Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը 2014 թւականը հռչակել է «Տարեցների տարի»: Տարին արժեւորելու համար Շահինշահրում կեանքի է կոչւել յանձնախումբ, որի նախատեսած միջոցառումների մեկնարկն եղաւ Մայրերի օրւան նւիրւած ձեռնարկը: Հինգշաբթի՝ 2014 թւականի ապրիլի 10-ի երեկոյեան Շահինշահրի հայոց ազգային «Սրբոց Վարդանանց» դպրոցի սրահում նշւեց մայրերի տօնը: Երեկոյի բացումը կատարեց տկն. Վարդուհի Պօղոսեանը. նա ողջունելով հայ մայրերին, շնորհաւորեց տօնի կապակցութեամբ եւ հայ մօր ուսերին ծանրացած առաքելութիւնը մեծարելով ու պատմութեան ընթացքում նրա կատարած սխրանքները դրւատելով՝ մեծ գնահատանքի արժանի համարեց նրանց:

Ծրագիրը շարունակւեց գեղարւեստական յայտագրով. տօնական երգերով հանդէս եկաւ Շահինշահրում նոր կազմաւորւած նւագախումբը՝ Վիլսոն Յարութիւնեանի մենակատարութեամբ: Ելոյթ ունեցան Ժաննա Շահբազեանը եւ Ադենա Այւազեանը՝ գեղեցիկ ասմունքներով:

Տեղի ունեցան նաեւ հետաքրքիր մրցութիւններ՝ ամուսնացեալ զոյգերի եւ մայրերի համար, որոնք նորութիւն լինելով՝ խանդավառութիւն ստեղծեցին դահլիճում եւ տօնակատարութիւնը դարձաւ աւելի հաճելի:

Ծրագիրը շարունակւեց ուրախ ժամանցի տեսքով: