Աղբիւր՝ www.alikonline.ir

«168.am» - Ստամբուլում եւ Անկարայում Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների դիմաց կազմակերպւած բողոքի ցոյցերի առնչութեամբ պաշտօնական Թեհրանը Թուրքիայի դեսպան Ռեզա Հաքան Թեքինին կանչել է արտաքին գործերի նախարարութիւն: Ինչպէս հաղորդում է թուրքական «Դողան» գործակալութիւնը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասել է Իրանի ԱԳՆ խօսնակ Բահրամ Ղասեմին:

Խօսնակն ընդգծել է, որ Իրանի դիւանագիտական ներկայացուցչութիւնների դիմաց իրականացւած բողոքի ակցիաներն «անընդունելի վերաբերմունք են»: «Ոստիկանութիւնը պարտաւոր է նման դէպքերից առաջ նախազգուշացնել դիւանագիտական ներկայացուցչութեանը, սակայն դա չի արւել: Խնդրի առնչութեամբ Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչւել է ԱԳՆ, որտեղ նրան է ներկայացւել Իրանի մտահոգութիւնն այս թեմայով»,- ասել է նա:

Ղասեմին ընդգծել է, որ Թուրքիայում որոշ մարդիկ ցանկանում են հակաիրանական տրամադրութիւններ ստեղծել: «Շատ լաւ գիտենք, թէ ովքեր են այդ դէպքերին աջակցում եւ ուղղորդում»,- նշել է խօսնակը: