Երկուշաբթի՝ 2019 թւականի սեպտեմբերի 23-ի առաւօտեան, ընթացիկ ուսումնական տարեշրջանի առաջին զանգը հնչեց Նոր Ջուղայի հայոց ագզ. դպրոցներում, ձեռամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ ներկայութեամբ ազգային մարմինների ներկայացուցիչների ու Նոր Ջուղայի հայոց ազգ. «Արմէն» տարրական կրթահամալիրի եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրինութիւնների, ուսուցչական կազմերի, աշակերտ-ուհիների ու ծնողների:

Կրթահամալիրի բակում համախմբւածներին նախ դպրոցական տարեմուտի առթիւ շնորհաւորանքի խօսք ուղղեց «Արմէն» կրթահամալիրի տնօրէն Վրէժ Շիրւանեանը, ով իր խօսքում շնորհաւորելով նաեւ ՀՀ վերանկախացման տօնի 28-ամեակի կապակցութեամբ, մաղթեց, որ նոր ուսումնական տարեշրջանը լինի հետաքրքիր ու յաջողութիւններով լի բոլորի համար:

Այնուհետեւ օրւայ առթիւ աշակերտական խօսքն ընթերցեց «Քանանեան-Կատարինեան» դպրոցի աշակերտ Դւին Յովհաննիսեանը, իսկ շարունակութեան մէջ թեմի Կրթական խորհրդի անունից արտայայտւեց Սաթենիկ Աւետումեանը: Նա շնորհաւորելով դպրոցական վերամուտի կապակցութեամբ եւ մատնանշելով Նոր Ջուղայի հայոց ազգ. դպրոցների աշակերտների փայլուն յաջողութիւնները կրթութեան, մարզանքի եւ արւեստի բնագաւառներում, մաղթեց, որ ընթացիկ ուսումնական տարեշրջանը նոյնպէս կը լինի նւաճումներով ու վերելքներով լեցուն: 

Եզրափակիչ ելոյթը հանդիսացաւ թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր հայրական պատգամը: Գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանն աշակերտներին եւ ուսուցիչներին մաղթեց՝ տարին սկսել ոգեւորութեամբ եւ աւարտել յաջողութեամբ, իսկ դպրոցականներին յատկապէս պատգամեց՝ միմեանց նկատմամբ լինել սիրալիր եւ ուշադիր:

Վերջում բոլորը միասնաբար արտասանեցին «Զգործս ձեռաց Մերոց …» եւ «Տէրունական» աղօթքները, ապա Սրբազան Հայրը հնչեցրեց ուսումնական տարեշրջանի առաջին զանգը, որից յետոյ դպրոցականները շտապեցին իրենց դասարաններ: 

Այնուհետեւ թեմակալ առաջնորդը եւ նրան ընկերակցող ազգայիններն այցելեցին «Արմէն» եւ «Քանանեան-Կատարինեան» դպրոցների դասարաններ՝ տրւած դասաւորութիւններին ծանօթանալու եւ աշակերտներին առաւել ոգեւորելու համար, ապա ներկայ գտնւեցին կրթահամալիրին կից դպրոց՝ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարան՝ նոր ուսումնական տարւայ պաշտօնական բացումը կատարելու: 

Այստեղ համախմբւած դպրոցի անձնակազմը, սաներն ու ծնողները նոյնպէս ոգեւորութեամբ դիմաւորեցին հիւրերին: Տնօրինուհի Քառոլին Դիլանչեանը բարի գալստեան եւ շնորհաւորանքի խօսքերից յետոյ, յոյս յայտնեց, որ այս տարեշրջանը կը դառնայ սաների համար առաւել չափով զարգացման եւ գիտելիքների ու հմտութիւնների հարստացման տարի, ապա  Սրբազան Հայրը փոքրիկ սաներին մաղթեց՝ լինել հնազանդ ու լսել մեծերին, իսկ ծնողներին կոչ արեց ստեղծել բազմազաւակ ընտանիքներ՝ համայնքի եւ ազգի գոյատեւման համար:  

Պաշտօնական բաժինն աւարտւեց աղօթքով ու առաջին զանգով:

Յատկանշական է, որ կիրակի՝ սեպտեմբերի 22-ի առաւօտեան, Բողբոջների օրւայ առթիւ, շնորհաւորանքի խօսքերով ու բարեմաղթանքներով, ինչպէս նաեւ հաճելի անակնկալներով ու մրցոյթներով ողողւած միջոցառումներ իրականացւեցին «Արմէն» տարրական եւ «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ հայոց ազգ. դպրոցներում՝ նորամուտ աշակերտների խանդավառութիւնը բազմապատկելու եւ նրանց նոր ուսումնարանին առաւել ծանօթացնելու համար:

Թղթակից (Նոր Ջուղա)

dbroxneri_baxoom_01.JPG dbroxneri_baxoom_02.JPG dbroxneri_baxoom_03.JPG

dbroxneri_baxoom_04.JPG dbroxneri_baxoom_05.JPG dbroxneri_baxoom_06.JPG