Շաբաթ՝ 2019 թւականի հոկտեմբերի 12-ի առաւօտեան, Սրբոց Թարգմանչաց տօնի առթիւ Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, նախագահութեամբ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանի եւ ձեռամբ արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանի: 

Պատարագին մասնակցում էր թեմիս եկեղեցական դասը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ դոկտ. Արբի Բաբումեանի ղեկավարութեամբ: 

Հոգեպարար արարողութեանը ներկայ էին ազգային մարմինների ներկայացուցիչները, Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների տեսչութիւնները, ուսուցչական կազմերն ու աշակերտները եւ հոծ թւով ժողովուրդ: 

Պատարագիչ քահանայ հայրն իր քարոզում անդրադառնալով հայոց տառերի գիւտի եւ թարգմանիչ վարդապետների գործունէութեան կարեւորութեանը՝ հայ ժողովրդի գոյատեւման հարցում, շեշտեց, թէ «Ոսկէ դար»-ը եղել է մշակութային թագաւորութեան ժամանակաշրջան: Նա աշակերտներին յորդորեց՝ հնազանդ լինել ուսուցիչներին եւ փորձել նրանց ուսուցումները լաւագոյնս սերտել: Քարոզն աւարտւեց Կապուտիկեանի «Խօսք իմ որդուն» բանաստեղծութեան «Թէ մօրդ անգամ մտքից հանես, քո մայր լեզուն չմոռանաս» պատգամով:  

Հոգեպարար արարողութեանը յաջորդեց աշակերտական ելոյթներով յագեցած ծրագիրը, որն իրականացւեց եկեղեցու բակում: Սկզբում Սպահանի հայոց թեմի Կրթական խորհրդի անդամուհի Արինէ Մինասեանը շնորհաւորելով Թարգմանչաց եւ Հայ ուսուցչի տօների կապակցութեամբ, իր խօսքն ուղղեց մատաղ սերնդին եւ նրանց կոչ արեց, որ պահապան զինւորները լինեն հայերէն լեզւի եւ առօրեայ կեանքում՝ ի մասնաւորի վիրտուալ աշխարհում միմեանց հետ շփւեն հայերէնով: 

Այնուհետեւ աշակերտական ելոյթների շրջագծում Նոր Ջուղայի հայոց ազգ. նախակրթարանի սաները հանդէս եկան առիթին նւիրւած երգով, ապա «Արմէն» տարրական կրթահամալիրի վեցերորդ դասարանի աշակերտներ Ստեփանիա Յակոբեանը, Լեմոէլ Թահմազեանը, Վանենի Յովսէփեանը, Առնօ Սիմոնեանը եւ Անիա Յովսէփեանը ներկայացրին Սուրէն Մելիքեանի «Մայրենի լեզու» բանաստեղծութիւնը:

Շարունակութեան մէջ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցից Դւին Յովհաննիսեանն ու Վանա Յակոբ Չաքրեանն ընթերցեցին աշակերտական խօսքեր, անդրադառնալով Թարգմանչաց տօնին, Յ. Թումանեանի ու Կոմիտասի ծննդեան 150-ամեակին ու նրանց գործունէութեանը, իսկ Թումանեանի «Սասունցի Դաւիթ» պոէմից հատւածներ ներկայացրին՝ Արփինէ Մովսիսեանը, Սելին Բաղրամեանը, Արթուր Քամարզարեանը եւ Ադրիան Մինաս Խաչիկեանը:

Վերջում գնահատագրեր շնորհւեցին անցնող տարւայ ընթացքում Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի ամենաընթերցասէր դպրոցականներին եւ սոյն գրադարանի կողմից Թումանեանի ծննդեան 150-ամեակի առթիւ կազմակերպւած հեքիաթասացութեան մրցոյթ-փառատօնի մասնակիցներին, իսկ արժ. Տ. Մեսրոպ աւ. քհնյ. Գալստանեանը Թարգմանչաց եւ Հայ ուսուցչի տօների առթիւ հանդէս եկաւ շնորհաւորանքի խօսքով:

Թղթակից (Նոր Ջուղա)

mshakooyti_don_01.JPG mshakooyti_don_02.JPG mshakooyti_don_03.JPG

mshakooyti_don_04.JPG mshakooyti_don_05.JPG mshakooyti_don_06.JPG

mshakooyti_don_07.JPG mshakooyti_don_08.JPG mshakooyti_don_09.JPG

mshakooyti_don_10.JPG mshakooyti_don_11.JPG mshakooyti_don_12.JPG

mshakooyti_don_13.JPG mshakooyti_don_14.JPG mshakooyti_don_15.JPG

mshakooyti_don_16.JPG mshakooyti_don_17.JPG mshakooyti_don_18.JPG

mshakooyti_don_19.JPG mshakooyti_don_20.JPG mshakooyti_don_21.JPG

mshakooyti_don_22.JPG mshakooyti_don_23.JPG mshakooyti_don_24.JPG