Մահացել է նշանաւոր հայազգի դուդուկահար եւ կոմպոզիտոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիւան Գասպարեանը: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտնել է կոմպոզիտորի թոռնիկը` Ջիւան Գասպարեան կրտսերը: Այս մասին հաղորդում է yerkirmedia.am–ը:

«Այս գիշեր աշխարհը ունեցաւ աներեւակայելի կորուստ: Թող նա հանգչի խաղաղութեամբ»,- գրել է թոռնիկը անգլերէն լեզուով, ապա շարունակել հայերէն.

«Շատ մեծ ցաւով եմ գրում իմ մեծ կորստի մասին: Աստւած հոգիդ լուսաւոր երկնքում պահի»:

Ջիւան Գասպարեանը ծնւել է Կոտայքի մարզի Սօլագ գիւղում 1928 թւականին:

Դուդուկ սկսել է նւագել վեց տարեկանից` առանց դասաւանդումի: 1947 թւականին մեկնել է Մոսկւա ազգային սիրողական համոյթի հետ, որտեղ համերգից յետոյ Ստալինից ստացել է Պոբեդա ժամացոյց: 1949 թւականին միանում է Թաթուլ Ալթունեանի անւան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համոյթին, եւ իր առաջին մասնագիտական հանդիսումը որպէս մենակատար նշանադրութիւնն լինում է Երեւանեան երաժշտասիրական նւագախմբի հետ, քանի դեռ նոտաները կարդալ չգիտէր:

1956 թւականին ստանում է առաջին մրցանակը, 1959 թւականին` առաջին ոսկէ մեդալը Չորրորդ Միջազգային փառատօնում` ՄԱԿԳՄԻ հովանաւորութեան տակ: Նոյն մրցոյթին մասնակցելով, 1962 թւականին ստացել է արծաթէ մեդալ, 1973 թւականին` բրոնզէ, 1973 թւականին արժանացել է ՀՀ Ազգային արւեստագէտ պատւաւոր կոչմանը:

Ջիւան Գասպարեանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտութիւնների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արիւնոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձիւն եւ մոխիր» (2015 թ., Ռուսաստան) եւ այլն:

Թողարկել է աւելի քան 20 ձայնասկաւառակ, ունի աւելի քան 1000 ձայնագրութիւններ, նւագել է շուրջ 20 հազար համերգներում:

 

Ամերիկեան Նիւ Ջերսի նահանգը որոշում է ընդունել ճանաչել Արցախի անկախութիւնը: Ինչպէս յայտնում է Ամերիկայի Հայ Դատի գրասենեակը` 40 պատգամաւորից ներկայ է եղել 38-ը, 36-ը կողմ է քւէարկել, 2-ը` ձեռնպահ: Այս մասին յայտնում է yerkir.am-ը: 

Յիշեցնենք, որ, ըստ Հայ Դատի Արեւելեան Ամերիկայի յանձնախմբի, սենատոր Ջոզեֆ Լագանան նահանգային սենատի քննարկմանն էր ներկայացրել համապատասխան բանաձեւի նախագիծը:

Փաստաթղթում, որտեղ անդրադարձ կայ նաեւ արցախեան վերջին պատերազմին, դատապարտւում է Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակչութեան դէմ Ադրբեջանի ու Թուրքիայի իրականացրած ագրեսիան: Նիւ Ջերսիի կողմից Արցախի ճանաչումը կարեւոր քայլ կը լինի Արցախի Հանրապետութեան միջազգային` ապակենտրոն ճանաչման գործընթացում: ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական խորհրդում յատուկ ծրագրերի պատասխանատու Գէորգ Ղուկասեանը գրել էր.

«Գիտեմ` ստեղծւած իրավիճակում նման լուրերը նախկինի պէս չեն ընդունւում, բայց յատկապէս հիմա մենք իրաւունք չունենք որեւէ ուղղութիւնով թուլացնել պայքարը․․․ Հայ Դատի յանձնախումբը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ` բանաձեւի ընդունումն ապահովելու նպատակով»:

Նիւ Ջերսին դարձաւ ամերիկեան 10-րդ նահանգը, որը պաշտօնապէս ճանաչեց Արցախի Հանրապետութեան անկախութիւնը:

 

Կենտրոնական ընտրական յանձնաժողովը հրապարակել է բոլոր 2008 ընտրական տեղամասերում ամփոփւած նախնական արդիւնքները, համաձայն որի՝ առաջատարը Նիկոլ Փաշինեանի գլխաւորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնն է՝ քւէների մօտ 53,92 տոկոսով: Ըստ «Tert.am»-ի հաղորդման տեղեկացնում է «Ալիք»-ը:

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրութիւնների արդիւնքներով նոր խորհրդարանում կը լինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, «Հայաստան» դաշինքը եւ «Պատիւ ունեմ» դաշինքը: «Պատիւ ունեմ» դաշինքը չի յաղթահարել անցողիկ շեմը, եւ խորհրդարանում կը լինի իրաւունքի ուժով:

Մանդատները կը բաշխւեն հետեւեալ կերպ՝

«Քաղաքացիական պայմանագիր»՝ 71 մանդատ,

«Հայաստան» դաշինք՝ 29 մանդատ,

«Պատիւ ունեմ» դաշինք՝ 7 մանդատ:

4 ամենամեծ ազգային փոքրամասնութիւնների 4 մանդատներից երեքը բաժին են հասնում «Քաղաքացիական պայմանագրին», մէկը՝ «Հայաստան» դաշինքին: Ըստ այդմ՝ «Հայաստան» դաշիքնի մանդատները դառնում են 27:

Բացի այդ, «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպէսզի խորհրդարանում ապահովի սահմանադրութեան պահանջը. Ընդդիմութեան կազմը խորհրդարանում պէտք է 1/3-ից պակաս չլինի:

 

Կենտրոնական Ընտրական Յանձնաժողովն այսօրւայ նիստում հաստատեց Ազգային ժողովի ընտրութիւնների քւէարկութեան նախնական արդիւնքները: Յանձնաժողովի բոլոր անդամները ստորագրեցին արձանագրութիւնը: Գրում է yerkirmedia.am-ը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչեանը յայտնեց, որ ընտրողների ցուցակում ընդգրկւած ընտրողների թիւն 2 միլիոն 591 հազար 316 է, քւէարկութեան օրը ընտրական տեղամասում կազմւած ընտրողների լրացուցիչ ցուցակում ընտրողների թիւը` 1067, շրջիկ արկղով քւէարկող ընտրողների ընդհանուր թիւը` 2451, ընտրողների ընդհանուր թիւը` 2 միլիոն 595 հազար 334, քւէարկութեան մասնակիցների ընդհանուր թիւը  1 միլիոն 282 հազար 411 կամ 49, 4 տոկոս:

Անվաւեր քւէաթերթիկները թիւը կազմել է 4682:

Անճշտութիւնների չափը` 1110:

Ընտրութիւններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած ձայներն ու տոկոսները.

 

  1. «Արդար Հայաստան» կուսակցութիւն - 0.31% (3922)

 

  1. «Հայ ազգային  կոնգրես» կուսակցութիւն - 1,54% (19690)

 

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւն 53,92 % (687 414)

 

  1. «Զարթօնք» ազգային քրիստոնէական կուսակցութիւն – 0,36% (4623)

 

  1. «Ազատութիւն» կուսակցութիւն – 0,14 % (1844)

 

  1. «Պատիւ ունեմ» դաշինք – 5,23 % (66647)

 

  1. «Միասնական Հայրենիք» կուսակցութիւն – 0,08 % (957)

 

  1. Համահայկական ազգային պետական (ՀԱՊ) կուսակցութիւն – 0,06 % (803)

 

  1. «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւն – 1,22 % (15571)

 

  1. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցութիւն – 0,95 % (12164)

 

  1. «Հանրապետութիւն» կուսակցութիւն – 3,04 % (38730)

 

  1. «Հայոց Հայրենիք» կուսակցութիւն – 1,03 % (13119)

 

  1. «Ազատ Հայրենիք» կուսակցութիւն – 0,32 % (4136)

 

  1. «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութիւն – 3,95 % (50419)

 

  1. Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն – 0,39 % (5021)

 

  1. «5165է» ազգային պահպանողական շարժում կուսակցութիւն – 1,22 % (15546)

 

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցութիւն – 0,3 % (3773)

 

  1. «Շիրինեան-Բաբաջանեան» ժողովրդավարների դաշինք –1,5 % (19145)

 

  1. «Ազգային օրակարգ» կուսակցութիւն – 0,06 % (721)

 

  1. «Վերելք» կուսակցութիւն - 0,1 % (1259)

 

  1. Ազատական կուսակցութիւն – 1,17 % (14935)

 

  1. Հայաստանի եւրոպական կուսակցութիւն – 0,22 % (2786)

 

  1. «Հայաստան» դաշինք – 21,04 % (268300)

 

  1. Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցութիւն – 1,47 % (18773)

 

  1. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցութիւն – 0,28 % (3561)

 

Կենտրոնական ընտրական յանձնաժողովը ներկայացրել է բոլոր` 2008 ընտրատեղամասերից ստացւած քւէարկութեան արդիւնքների մասին նախնական տեղեկատւութիւնը: Տեղեկացնում է yerkirmedia.am–ը:

Կենտրոնական ընտրական յանձնաժողովի նախնական տւեալով` վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութիւնը ստացել է ընտրողների ձայների 53,92 տոկոսը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի գլխաւորած «Հայաստան» դաշինքը ստացել է 21,04 տոկոս ձայն:

Որեւէ այլ կուսակցութիւն կամ դաշինք չի կարողացել յաղթահարել սահմանւած 7 եւ 5 տոկոս շեմերը:

Սակայն, ըստ օրէնքի, եթէ անցողիկ շեմը յաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաեւ առաւելագոյն թւով ձայներ հաւաքած երրորդ ուժը:

Այդ ուժը Արթուր Վանեցեանի գլխաւորած «Պատիւ ունեմ» դաշինքն է, որը ստացել է ընտրողների ձայների 5,23 տոկոսը:

«Բարգաւաճ Հայաստան» եւ «Լուսաւոր Հայաստան» կուսակցութիւնները նոր խորհրդարանում չեն լինի:

 

Մոսկւան ողջունում է ադրբեջանական կողմից 15 հայ զինծառայողի փոխանցումը Երեւանին` ականապատւած դաշտերի քարտէզի դիմաց: Այս մասին տելեգրամեան իր ալիքում այսօր գրել է ՌԴ ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Տեղեկացնում է Yerkir.am-ն:

«Երկար սպասւած եւ հիանալի նորութիւն: Մենք Ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիւանագէտը:

Երէկ՝ յունիսի 12-ին, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 ռազմագերու` Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Ակնայի (Աղդամի) ականապատ դաշտերի քարտէզները: Փոխանակումը տեղի է ունեցել ադրբեջանա-վրացական սահմանին` Վրաստանի ներկայացուցիչների մասնակցութեամբ:

 

Թշնամին Սիւնիքի Իշխանասարի Սեւ լճի տարածքից կիլոմետրերով առաջ է եկել եւ կանգնել` ըստ Yerkir.am-ի հաստատել է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Եօլեանը:

Նա նշել է, որ Իշխանասարի հատւածում թշնամին պետական սահմանը անցել է եւ եւս երեք կիլոմետր առաջ եկել դէպի Վերիշէն բնակավայր․ հարիւրներով շարւած են:

«Եթէ GPS-ով Սեւ լճի 30 տոկոսն էր թշնամունը, սրանք էնքան են իրենց արտօնեալ համարում, որ որոշել են հասնել մինչեւ բնակավայր ու Շուռնուխի օրինակով առաջ գալ: Ժողովուրդ չգիտեմ` էլի ով ինչ կը հերքի, բայց լսէք սիւնեցիների ահազանգը, բոլորիս վերջը գալու է, եթէ շարունակենք այս վտանգաւոր անտարբերութիւնը»,- ահազանգել է Իրինա Եօլեանը:

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Յովսէփեանը փաստել է, որ թշնամին Սեւ լճի տարածքում առաջ գալով` փորձ է կատարում տեղակայւելու:

«Ի դէպ, ասեմ, որ Սեւ լճի մեծ մասը մեզ է պատկանում նոյնիսկ ալիեւանիկոլական քարտէզներով»,- նշել է նա:

Սեւ լճի տարածքում գտնւող արհեստական ջրամբարից է իրականացւում համայնքի ոռոգման ջրի ջրամատակարարումը․նշւած քարտէզներով ադրբեջանցիներին է անցնում ջրամբարի պլատինան:

«Փոխարէն ԱԺ ամբիոնից ամպագոռգոռ եւ սուտ յայտարարութիւններ տարածելուն լաւ կը լինէր ամիսներ շարունակ մեր կողմից բարձրացւող խնդիրներին ականջ դնէիք, ամօթի զգացում ունեցէք...է»-ասել է Գորիսի փոխքաղաքապետը:

Սիւնեցիները նշում են, որ օրեր առաջ Հայաստանի եւ Ադրբեջանի զինւած ուժերի միջեւ դիրքային մարտեր են ընթացել Սիսիան քաղաքի արեւելքում գտնւող Իշխանասար եւ Ուխտասար սարերի միջնատարածքում: Իշխանասարի հատւածում այսօրւայ` զինւած բախումների մասին տեղեկութիւնները զուգակցւում են տարածքում ակտիւացած ռազմական ուղղաթիռների թռիչքներով:

ՀՀ պաշտպանութեան նախարարութիւնը հաստատել է, որ այսօր վաղ առաւօտեան, «սահմանների ճշգրտման» հիմնաւորմամբ, ադրբեջանցիները փորձել են որոշակի աշխատանքներ իրականացնել Սիւնիքի սահմանային հատւածներից մէկում, բայց հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից յետոյ ադրբեջանական զինւորականները դադարեցրել են այդ աշխատանքները:

ՊՆ-ն, սակայն, հերքել է, որ այս պահին մարտեր են ընթանում Իշխանասարի ուղղութեամբ, ասել է` այս պահին ընթանում են բանակցութիւններ` ստեղծւած իրավիճակը հարթելու ուղղութեամբ:

Հայկական կողմից վիրաւորներ լինելու մասին լուրերը առայժմ պաշտօնապէս չեն մեկնաբանում:

Սիւնիքի նախկին մարզպետ Վահէ Յակոբեանի տեղեկութիւններով` այս գիշեր ադրբեջանցիները մեծ զօրքով բարձրացել են Իշխանասարի Սեւ լճի հատւած եւ հայկական այնտեղի յենակէտը ընկել է շրջափակման մէջ:

«Որքան տեղեակ եմ` ռուսները մօտենում են այնտեղ, որ բանակցութիւններ տանեն: Որքան տեղեակ եմ` վիրաւորներ կան այնտեղ, բայց դա ստոյգ չէ: Ըստ երեւոյթին, երբ իրենց ոչ ոք չի դիմադրում, առաջ են գալիս, որ հասնեն Երեւան, դա է իրենց ուզածը»,-ասել է նախկին մարզպետը:

Սիւնիքի գործող մարզպետի մեկնաբանութիւնը, ըստ լրատւամիջոցների, հետեւեալն է․ «նման տեղեկութիւն ես չեմ իմանում»:

Աւելի վաղ Yerkir.am-ը ներկայացրել էր Մենուա Յովսէփեանի հարցազրոյցը:

Նշենք, որ Իշխանասար գիւղը Սիսիան համայնքի կազմում է, Իշխանասարի փէշերին: Բայց միջադէպը այդտեղ չի եղել, այլ Սեւ լճի շրջանում` Իշխանասարի փէշին: Սեւ լճի մեծ մասը անգամ Խորհրդային քարտէզներով` Հայաստանի տարածքում է:

 

Նիկոլ Փաշինեանը հրաժարական տւեց ՀՀ վարչապետի պաշտօնից: Այս մասին նա յայտնեց իր այսօրւայ ուղերձում: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Նա կը շարունակի կատարել ՀՀ վարչապետի պարտականութիւնները օրէնսդրութեամբ ու սահմնադրութեամբ սահմանւած ամբողջ ծաւալով:

«Սահմանադրութեան ձեւակերպումները ենթադրում են նաեւ, որ Ազգային Ժողովը իրաւունքի ուժով արձակւած համարելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանում վարչապետի ընտրութեան քւէարկութիւն տեղի ունենայ: Այս ընթացակարգերը պահպանելու համար ես երկու անգամ կառաջադրւեմ վարչապետի թեկնածու: Խորհրդարանական միւս խմբակցութիւնները, պատգամաւորները թեկնածու չեն առաջադրի ու կը նշանակւեն արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ: Ես հրաժարական եմ տալիս քաղաքացու օրը, եւ սա խորհրդանիշն է այն բանի, որ ժողովրդից ստացած իշխանութիւնը, վերադարձնում ենք ժողովրդին»,-ասաց նա:

Նա նշեց, որ հրաժարական է տալիս, որպէսզի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ, իր քաղաքական ուժը մասնակցելու է այդ ընտրութիւններին եւ ինքն էլ մասնակցելու է որպէս վարչապետի թեկնածու:

 

Իտալիայի Սան Վիտօ դէյ Նորմաննի քաղաքը ճանաչել է Արցախի անկախութիւնը. ըստ Yerkir.am-ի՝ յայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանութիւնից:

«Շնորհակալութիւն ենք յայտնում Իտալիայի Սան Վիտօ դէյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամներին խորհրդի անդամ Վինչենցօ Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերեալ բանաձեւը միաձայն ընդունելու համար: Բանաձեւում hամայնքային խորհուրդը համերաշխութիւն է յայտնում Արցախի հանրապետութեան ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան եւ յորդորում է Իտալիայի իշխանութիւններին ճանաչել Արցախի Հանրապետութիւնը»:

 

Հռոմի Պապը Սուրբ Յարութեան տօնի առթիւ իր ամենամեայ ուղերձում անդրադարձել է հայ ռազմագերիներին. գրում է Yerkir.am–ը:

Հռոմի Պապը Ֆրանցիսկոսը Սուրբ Յարութեան տօնի առթիւ հանդէս է եկել ամենամեայ ուղերձով, նա անդրադարձել է նաեւ գերեւարւածներին` ընդգծելով․

«Թող որ նա (Աստւած) թոյլ տայ հակամարտութիւնների ընթացքում գերեվարւածներին, յատկապէս Արեւելեան Ուկրաինայում եւ Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ եւ առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զէնքերի մրցավազքը»:

Անցած տարւայ յուլիսից ի վեր սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախեան պատերազմի թեմային:

 

Արցախի Հանրապետութեան ԱԳՆ յայտարարութիւն է տարածել 2016 թ. ապրիլեան պատերազմի կապակցութեամբ: Այս մասին գրւած է Արցախի Հանրապետութեան Արտաքին գործերի նախարարութեան պաշտօնական կայքում:

2016 թ. ապրիլին, խախտելով 1994 թ. Կրակի եւ ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին համաձայնագիրը, Ադրբեջանը, կիրառելով իր  յարձակողական ողջ զինանոցը, լայնածաւալ յարձակում ձեռնարկեց Արցախի Հանրապետութեան դէմ` թիրախաւորելով ինչպէս Պաշտպանութեան բանակի դիրքերը, այնպէս էլ քաղաքացիական ենթակառուցւածքներն ու սահմանամերձ բնակավայրերը:  

Ապրիլեան պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացւեցին բազմաթիւ պատերազմական եւ մարդկութեան դէմ ուղղւած յանցագործութիւններ, մասնաւորապէս` արձանագրւեցին հայ ռազմագերիների եւ խաղաղ բնակչութեան դաժան սպանութիւնների, խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի բազում դէպքեր:

Միջազգային հանրութեան կողմից Ադրբեջանի ռազմական յանցագործութիւնների չդատապարտւած լինելու հանգամանքը յաջորդ տարիների ընթացքում էլ աւելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, ինչի կիզակէտը դարձաւ 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դէմ նոր լայնածաւալ պատերազմի սանձազերծումը` Թուրքիայի աջակցութեամբ եւ միջազգային ահաբեկիչների ներգրաւմամբ:

Միջազգային հանրութիւնը պէտք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակւող Ադրբեջանի ագրեսիւ քաղաքականութեանը, միջազգային իրաւունքի հանդէպ ծայրայեղ անարգանքին եւ ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած բանակցութիւններից հրաժարւելու փորձերին:

Ապրիլեան պատերազմի ժամանակ հայ ժողովրդի ցուցաբերած միասնականութիւնն ու մեր հերոսների սխրանքները յաւերժ կը մնան մեր պատմութեան եւ սերունդների յիշողութեան մէջ:

 

Փետրւարի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշէս Թումանեանն այցելել է 2020թ․ Արցախեան պատերազմում զոհւած Աւետիս Պուլուզեանի ընտանիքին: Տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանութիւնը:

Ա․ Թումանեանն իր ցաւակցութիւնն ու զօրակցութիւնն է յայտնել Աւետիս Պուլուզեանի տատիկին` Զաբել Պուլուզեանին:

Աւետիսի հայրը` Արա Պուլուզեանը, 1996 թւականին Թեհրանից մշտական բնակութեան է մեկնել Ստեփանակերտ եւ 1999 թւականին ընտանիք կազմել Անժելա Զաքարեանի հետ, ունեցել երեք զաւակներ` Աւետիսը եւ նրա երկու կրտսեր քոյրերը` Անուշը եւ Աննան:

Աւետիսը 2018 թւականին  ընդունւել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկութեան ֆակուլտետ, իսկ 2019 թւականին` անցել զինւորական ծառայութեան:

Զոհւել է 2020 թուականի հոկտեմբերի 10-ին` վիրաւոր զինակցին օգնութիւն ցուցաբերելու պահին:

ՀՀ դեսպանը խնդրել է Զաբել Պուլուզեանին իր ցաւակցութիւնը եւ երախտագիտութիւնը յայտնել Պուլուզեաննների ողջ ընտանիքին:

 

Ադրբեջանի վերահսկողութեան տակ գտնւող Արցախի տարածքներում բազմաթիւ են վանդալիզմի դէպքերը: Infoteka24 պորտալ նշում է, որ միջազգային կառոյցներն ու քաղաքական գործիչները, այդ թւում` ՌԴ արտաքին գործերի նախարարութեան ներկայացուցիչ Մարիա Զախարովան, դատապարտել են Արցախում ադրբեջանցիների վանդալիզմի գործողութիւնները, սակայն ոչ մի գործողութիւն չի հետեւել խօսքերին: Գրում է Yerkir.am-ը:

«Հայրենական մեծ պատերազմի հերոսների յիշատակը յաւերժացնող յուշահամալիրը պատահական չէր ընտրւած վայրենիների կողմից: Այսօր Ադրբեջանում տեղի է ունենում ֆաշիստական գաղափարախօսութեան վերածնունդ, որի դէմ 20-րդ դարում պայքարել է ամբողջ աշխարհը: Համաշխարհային հանրութեան լռութիւնն առաջիկայում կը յանգեցնի նրան, որ աշխարհում կը յայտնւի երկու նոր Հիտլեր` ի դէմս Էրդողանի եւ Ալիեւի»,- նշում է infoteka24-ը:

 

Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7 բալ: Տեղեկացնում է yerkirmedia.am-ը:

Սոյն թւականի փետրւարի 13-ին, տեղական ժամանակով ժամը 11:29-ին (Գրինւիչի ժամանակով` ժամը 15:29-ին) ՀՀ ԱԻՆ Սէյսմիկ պաշտպանութեան տարածքային ծառայութեան սէյսմոլոգիական ցանցի կողմից գրանցւել է հիւսիսային լայնութեան 40.11⁰ եւ արեւելեան երկայնութեան 44.54⁰ աշխարհագրական կոօրդինատներով` Հայաստան` Երեւան քաղաքից 8 կմ հարաւ-արեւելք, օջախի 10 կմ խորութեամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գօտում ստորգետնեայ ցնցման ուժգնութիւնը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացւել է Երեւան քաղաքում` 5-6 բալ ուժգնութեամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմաւիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ ուժգնութեամբ:

 

Ֆրանցիսկոս պապի հրամանագրով` Լատին եկեղեցին ամէն տարի փետրուարի 27-ին կնշի Սուրբ Գրիգոր Նարեկացու տոնը: Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Յիշատակի այս օրը պէտք է արձանագրւի բոլոր տօնացոյցերում, ծիսական գրքերում ու ժամասացութեան աղօթագրքերում:

Յիշեցնենք, որ 2015թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետի» տիտղոս: Իսկ երեք տարի անց քահանայապետի կամքով Վատիկանի այգիներից մէկում տեղադրւեց Հայոց մեծ սրբի արձանը:

 

Յունւարի 19-ին Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարար Դաւիթ Բաբայեանը նամակներ է յղել ՄԱԿ-ի եւ Եւրոպայի խորհրդի մասնագիտացւած մարմիններին, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին` Ադրբեջանի կողմից ապօրինի պահւող հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց հետ կապւած իրավիճակի վերաբերեալ: Այս մասին հաղորդում է Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը:

Նամակներում, մասնաւորապէս, նշւում է, որ Ադրբեջանը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութիւնը, նոյն տարւայ դեկտեմբերին յարձակւել եւ օկուպացրել է Արցախի Հանրապետութեան Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գիւղերը եւ գերեվարել Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի 64 զինծառայողների: Այնուհետեւ Ադրբեջանի իշխանութիւնները յայտարարել են ռազմագերիների նկատմամբ քրէական գործեր յարուցելու իրենց մտադրութեան մասին, ինչը միջազգային մարդասիրական իրաւունքի կոպիտ խախտում է:

Նամակներում ընդգծւում է, որ միջազգային մարդասիրական իրաւունքը, մասնաւորապէս` Ժնեւեան կոնւենցիաները, չեն դադարում կիրառւել հրադադարի մասին յայտարարութեան ստորագրումից յետոյ, հետեւաբար` գերեվարւած զինծառայողները ռազմագերիներ են` համաձայն Ռազմագերիների հետ վարւելակերպի մասին Ժնեւեան կոնւենցիայի (III) 4-րդ յօդւածի, եւ ռազմական գործողութիւնների աւարտից յետոյ պէտք է հայրենադարձւեն: Ադրբեջանի կողմից ռազմագերիների քրէական հետապնդումը միայն նրա համար, որ նրանք մասնակցել են ռազմական գործողութիւններին, Ժնեւեան երրորդ կոնւենցիայի կոպիտ խախտում է:

Նամակներում նշւում է, որ Ադրբեջանը ձգձգում է իր մօտ պահւող այլ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց վերադարձը, ովքեր գերեվարւել էին Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետութեան դէմ զինւած ագրեսիայի ընթացքում եւ դրանից յետոյ: Ընդգծւում է, որ Ադրբեջանի նման դիրքորոշումը հակասում է եռակողմ յայտարարութիւնն իր տառին եւ ոգուն համապատասխան լիակատար իրականացնելու իր իսկ ստանձնած պարտաւորութիւններին` արիւնալի հակամարտութեան թողած վէրքերը բուժելու նպատակով:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը կոչ է անում հրատապ միջոցներ ձեռնարկել` ապահովելու Ադրբեջանի կողմից Ժնեւեան կոնւենցիաների իրագործումը եւ նշւած պայմանագրերով ստանձնած պարտաւորութիւնների կատարումը` նրա կողմից պահւող ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց բոլոր իրաւունքները պաշտպանելու նպատակով:

 

Աղբիւր՝ www.nkr.am

 

Յունւարի 13-ին Ադրբեջանի զինւած ուժերը շփման գծի կենտրոնական ուղղութեամբ կոպտօրէն խախտել են հրադադարի ռեժիմը: Միջադէպի արդիւնքում Արցախի Հանրապետութեան պաշտպանութեան բանակի զինծառայող է հրազէնային վիրաւորում ստացել: Այս մասին յայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարութունը:

Արցախի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարութիւնը խստօրէն դատապարտում է ադրբեջանական կողմի սադրիչ քայլերը եւ դրանք որակում որպէս գործողութիւն` ուղղւած ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում իրավիճակի ապակայունացմանը եւ խաղաղապահ ջանքերի խաթարմանը:

Նմանատիպ վտանգաւոր վարքն անընդունելի է եւ հանդիսանում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան գօտում կրակի եւ բոլոր ռազմական գործողութիւնների լիակատար դադարեցման մասին 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ յայտարարութեան կոպիտ խախտում: Կոչ ենք անում Ադրբեջանին խստօրէն պահպանել եռակողմ յայտարարութեան շրջանակներում ստանձնած պարտաւորութիւնները եւ զերծ մնալ սադրիչ գործողութիւններից, որոնք կարող են խափանել հաստատւած կրակի դադարեցման ռեժիմը:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Ողջունում ենք դեկտեմբերի 24-ին Լիւքսեմբուրգի Մեծ Դքսութեան Պատգամաւորների պալատի կողմից բանաձեւի միաձայն ընդունումը, որում հետեւողականօրէն հաւատարիմ մնալով ս.թ. հոկտեմբերի 16-ին ընդունւած բանաձեւի ոգուն` Լիւքսեմբուրգի խորհրդարանը, ըստ էութեան, դատապարտում է Թուրքիայի ներգրաււածութեամբ Արցախի Հանրապետութեան դէմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան, դրա արդիւնքում Արցախի տարածքի մեծ մասի ռազմական օկուպացիան եւ Արցախի ու նրա բնակչութեան դէմ շարունակւող պատերազմական հռետորաբանութեան եւ սպառնալիքների քաղաքականութիւնը: Այս մասին յայտարարութիւն է տարածել Արցախի ԱԳՆ-ն:

Յայտարարութեան մէջ նաեւ ասւում է. «Կարեւորում ենք, որ բանաձեւում խորհրդարանը կոչ է անում Լիւքսեմբուրգի կառավարութեանը պահանջել մարդասիրական կազմակերպութիւնների մուտքը Արցախ` աջակցելու հանրապետութիւնում ստեղծւած մարդասիրական ծանր իրավիճակի լուծմանը:

Յատկանշական է, որ բանաձեւում կարեւորւում է հրադադարի պահպանումը, ռազմագերիների փոխանակումը եւ զոհերի մարմինների դուրսբերումը: Խորհրդարանը նաեւ նշում է պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինւած ուժերի կողմից իրականացւած պատերազմական յանցագործութիւնների անկախ հետաքննութեան ու դրանց հեղինակների իրաւական պատասխանատուութեան ենթարկելու անհրաժեշտութիւնը:

Համոզւած ենք, որ նմանատիպ բանաձեւերի ընդունումը կը դառնայ միջազգային հանրութեան կարեւոր կոլեկտիւ ներդրումը` ադրբեջանա-ղարաբաղեան հակամարտութեան համապարփակ եւ արդարացի կարգաւորման գործում` հիմնւած Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անկապտելի իրաւունքի իրացման փաստի ճանաչման վրայ:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Թշնամու վերահսկողութեան տակ անցած տարածքներում իրականացւող որոնողական աշխատանքների արդիւնքում` ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայութեան, Արցախում խաղաղապահ առաքելութիւն իրականացնող ռուսական զօրակազմի եւ Կարմիր Խաչի միջազգային կոմիտէի ջանքերով աւելի քան 70 օր անյայտութեան մէջ գտնւող ժամկէտային 6 զինծառայողներ` Արսէն Կարէնի Այւազեանը, Դաւիթ Գեղամի Սահակեանը, Նիկոլա Սէյրանի Ստեփանեանը, Արթուր Գարիկի Յարութիւնեանը, Արման Արշակի Արմաղանեանը եւ Ռուսլան Սարգիսի Թումանեանը քիչ առաջ վերադարձան Հայրենիք:

Տղաները բուժզննման կարիք ունեն:

 

Աղբիւր՝ www.yerkir.am

 

Դեկտեմբերի 18-ին, Բելգիայի Ներկայացուցիչների պալատը 130 կողմ եւ 12 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան եւ դրա հետեւանքների վերաբերեալ բանաձեւ:

 Բանաձեւը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին ռազմական գործողութիւնների վերսկսումը» եւ կառավարութեանը կոչ անում ձեռնարկել մի շարք միջոցառումներ, որոնք ուղղւած են պատերազմից տուժած բնակչութեան հոգսերը  թեթեւացնելուն, պատերազմական յանցագործութիւնների համար պատասխանատուներին բացայայտելուն եւ դատապարտելուն, ինչպէս նաեւ  հրադադարի ռեժիմը  պահպանելուն եւ բանակցութիւնները  Լեռնային Ղարաբաղի սահմանները եւ նրա ժողովրդի ինքնորոշման իրաւունքը յարգող խաղաղ համաձայնագրի շուրջ տանելուն: Ի թիւս այլ դրոյթների, Խորհրդարանը, մասնաւորապէս, դատապարտում է այն վնասակար դերը, որ խաղացել է Թուրքիան այս պատերազմում, եւ պահանջում  է նրան «դադարեցնել ռազմական միջամտութիւնն այս հակամարտութեանը» եւ  զերծ մնալ «տարածաշրջանում  ապակայունացնող դերակատարումից»:

Բելգիայի հայերի կոմիտէն ողջունում է այն փաստը, որ Խորհրդարանը յստակ եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրել այս հարցի  վերաբերեալ եւ շնորհակալութիւն է յայտնում այն խորհրդարանականներից, որոնք իրենց ներդրումն են ունեցել դրանում: Այսպիսով` բանաձեւը ճանապարհ է բացում տարածաշրջանում կոնկրէտ եւ կառուցողական գործողութիւնների համար:

Կոմիտէն կոչ է անում կառավարութեանը` առանց յապաղելու գործել` խորհրդարանի առաջարկութիւնների համաձայն: Նա մասնաւորապէս ընդգծում է մարդասիրական օգնութեան հրատապութիւնը եւ բելգիական ներկայութիւնը տարածաշրջանում:

Նոյն օրը Ներկայացուցիչների պալատն ընդունեց նաեւ մէկ այլ տեքստ, որն առաջադրւել էր պատգամաւոր  Միշել դէ Մագդի կողմից: Այդ տեքստով  դեկտեմբերի 9-ը սահմանւում է  Բելգիայի կողմից պաշտօնապէս ճանաչւած ցեղասպանութիւնների զոհերի յիշատակին նւիրւած ազգային օր: Կոմիտէն ողջունում է այս որոշումը, որը կը նպաստի ցեղասպանութիւն ֆենոմենի ընկալմանը:

Բելգիայի հայերի կոմիտէն Բելգիայում հայերի համայնքի գործադիր մարմինը եւ խօսնակն է:  Դեռեւս  1922 թ. հիմնադրւած հայկական ինստիտուտները  համախմբւած են  Բելգիայի` հայկական ծագմամբ բոլոր բնակիչների կողմից ընտրւած համաժողովում: Հայերի թիւը երկրում աւելի քան 30,000 է: