Կիրակի՝ 2020 թւականի յունւարի 5-ի երեկոյեան, Նոր Ջուղայի «Ս. Ստեփանոս», «Ս. Ներսէս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ», իսկ Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց՝ Ս. Ծննդեան եւ Աստւածայայտնութեան տօների նախատօնակի՝ Ճրագալոյցի առիթով: «Ս. Ստեփանոս» եկեղեցու Պատարագը մատուցւեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի ձեռամբ: 

Ս. Պատարագի ընթացքում բոլոր եկեղեցիներում ընթերցւեց Ս. Ծննդեան տօնի առիթով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի պատգամը՝ «Աստծու որդու ծնունդը՝ հրաւէր փրկութեան» խորագրով: 

Մի հատւածի մէջբերում շնորհազարդ Հայրապետի պատգամից.

«Չմոռանանք, որ փրկութեան ճանապարհը՝ Բեթղեհէմով աշխարհի առջեւ բացւած ճանապարհն է: Հարկ է քայլել այս ճանապարհով: Չմոռանանք, որ փրկութեան ճանապարհը ապաշխարութիւնն է, ոչ թէ սոսկ խօսքով, այլ ինչպէս յորդորում է Ղուկաս Աւետարանիչը՝ «գործով ցոյց տւէք, թէ ապաշխարել էք»: Չմոռանանք, որ փրկութիւնը սիրով շաղախւած ու ծառայութեամբ լցւած ճանապարհն է… Չմոռանանց, որ փրկութիւնը հաւատով զսպանակւած ու հաւատը գործի վերածելու յանձնառութեամբ ապրւած կեանքն է»:

Յաջորդ օրը՝ յունւարի 6-ի առաւօտեան, Ս. Ծննդեան տօնի Ս. եւ Անմահ Պատարագն ու Ջրօրհնէքի կարգը մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Բեթղեհէմ» եւ «Ս. Յովհաննու Կարապետ» ու Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» եկեղեցիներում: «Ս. Բեթղեհէմ» եկեղեցում պատարգեց թեմակալ առաջնորդը:

Սրբազան Հայրն ընթացքում տօնի առթիւ իր պատգամը փոխանցեց ներկաներին, ուր  անդրադարձ կատարելով Տիրոջ ծնունդին, ինչպէս նաեւ նրա պատգամներից մէկին, որտեղ շեշտւած է ընտանիք կազմելու եւ նորահաստատ յարկի ներքոյ ընտանեկան սրբութիւնը պահպանելու մասին, ընդգծեց, թէ հայ ազգի գոյատեւման պայքարի մէջ յաջողութեան հիմնական սիւնը հանդիսանում է հայ ընտանիքի կազմութիւնը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր պատգամի աւարտին հետեւեալ կոչն ուղղեց հաւատացեալներին. «Պէտք է գիտակցենք, որ մեզանից իւրաքանչիւրը մեր ժողովրդի հանդէպ սուրբ պարտականութիւն ունի՝ նորակազմ ընտանիքով կենսատու եւ վերանորոգող բջիջը դառնալու մեր ազգի կեանքի գոյատեւման ապագան ապահովող պայքարի այս յաղթական երթի մէջ… Մաքրամաքուր հայ ընտանիքներ կազմելով՝ անսանք մեր ծնողների խրատներին, եւ կարելիութեան սահմաններում նորապսակ ամուլները վերածւեն բազմազաւակ հայկական բոյների, մկրտութեան ժամանակ իրենց օջախներում վերակենդանացնելով մեր հայկական մոռացւած ու անտեսւած անունները»:

Թեմակալ առաջնորդի պատգամն ընթերցւեց նաեւ թեմի միւս եկեղեցիներում՝ պատարագիչ հայրերի միջոցով:

Արարողութիւնից յետոյ տեղի ունեցաւ Ջրօրհնէքի կարգը:

Նոյն օրը, կէսօրից յետոյ, Ջրօրհնէքի արարողութիւն տեղի ունեցաւ նաեւ Նոր Ջուղայի «Ս. Սարգիս», «Ս. Նիկողայոս» եւ «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» եկեղեցիներում, իսկ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ ու թեմի եկեղեցական դասի մասնակցութեամբ, երեկոյեան ժամը 5:30-ին, Ջրօրհնէքի կարգ կատարւեց Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, որից յետոյ վանքի Ծաղկեայ դահլիճում թեմակալ առաջնորդն ընդունեց տօնի առթիւ շնորահաւորանքները:

Առաջնորդ Սրբազան Հօր նախագահութեամբ մատուցւած բոլոր արարողութիւնների ընթացքում երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ դոկտ. Արբի Բաբումեանի:

Թղթակից (Նոր Ջուղա)