«Հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հիւսիսային ուղղութեամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատւածում վարել է հրետանային եւ հրաձգային կրակ, իսկ հարաւային ուղղութեամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատւածում հասցրել է հրթիռային հարւածներ»: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում յայտարարել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը:

Անցեալ օրը ՀՀ ԱԳՆ յայտարարութիւն էր տարածել մարդասիրական զինադադարի հաստատման վերաբերեալ, որտեղ նշւած էր, թէ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Ադրբեջանի Հանրապետութիւնն ի շարունակութիւն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արւած յայտարարութեան, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արւած յայտարարութեան եւ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկւայում ընդունւած համատեղ յայտարարութեան որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

 

 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում յարաբերական կայուն լարւածութիւնը պահպանւել է:

Առաւօտեան հիւսիսային եւ հարաւարեւելեան ուղղութիւններով հակառակորդը վերսկսել է հրետանային ակտիւ կրակը:

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանը:

 

Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական զինուժը թիրախաւորել է Հայաստանի Հանրապետութեան տարածքում, Քարվաճառի հետ սահմանակից գօտում մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկայ` ընդամէնը ենթադրութիւնների հիման վրայ, թէ, իբր, այդ տեխնիկան պատրաստ է եղել հարւածել Ադրբեջանի խաղաղ բնակավայրերին:

Աւելորդ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան այդ պնդումը չի կարող որեւէ հիմնաւորում ունենալ: Փաստացի, այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարութիւնն իրեն թոյլ է տալիս թիրախաւորել Հայաստանի Հանրապետութեան տարածքում գտնւող եւ բնականոն մարտական հերթապահութիւն իրականացնող մարտական տեխնիկան` ընդամէնը ենթադրութիւնների հիման վրայ:

Վերահաստատելով, որ մինչեւ այս պահը Հայաստանի Հանրապետութեան տարածքից որեւէ հրթիռ, արկ կամ գնդակ չի արձակւել Ադրբեջանի ուղղութեամբ, միեւնոյն ժամանակ յայտարարում ենք, որ այսուհետ Հայաստանի Հանրապետութեան զինւած ուժերն իրենց իրաւունք են վերապահում նոյն տրամաբանութեամբ թիրախաւորել Ադրբեջանի տարածքում գտնւող ցանկացած ռազմական օբյէկտ կամ ռազմական տեղաշարժ:

Մարտական գործողութիւնների գօտին եւ տրամաբանութիւնը փոխելու գործընթացի ողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը:

Բարեբախտաբար, զոհեր եւ վիրաւորներ չկան:

 

Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում պահպանւել է յարաբերական կայուն լարւածութիւնը: Առանձին հատւածներում տարբեր ինտենսիւութեամբ շարունակւել են հրետանային մենամարտերը: Տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութիւնը:

Առաւօտեան հարաւային, հարաւ-արեւելեան, հիւսիսային եւ հիւսիս-արեւելեան ուղղութիւններով հակառակորդը, խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել է հրթիռահրետանային հրետակոծութիւնները` յատկապէս ինտենսիւ կրակ վարելով հարաւ-արեւելեան, հիւսիսային եւ հիւսիս-արեւելեան հատւածներում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի նախայարձակ ակտիւութիւնը կասեցնելու համար ճակատային գծի բոլոր ուղղութիւններում ձեռնարկում են համարժէք գործողութիւններ` շարունակելով վստահօրէն իրականացնել հայրենիքի սահմանների պաշտպանութեան սրբազան առաքելութիւնը:

 

 

Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան Նախարարութեան պաշտօնական կայքից տեղեկանում ենք.

«Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում յարաբերական կայուն լարւածութիւնը մնացել է անփոփոխ:

Առաւօտեան հարաւային, հիւսիսային, հիւսիս-արեւելեան եւ արեւելեան ուղղութիւններով հակառակորդը վերսկսել է հրթիռահրետանային ակտիւ կրակով ուղեկցւող գործողութիւններ: Թշնամին յատկապէս ակտիւ է ճակատային գծի հիւսիս-արեւելեան հատւածում:

ՊԲ ստորաբաժանումները հակառակորդի կրակը լռեցնելու եւ վերջինիս պլանները ձախողելու համար բոլոր ուղղութիւններում ձեռնարկում են համարժէք գործողութիւններ` վերահսկողութեան տակ պահելով օպերատիւ-մարտավարական իրադրութիւնը:

 

 

 

Արցախի հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է․

«Յարգելի հայրենակիցներ,

Իրավիճակը շարունակում է օրհասական մնալ: Ակտիւ հանդիպումներ եմ ունենում աշխարհազօրի հետ: Բոլորս մէկ մարդու պէս պէտք է ոտքի կանգնենք: Զոհասեղանին Հայրենիքի փրկութեան հարցն է: Արցախեան առաջին պատերազմի մասնակիցներին ներգրաւում ենք պայքարի մէջ: Երախտապարտ եմ մեր ժողովրդի ցուցաբերած պատրաստակամութեան եւ համախմբւած կերպով հող հայրենին պաշտպանելու համար»:

 

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեան.

«Գիշերւայ ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում իրադրութիւնը եղել է յարաբերական կայուն-լարւած:

Հակառակորդն այժմ ինտենսիւօրէն հրետակոծում է հարաւային առաջնագիծը»:

«Չնայած պաշտպանութեան բանակը հետեւում է Մոսկւայում ձեռք բերւած հումանիտար հրադադարի մասին պայմանաւորւածութիւններին եւ կրակ չի վարում` ադրբեջանական կողմը շարունակում է հրթիռահրետակոծութեան տակ պահել Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին եւ Արցախի Հանրապետութեան այլ բնակավայրերը: Ադրբեջանական կողմը միեւնոյն ժամանակ ստայօդ տեղեկութիւններ է տարածում այն մասին, թէ իբր ՊԲ ստորաբաժանումները թիրախացորել են Գեանջա քաղաքը: Յիշեալ պնդումները բացարձակ սուտ են եւ իրականութեան հետ որեւէ առնչութիւն չունեն»: Իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանը:

 

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանն իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով յայտարարւած կրակի դադարեցումը, ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբէյլի» կոչւող տեղամասի ուղղութեամբ: Արցախի ՊԲ ստորաբաժանումները դիմում են համապատասխան միջոցների` կասեցնելու հակառակորդի գրոհը»:

 

 

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանը իր ֆէյսբուքեան էջով տեղեկացնում է.

«Ռուսաստանի Դաշնութեան, Հայաստանի Հանրապետութեան եւ Ադրբեջանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարների յայտարարութիւնից յետոյ հարաւային ուղղութեամբ հակառակորդի կողմից ուժգնացել է ԱԹՍ-ի օգտագործումը։

Հակառակորդը կիրառել է հարւածային ԱԹՍ Երիցվանք գիւղական համայնքի, նաեւ Հայաստանի Սիւնիքի մարզի, Կապանի շրջանի Արծւանիկ բնակավայրի ուղղութեամբ։ Տուժածներ չկան։

ՊԲ ստորաբաժանումները կասեցնում են հակառակորդի բոլոր գրոհները՝ պատճառելով մարդուժի եւ ԱԹՍ-ի մեծ կորուստներ։

Հակառակորդը նենգաբար փորձում է փոխել իրավիճակը մինչեւ հոկտեմբերի 10-ի ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով յայտարարւած կրակի դադարեցումը։

Արցախի ՊԲ ստորաբաժանումները պատրաստ են կասեցնելու հակառակորդի նախայարձակ մտադրութիւնները»։

 

Հոկտեմբերի 10-ից ժամը 12:00-ից հումանիտար հրադադար է սկսւում. ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցութիւնների աւարտին յայտարարութիւն է ընդունւել։ Տեղեկացնում է «Yerkirmedia.am»-ն:

1. Հրադադարի ռեժիմը յայտարարւում է 2020 թ. Հոկտեմբերի 10-ի ժամը 12-ից 00 րոպէից` մարդասիրական նպատակներով, միջնորդութեամբ եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի չափանիշներին համապատասխան, ռազմագերիների եւ այլ կալանաւորւած անձանց եւ սպանւածների մարմինների փոխանակման համար:

2. Հրադադարի յատուկ պարամետրերը կը համաձայնեցւեն յետագայում:

3. Ադրբեջանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդութեամբ, հիմնւած կարգաւորման հիմնարար սկզբունքների վրայ, սկսում են առարկայական բանակցութիւններ հնարաւորինս շուտ խաղաղ կարգաւորման հասնելու համար:

4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի գործուն ձեւաչափը:

 

ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանի ֆէյսբուքեան էջից տեղեկանում ենք.

«Գիշերւայ ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ եւ ամրանալ հարաւարեւելեան ուղղութեամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինւած ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցւել են:

Առաւօտեան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարւածից յետոյ, մարտադաշտում թողնելով եւս 60 զոհ, ինչպէս նաեւ 22 միաւոր խոցւած, մի քանի տասնեակ սարքին տեխնիկա, հակառակորդի` միջոցներով գերյագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի:

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարաւարեւելեան ուղղութեամբ խոցւել է հակառակորդի վառելիքաքսուքային պահպանման խոշոր բազա:

Ճակատի տարբեր ուղղութիւններում ստեղծւել են հնարաւորութիւններ յաջողութիւնները զարգացնելու համար»:

 

«ԼՂ հակամարտութեան գօտում մարտական գործողութիւններն անյապաղ դադարեցնելու վերաբերեալ միջազգային հանրութեան բազմաթիւ կոչերից յետոյ, գիշերը սահմանին համեմատաբար հանգիստ է անցել:

Յետագայ սրացումների դէպքում ամբողջ պատասխանատւութիւնը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի Քարտուղար Շուշան Ստեփանեանը:

 

 

 

Գիշերւայ ընթացքում եւ այս պահին արցախա-ադրբեջանական հակամարտութեան գօտում մարտերը տարբեր ինտենսիւութեամբ շարունակւում են. այս մասին յայտնում է ՀՀ ՊՆ խօսնակ Շուշան Ստեփանեանը:

 

 

Արցախի նախագահի խօսնակ Վահրամ Պօղոսեանը ֆէյսբուքեան իր էջում գրել է, որ հայկական զինուժը հարւածել է Գեանջայի ռազմական օդանաւակայանին։

«Գեանջայի ռազմական օդանաւակայանը յօդս ցնդեց: Առաջին»,- գրել է նա:

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը գրում է.

«#հրատապ

Չնայած բազմաթիւ նախազգուշացումներին` Ադրբեջանի ահաբեկչական բանակը շարունակում է թիրախաւորել Ստեփանակերտի խաղաղ բնակչութեանը` օգտագործելով «Պոլոնեզ» եւ «Սմերչ» համակարգեր:

Ադրբեջանի խոշոր քաղաքներում մշտական տեղակայւած զինւորական օբյեկտները այսուհետ դարձան պաշտպանութեան բանակի թիրախները: Ադրբեջանի բնակչութեանը կոչ եմ անում արագ լքել այդ քաղաքները` հնարաւոր կորուստներից խուսափելու համար:

Այս ամէնի ամբողջ պատասխանատւութիւնը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարութիւնը»:

 

 

Արցախի Հանրապետութեան նախագահ Արայիկ Յարութիւնեանը իր ֆէյսբուքեան էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ վերադարձայ առաջնագծից: Եղել եմ տարբեր հատւածներում. ամենուրէք առկայ է ոգեւորութիւն, սխրանք, հերոսութիւն: Մեր յաղթանակն անկասելի է, քանի որ մեր պաշտպանների ցուցադրած վարքը հայ ժողովրդի հաւաքական ուժի եւ յարատեւութեան բացառիկ դրսեւորում է:

Ուզում եմ յատուկ շնորհակալութիւն յայտնել Պաշտպանութեան բանակին եւ նրա հրամկազմին` իրենց առջեւ դրւած խնդիրը փայլուն կատարելու համար»:

 

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված զինծառայողները. Արցախի Պաշտպանութեան նախարարութիւն (3 հոկտեմբեր 2020)

Եղոյեան Արսէն Մերուժանի, ծնւ. 2001թ.
Ստեփանեան Լեւոն Համլետի, ծնւ. 2001թ.
Առաքելեան Էդգար Արայիկի, ծնւ. 2000թ.
Առաքելեան Վահէ Արայիկի, ծնւ. 2000թ.
Մկրտչեան Սարիբեկ Յովհաննէսի, ծնւ. 2000թ.
Բաբայեան Սուրէն Յարութիւնի, ծնւ. 2000թ.
Միկիչեան Գագիկ Սմբատի, ծնւ. 2001թ.
Լոգեան Արտեօմ Էդւարդի, ծնւ. 2001թ.
Պետրոսեան Վաչէ Արարատի, ծնւ. 1996թ.
Կամաւորական Յովհաննիսեան Կարէն Ստեփանի, ծնւ. 1997թ.
Գրիգորեան Արսէն Վրէժի, ծնւ. 2001թ.
Մկրտչեան Արամ Մհերի, ծնւ. 2002թ.
Ղեւոնդեան Գոռ Յովսէփի, ծնւ. 2000թ.
Գալստեան Երեմ Վանուշի, ծնւ. 1979թ.
Երանոսեան Արթուր Դերենիկի, ծնւ. 1995թ.
Արզումանեան Դաւիթ Վլադիմիրի, ծնւ. 1986թ.
Մարտիրոսեան Ալբերտ Բարեղամի, ծնւ. 1995թ.
Սարգսեան Գառնիկ Վարդանի, ծնւ. 1990թ.
Մալխասեան Գառնիկ Լեռնիկի, ծնւ. 1991թ.
Խաչատրեան Դերենիկ Խաչիկի, ծնւ. 1996թ.
Վարդազարեան Աշոտ Իւրիի, ծնւ. 1985թ.
Գորոդնիչի Եւգենի Ագբերի, ծնւ. 1993թ.
Յակոբեան Տարօն Յակոբի, ծնւ. 1987թ.
Աբրահամեան Արշակ Արարատի, ծնւ. 2002թ.
Մանուկեան Մաքսիմ Յակոբի, ծնւ. 2002թ.
Դաւոյեան Էդուարդ Արսէնի, ծնւ. 2001թ.
Խաչատրեան Ալբերտ Արմէնի, ծնւ. 1994թ.
Յակոբեան Մուշ Մհերի, ծնւ. 1999թ.
Ասլանեան Վան Արմէնի, ծնւ. 2001թ.
Ստեփանեան Ալէն Արտուշի, ծնւ. 2001թ.
Մարգարեան Էդգար Հրաչեայի, ծնւ. 2000թ.
Գրիգորեան Միշա Մելիքի, ծնւ. 2001թ.
Ղուլեան Դաւիթ Հենզելի, ծնւ. 2002թ.
Ղազարեան Յարութիւն Ահարոնի, ծնւ. 2001թ.
Մկրտչեան Արման Կարէնի, ծնւ. 2001թ.
Գալստեան Ռուստամ Գագիկի, ծնւ. 2001թ.
Գալէյեան Մխիթար Գարիկի, ծնւ. 2000թ.
Բեգլարեան Սերժ Արմէնի, ծնւ. 2000թ.
Յակոբքեխւեան Սերժ Սերգէյի, ծնւ. 2000թ.
Յարութիւնեան Միհրան Գագիկի, ծնւ. 2001թ.
Մուրադխանեան Գրիգոր Վարուժանի, ծնւ. 2001թ.
Եգանեան Միքայէլ Արարատի, ծնւ. 2001թ.
Չիպլիեւ Արտեմ Գագիկի, ծնւ. 2002թ.
Ազատեան Արման Վիգէնի, ծնւ. 2000թ.
Բախշիեան Կամօ Սերգէյի, ծնւ. 1988թ.
Կարապետեան Գոռ Կարէնի, ծնւ. 2001թ.
Յարութիւնեան Արմէն Արշակի, ծնւ. 2001թ.
Մանուկեան Գոռ Վիգէնի, ծնւ. 1991թ.
Բագիյեան Գէորգ Ալբերտի, ծնւ. 1976թ.
Կամաւորական Մովսիսեան Սլաւա Վլադիմիրի, ծնւ. 1978թ.
Կամաւորական Առաքելեան Նորայր Վլադիմիրի, ծնւ. 1960թ.

 

ԱՀ նախագահ Արայիկ Յարութիւնեանը ֆեյսբուքեան իր էջում գրել է․

«Հայոց փառքի ու պարծանքի արժանի բանակի գեներալնե՛ր, սպանե՛ր, սերժանտնե՛ր, զինուորնե՛ր,

Զինակից ընկերնե՛ր,

Նւիրեալ կամաւորնե՛ր,

Արցախի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով տարբեր ինտենսիւութեամբ ընթանում են ծանր մարտեր:

Հրետակոծութեան են ենթարկւել քաղաքացիական բնակավայրերը, ներառեալ` մայրաքաղաք Ստեփանակերտը:

Ազգն ու Հայրենիքը վտանգւած են. վտանգւած է մեր քաջ հայորդիների արեան գնով ազատագրւած սեփական հողի վրայ ազատ, անկախ ու արժանապատիւ կերպով ապրելու եւ արարելու իրաւունքը:

Ուստի, յատուկ նշանակութեան ստորաբաժանումների հետ այժմ մեկնում եմ առաջնագիծ` իմ բաժին մարտը մղելու, քանզի ես արդէն առաջնագծում աւելի արժէքաւոր կը լինեմ, քան` թիկունքում:

Կոչ եմ անում բոլորիդ` անյապաղ ոտքի կանգնել եւ անմնացորդ նւիրումով պաշտպանել սեփական հայրենիքում առանց գոյաբանական վտանգի ապրելու մեր անքակտելի իրաւունքը:

Սա հայրենական սուրբ պատերազմ է, որը մենք պէտք է յաղթենք իւրաքանչիւրի առաւելագոյն մասնակցութեամբ ու նւիրումով:

Ես հաւատում եմ ձեր ոգու արիութեանը եւ բազկի ուժին:

Լինե՛նք արժանի մեր Մեծ նախնիներին, բոլոր նրանց, ովքեր դարեր առաջ, Սարդարապատում, Մեծ հայրենականում, Արցախեան ազատամարտում, 2016 թւականի Ապրիլեան պատերազմում, 2020 թւականի Յուլիսեան մարտերում իրենց կեանքն են զոհաբերել, որպէսզի մեր մայրերի, քոյրերի, զաւակների իւրաքանչիւր առաւօտ խաղաղութեամբ բացւի, որպէսզի նրանց իւրաքանչիւր ժպիտ արժանապատւութեամբ ու հպարտութեամբ լցւի:

Լինե՛նք պատասխանատու մեր ներկայ ու գալիք սերունդների առջեւ, որպէսզի թոյլ չտանք դարաւոր թշնամուն կրկին ցեղասպանել մեզ եւ եաթաղան ճօճել մեր գոյութեան ու արժանապատւութեան գլխին, որպէսզի հնարաւորութիւն ու իրաւունք ընձեռենք մեր գալիք սերունդներին լինելու եւ արարելու յաւէտ սեփական հողի վրայ ու սեփական արժէքներով:

Մենք բազում յաղթանակներ ենք տարել եւ ստեղծել ենք կազմակերպւած ու մարտունակ, տարածաշրջանում հզօր ու յաղթանակած բանակ: Հայոց բանակն այսօր ազգային միասնականութեան եւ համախմբման կենդանի մարմնացումն ու առանցքն է:

Այժմ կրկին ժամն է ազգովի դառնալու մի կուռ ու հուժկու բանակ, մի ոգեղէն հայրենական պարիսպ, որին կը բախւեն բոլոր օտար մրրիկներն ու ետ կը շպրտւեն գլխակորոյս կերպով:
Վստահ եմ, որ դուք էլ էք կիսում իմ մտահոգութիւններն ու համոզմունքները, որ դուք էլ էք դաւանում այն համազգային ու համամարդկային արժէքները, յանուն որոնց պէտք է կանգնենք անկոտրում ու անվարան կերպով:

Սա մեր վերջին մարտն է, որը մենք անպայման միասին յաղթելու ենք:


Ձեզ հետ եմ մինչեւ ՅԱՂԹԱՆԱԿ:
Ի զե՛ն:
Պատիւ ունենք»:

Աղբիւր՝ www.yerkir.am

 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Յովհաննիսեանն առանց մանրամասներ ներկայացնելու գրել է, որ մեր զօրքերը դրսեւորում են բացառիկ հնարամտութիւն եւ խելայեղ քաջութիւն: Իսկ ՀՀ ՊՆ մամուլի խօսնակ Շուշան Ստեփանեանն էլ հրապարակել է այդ բացառիկ հնարամիտ եւ խելայեղ քաջութիւն ունեցող մի քանի զինծառայողների լուսանկարներ: