Չորեքշաբթի՝ յունիսի 18-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգային կրթահամալիրի “Ալենուշ Տէրեան” սրահում, Սպահանի հայոց Թեմի Թեմական խորհրդի հրաւէրով հանդիպում կայացաւ Պատգամաւորական ժողովի, Կրօնական ու Թեմական խորհուրդների, Հաշւեքննիչ մարմնի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կենտրոնական մարմնի անդամների ներկայութեամբ, ուր քննարկւեց Սբ. Ամենափրկիչ վանքում 1975 թւականին կառուցւած Հայոց Ցեղասպանութեան զոհերի յուշարձանի յարակից տարածքի բարեզարդման նախագիծը: Հանդիպմանը հրաւիրւել եւ ներկայ էին նաեւ նշւած նախագծի հեղինակ ճարտ. Մեղեդի Խուդաբախշեանը, Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրէն ճարտ. Շերլի Աւետեանը եւ շինարարական ոլորտում համայնքիս մի շարք մասնագէտներ:

Սկզբում Թեմական խորհրդի ատենապետ Նոէլ Մինասեանը շնորհակալութիւն յայտնելով ներկաներին՝ հրաւէրին ընդառաջելու եւ հանդիպմանը ներկայանալու համար յայտնեց, որ արդէն երկու տարի է ինչ Սբ. Ա. վանքում Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի յարակից տարածքի, ինչպէս նաեւ թանգարանում Ցեղասպանութեան տաղաւարի բարեզարդման աշխատանքները Թեմական Խորհրդի օրակարգի վրայ են գտնւում, սակայն խորհրդակցելով ազգային մարմինների հետ, նպատակայարմար է նկատւել աշխատանքն իրագործել 100-ամեակի ծրագրերի շրջագծում: Նա նշեց, որ նախագիծն ընդհանրութեան մէջ արդէն քննարկւել է Թեմական ու Կրօնական խորհուրդների եւ Պատգամաւորական ժողովի նիստերում, եւ այս ուղղութեամբ ստացւել է յուշարձանի հեղինակ ճարտ. Ալբերտ Աճեմեանի տեսակէտներն ու առաջարկները:

Այնուհետեւ նախագծի հեղինակ՝ ճարտ. Մեղեդի Խուդաբախշեանը, անդրադառնալով նախագծին, նախ ներկայացրեց ներկայ դրւածքի առաւելութիւններն ու թերութիւնները, ապա մանրամասնօրէն բացատրեց իր առաջարկները՝ բոլոր անհրաժեշտ փոփոխութիւններով եւ մտայղացման պատճառները:

Հանդիպման շարունակութեան մէջ նախագծի առնչութեամբ հնչեցին հարցեր, որոնց մասնագիտօրէն պատասխանեց հեղինակը, իսկ ներկաներն արտայայտեցին իրենց տեսակէտներն ու կառուցողական առաջարկները՝ ծրագրի շրջագծում: