Օգոստոսի 6-17-ը Հայաստանում եւ Արցախում կայանալիք համահայկական ամառային 7-րդ խաղերին մասնակցող Նոր Ջուղայի պատւիրակութեանը Ս. Ամենափրկիչ վանքի Ծաղկեայ դահլիճում ընդունեց Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, շաբաթ՝ 2019 թւականի օգոստոսի 3-ին:

Հանդիպմանը ներկայ էին արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Թեմական խորհրդի անդամ Ժորժ Ղազարեանը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչ եւ Համահայկական խաղերի Նոր Ջուղայի յանձնախմբի անդամուհի Ադրինէ Խաչատրեանն ու մարզական խմբին ընկերակցող պատասխանատու կազմից ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում առաջնորդ Սրբազան Հայրը յաջողութիւն մաղթեց բոլոր մարզիկներին եւ ցանկացաւ, որ նրանք Նոր Ջուղա վերադառնան յաղթանակի գաւաթներով:

Մարզիկներին իր պատգամը փոխանցեց նաեւ Թեմական խորհրդի ներկայացուցիչը:

Հանդիպումն աւարտւեց Սրբազան Հօր աղօթքով:

Յատկանշական է, որ Համահայկական ամառային 7-րդ խաղերին Նոր Ջուղան մասնակցելու է օրիորդաց եւ տղայոց բասկետբոլ, սեղանի թենիս, սկաւառականետում, գնդի հրում եւ վազք մարզաճիւղերով:

Մարզիկների առաջին խումբը մեկնեց օգոստոսի 4-ի առաւօտեան՝ Արցախում կայանալիք խաղերի բացման հանդիսութեանը մասնակցելու համար, իսկ երկրորդ խումբը դէպի Հայաստան է ուղեւորւելու օգոստոսի 7-ին:

Մարզական խմբերին՝ որպէս պատասխանատու ընկերակցելու են՝ Ադրինէ Խաչատրեանը, Վահիկ Թորոսեանը, Ալէն Բարսեղեանը, Հերմոնդ Մարկոսեանն ու Արթին Հայրապետեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)