Հինգշաբթի՝ 2019 թւականի յունւարի 17-ի երեկոյեան, յոբելեանական հանդիսաւոր ձեռնարկով նշւեց Փերիոյ Կրթասիրաց միութեան հիմնադրման 90-ամեակը, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. “Արարատ” միութեան սրահում: Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, քահանայ հայրեր, ազգային մարմինների, դպրոցների ու միութիւնների ներկայացուցիչներ, Փերիոյ Կրթ. միութեան Թեհրանի մասնաճիւղից ներկայացուցիչներ եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի անդամ-ուհիներն ու մի շարք այլ հրաւիրեալներ: 

Ծրագիրն սկիզբ առաւ դհոլ-զուռնայի հոգեհարազատ մեղեդիով՝ Րաֆֆի Խուդաբախշեանի ու Ռայմոնդ Յակոբեանի կատարմամբ, որին յաջորդեց բացման խօսքը՝ երեկոյի հանդիսավար Մառիթա Քեշիշեանի ընթերցումով: 

Այնուհետեւ միութեան Կենտ. վարչութեան անունից արտայայտւեց կազմի նախագահ Վահան Թահմազեանը, ով իր խօսքի սկզբնական բաժնում նշեց, որ միութիւնը հիմնադրւել է 1928 թւականին, Յովակիմ քհնյ. Բարսեղեանի ջանքերի շնորհիւ՝ կարգախօս ունենալով՝ դէպի գիւղ եւ մոռացւած վայրեր գիտութեան լոյս սփռելը եւ այդ շրջանների ժողովրդին հայերէն կրթութիւն ու հայեցի դաստիարակութիւն մատուցելը:  

Նա իր խօսքի շարունակութեան մէջ ընդգծելով, որ միութիւնն իր հմինադրումից ցայսօր ունեցել է 29 վարչական նստաշրջաններ, իսկ Փերիոյ գաւառի 9 գիւղերում, ինչպէս նաեւ Աբադանում (1955-1960 թ.թ.), Թեհրանում (1991 թւականից) եւ Շահինշահրում (1992 թւականից) մասնաճիւղեր, անդրադարձ ունեցաւ յատկապէս միութեան կարեւորագոյն նախաձեռնութիւններին՝ զանազան բնագաւառներում:

Ահա մի հատւածի մէջբերում պրն. Թահմազեանի խօսքից.

“Ճիշտ է այսօր չկան խաւարում մնացած հայկական գիւղեր, սակայն դեռ շատ անելիքներ կան, քանի որ մեր մատաղ սերունդն առաջին հերթին կանգնած է հայապահպանման խնդրի առջեւ, ինչի փարատման գործում մեծ դեր է վերապահւած հայկական  համայնքների կառոյցներին՝ եկեղեցուն, մամուլին, միութիւններին եւ ի մասնաւորի Փերիոյ Կրթ.  միութեանը, որի հիմնադրման բուն նպատակներից է եղել հայապահպանման խնդիրը”:  

Նախագահի խօսքից յետոյ երեկոյի կարկանդակը միասնաբար յատեցին թեմակալ առաջնորդ Սրբազան Հայրը, միութեան Կենտ. վարչութիւնից Վահան Թահմազեանն ու Ռիմա Զաքէոսեանը, իսկ յոբելեանական յանձնախմբից Սարօ Դիլանչեանն ու Հիլդա Ծառուկեանը:

Գեղարւեստական կատարումների շարանում սկզբում աւանդական եւ ժամանակակից վեց պարային համարներով բեմը հմտօրէն ողողեցին Փերիոյ Կրթ. միութեան պարախմբերը՝ “Էրեբունի”-ին Ալինա Գրիգորեանի, իսկ “Նայիրի” փոփ պարախումբը՝ Ալինէ Յարութիւնեանի ու Սիւնէ Ուղուրեանի ղեկավարութեամբ:

 Ընթացքում հանդիսավարի միջոցով ընթերցւեցին այս առիթով ստացւած ուղերձներից հատւածներ. գրութիւններն առաքւել էին՝  Փերիոյ Կրթ միութեան Թեհրանի մասնաճիւղից, “Արաքս” շաբաթաթերթից, Հայ Մ. Մ. “Սիփան” միութիւնից եւ մի շարք անհատներից: 

Ելոյթների շարանում արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Թաթուլ Օհանեանը, ով շեշտեց, թէ Փերիոյ Կրթ. միութիւնը յաջողել է գիւղերում ապրող ժողովրդին տգիտութեան խաւարից ուղորդել դէպի գիտութեան լոյս, աշխատել  ազգապահպանման ուղղութեամբ, կառչած մնալ հայկական արմատներին եւ պահպանել  մեր ազգի մշակոյթն ու աւանդոյթները: Նա իր խօսքի աւարտին շնորհաւորելով միութեան 90-ամեայ վաստակը մաղթեց՝ առաւել նպատակասլացութեամբ փարւել հայ մշակոյթին եւ հայ ժողովրդի ընդհանրական շահերին:

Ելոյթով հանդէս եկաւ նաեւ Փերիոյ Կրթ. միութեան Թեհրանի մասնաճիւղի վարչութեան նախագահ Գասպար Ամիրխանեանը, որը նշելով, թէ այս 90-ամեայ վաստակը պարտաւորեցնող է ապագայ գործունէութեան համար՝ երախտագիտութեամբ արտայայտւեց միութեան հիմնադիր Յովակիմ քհնյ. Բարսեղեանի մասին, յատկապէս ընդգծելով յիշեալ ուսուցիչ-հոգեւորականի հայանպաստ իրագործումները:  Պրն. Ամիրխանեանը որպէս յուշանւէր միութեան Կենտ. վարչութեանը յանձնեց 1928 թւականին Ս. Ամենափրկիչ վանքի տպարանում լոյս տեսած Փերիոյ Կրթ. միութեան առաջին կանոնագիրը:  

Գեղարւեստական երկրորդ բաժնում ներկաները վայելեցին երգերի շարան՝ Անասիկ Յովսէփեանի, Զարենուշ Աղուրեանի, Արայիկ Գրիգորեանի եւ Վանանդ Իսաղուլեանի կատարմամբ: Երգիչներին կենդանի նւագակցութեամբ ընկերակցեցին  դոկտ. Արբի Բաբումեանը (նւագախմբի ղեկավար), Րաֆֆի Խուդաբախշեանը, Մելինէ Հայրապետեանն ու Պարոյր Վարդանեանը: 

Հանդիսութիւնը եզրափակւեց թեմակալ առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի հայրական պատգամով: Սրբազան Հայրը դրւատանքի խօսք ասելով յոբելեարի գործունէութեան կապակցութեամբ՝ միութիւնը նմանեցրեց կրթութեան եւ դաստիարակութեան կենտրոնի, որն իր նիւթա-բարոյական ամբողջ ներուժով օժանդակել է գիւղացիներին՝ բարելաւելու գիւղական դժւարին կեանքը: Նա անդրադառնալով յատկապէս 1941 թւականին միութենականների ջանքերի շնորհիւ Փերիոյ գաւառում հիմնադրւած առաջին հիւանդանոցին՝ մասնաճիւղեր, պարախմբեր եւ զանազան միաւորներ ունենալը համարեց միութեան յաջողութեան փաստը եւ յոբելեարին մաղթեց երկար տարիների բեղմնաւոր գործունէութիւն:

Վերջում ներկաներն առիթ ունեցան դիտելու կից սրահում Փերիոյ գաւառի գիւղական կեանքին առնչւող հին լուսանկարներից կազմւած ցուցահանդէսը:

Հարկ է նշել, որ 90-ամեակի առիթով նախաձեռնութիւնների շրջագծում, միութեան ջանքերի շնորհիւ պատարստւել է մի վաւերագրական ֆիլմ՝ Փերիոյ գաւառի գիւղերի կապակցութեամբ:

Թղթակից (Նոր Ջուղա)