրս չեկաք։ Ուրեմն ձեզ այդ դժգոյն ու դժբախտ Ղարաբաղը պէտք չէր»։

Պատասխանելու բան ունէ՞ք»,- գրել է նա։

 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Յարգելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ գործընկերներ, ինձ հարազատ դարձած հետեւորդնե՛ր

Ես դուստրն եմ ազատամարտիկ Շահէն Ստեփանեանի, ով Արցախեան առաջին պատերազմում մարտնչեց հարաւային ամբողջ ճակատում եւ զոհւեց ազատագրւած Ֆիզուլիում: Ծնւած Հադրութ քաղաքում` իմ վերաբերմունքն այս պատերազմին եղել է նաեւ խիստ անձնական: Եւ պատերազմի ելքն էլ ընդունել եմ ոչ միայն որպէս պաշտպանական գերատեսչութեան ներկայացուցիչ, այլ որպէս անձնական կորուստ:

Կարծում եմ` հայրենիքի համար այս դժւարին պահին աւելի քան կարիք կայ պաշտօնեաների, որոնք զգացմունքային դաշտում որոշումներ չեն կայացնի, մասնագիտօրէն կը նայեն երեւոյթներին եւ կաշխատեն ամբողջ ներուժով: Մի բան, որ այս պահին ինձ չի յաջողւի:

Երախտապարտ եմ այս ծանր օրերին կողքիս լինելու եւ աջակցելու համար: Փորձել ենք առաջնորդւել տեղեկատւական պայքարի օրէնքներով, մատուցել այնպիսի տեղեկատւութիւն, որը գրւած ու չգրւած կանոններով պէտք է տալ պատերազմող երկրի հասարակութեանը: Եթէ ինչ-որ բան ինձ, այնուամենայնիւ, յաջողւել է, ձեզ եմ համարում իմ գլխաւոր մոտիվացիան, ինչի համար շնորհակալ եմ անչափ:

Հայոց բանակը դեռ լինելու է համազգային յաղթանակների դրօշակակիր:

Սուգը յաւերժ է, եթէ չկայ պայքար. միմիայն այդ դէպքում»: