Ուրբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 25-ի երեկոյեան, Նոր Ջուղայի հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» սրահում, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան հիմնադրման 90-ամեակի առիթով (90-ամեակը լրանալու է 2020 թւականին) իրականացւեց համերգային միջոցառում, նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի «Մեղեդի» մանկա-պատանեկան երգչախմբի կատարմամբ, որի միջոցով մեկնարկը տրւեց այս առիթին նւիրւած ծրագրերի շարանի: Յատկանշական է, որ 2020 թւականին լրանում է նաեւ «Մեղեդի» երգչախմբի հիմնադրման 10-ամեակը:

Համերգին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, ազգային մարմինների, դպրոցների եւ միութիւնների ներկայացուցիչները, կազմակերպիչ միութեան անդամները, երգչախմբի անդամների հարազատներն ու ժողովուրդ: 

Սկզբում բացման խօսքով ելոյթ ունեցաւ 90-ամեակի յոբելեանական ձեռնարկների կազմակերպիչ  յանձնախմբի անդամ Վեհանուշ Խուդաբախշեանը, ով իր խօսքում անդրադառնալով 1930 թւականի հոկտեմբերի 12-ին, Աբադանում հիմնադրւած Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան պատմութեանն ու գործունէութեանը զանազան բնագաւառներում եւ շրջաններում, յատկապէս ընդգծեց միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի հիմնադրման պատմութիւնն ու անցեալը:

Երեկոն շարունակւեց պատանիներ Արփինէ Մովսիսեանի եւ Արթուր Քամարզարեանի հանդիսավարութեամբ ու «Մեղեդի» երգչախմբի ելոյթով, ղեկավարութեամբ Հայաստանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի ոկալ բաժնի մագիստրոսի կոչումով շրջանաւարտ Նարբէ Գրիգորեանի եւ ընկերակցութեամբ դաշնակահար Նայիրա Ալեքսանեանի:

Ծրագրում դաշնակահարի ընկերակցութեամբ Տեսիլ Գալստանեանը ֆլէյտայով հնչեցրեց Կոմիտասի «Շողեր ջան»-ը, իսկ Նարեկ Ղարիբեանը ելոյթ ունեցաւ դաշնամուրի կատարումներով:

Երգչախմբի միջոցով հնչեցին «Ոչ, չեն մեռնում հերոսները», «Հայերէն», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ», «Ազգ իմ փառապանծ», «Մայրենի լեզու», «Հայոց տուն», «Գարեգին Նժդեհ» եւ «Սոս շատախօս» երգերը, իսկ «Միշտ առաջ» երգի մենակատարմամբ հանդէս եկաւ Լիլիան Ծառուկեանը եւ «Իմ ուսուցիչ»-ը զուգերգեցին Տեսիլ Գալստանեանն ու Նազելի Փանոսեանը:  

Երեկոյի աւարտին ղեկավարը, դաշնակահարը եւ երգչախմբի անդամ-ուհիները գնահատագրի արժանացան ձեռամբ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի, թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ եւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան վաստակաւոր անդամ Թաթուլ Օհանեանի ու Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Նոր Ջուղայի  մասնաճիւղի վարչութեան նախագահ Աւօ Խուդաբախշեանի:

Համերգը եզրափակւեց թեմակալ առաջնորդի հայրական պատգամով: Սրբազան Հայրը բարձր գնահատելով բոլոր ելոյթները՝ կարեւորութեամբ անդրադարձաւ հայապահպանման հարցին եւ բարձր գնահատեց թեմի ազգային իշխանութեան, ազգային դպրոցների  ու միութիւնների՝ ի մասնաւորի Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան  գործունէութիւնը հայեցի դաստիարակութեան եւ հայ մշակոյթի ու լեզւի պահպանման ուղղութեամբ: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն իր խօսքի շարունակութեան մէջ գնահատելով նաեւ ազգային իշխանութեան գործունէութիւնը՝ միութիւններին զօրավիգ հանդիսանալու կապակցութեամբ, շնորհաւորանքի խօսք ասաց յոբելեար միութեանը եւ անխափան ու յաջողութեամբ առ լեցուն երթ մաղթեց նրան: 

Յատկանշական է, որ մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ, հիմնադրման 89-ամեակի առիթով, տօնական միջոցառում իրականացւեց թւականիս հոկտեմբերի 11-ի երեկոյեան, անդամ-ուհիների մասնակցութեամբ, պատկան կենտրոնատեղիում: Ծրագրում մասնաճիւղի վարչութեան անունից ողջոյնի եւ շնորհաւորանքի խօսքերով հանդէս եկաւ Աւօ Խուդաբախշեանը, իսկ երեկոյի շարունակութեան մէջ յատւեց կարկանդակը եւ անդամները հիւրասիրւեցին ու խանդավառ մթնոլորտի ներքոյ ելոյթ ունեցան երգերով, ասմունքներով, շնորհաւորանքի խօսքով ու մաղթանքներով: 

Թղթակից (Նոր Ջուղա)

 
  
meghedi_chharmahal_01.jpg meghedi_chharmahal_02.jpg meghedi_chharmahal_03.jpg

meghedi_chharmahal_04.jpg meghedi_chharmahal_05.jpg meghedi_chharmahal_06.jpg

meghedi_chharmahal_07.jpg meghedi_chharmahal_08.jpg meghedi_chharmahal_09.jpg

meghedi_chharmahal_10.jpg meghedi_chharmahal_11.jpg meghedi_chharmahal_12.jpg

meghedi_chharmahal_13.jpg meghedi_chharmahal_14.jpg meghedi_chharmahal_15.jpg

meghedi_chharmahal_16.jpg meghedi_chharmahal_17.jpg meghedi_chharmahal_18.jpg

meghedi_chharmahal_19.jpg meghedi_chharmahal_20.jpg meghedi_chharmahal_21.jpg

meghedi_chharmahal_22.jpg meghedi_chharmahal_23.jpg