2018 թւականի դեկտեմբերի 24-25-ին, երկօրեայ այցով Խուզիստան նահանգ ժամանեցին թեմիս ազգային իշխանութեան պատւիրակութիւնը՝ գլխաւորութեամբ առաջնորդ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի:

2018-ի դեկտեմբերի 24-ին, ներկայութեամբ գերշ. Տ. Սիփան Ս. եպս. Քէչէճեանի, Թեմական խորհրդի ներկայացուցիչ Նապիկ Մելիքեանի, եւ Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանի, Աբադանի նախկին հայկական «Ադաբ» դպրոցի շէնքում տեղի ունեցաւ սոյն դպրոցի տարբեր հանդիսութիւններն ու պաշտօնեայ անձանց այցելութիւնները պարունակող պատմական լուսանկարների ցուցասրահի բացումը, որը ծրագրւել եւ իրագործւել էր Իրանում եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան կողմից:

Բացման հանդիսութեանը ներկայ էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերշ. Տ. Գրիգոր Ս. եպս. Չիֆթճեանը, ինչպէս նաեւ սրահի վերանորոգութիւնը հովանաւորող՝ «Արւանդ» ազատ գօտու տնօրէնի տեղակալը եւ նրա օգնականը: Սոյն արարողութեանը ներկայ գտնւելու համար Աբադան էր ժամանել նաեւ Իրանի եկեղեցիների պահպանման պետական հիմնարկութեան տնօրէն՝ ճարտարապետ Շերլի Աւետեանը եւ նոյն հիմնարկութիւնում վերանորոգութեանց պատասխանատու՝ Ալէն Գրիգորեանը, որոնք սոյն եկեղեցու վերանորոգման աշխատանքին մօտկից հսկել էին, տարբեր առիթներով անձամբ ներկայ գտնւելով Աբադանում:

Բացման հանդիսութիւնից յետոյ, ժամը 5.30-ին, Սրբազան Հայրերի միջոցով տեղի ունեցաւ «Ս. Կարապետ» եկեղեցու մայր խորանի նոր սրբապատկերի օծման արարողութիւնը:

Մինչ այդ, նոյն օրը առաւօտեան, Աբադան ժամանած պատւիրակութիւնը մեկնեց Աբադանի հայոց ազգային գերեզմանատուն, որը վերջին ամիսներին, Իրանի եկեղեցիների պահպանման հիմնարկութեան կողմից նորոգութեան էր ենթարկւել: Ազգային իշխանութեան ներկայացուցիչների ձեռամբ ծաղկեպսակի տեղադրումից յետոյ, Սրբազան Հայրերի միջոցով տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատական գերեզմանատանը հանգչած բոլոր ննջեցեալների:

Աբադան եղած ժամանակամիջոցին, ազգային իշխանութեան պատւիրակութիւնը հանդիպում ունեցաւ «Արւանդ» ազատ գօտու տնօրէնի տեղակալի հետ , որի ընթացքում խորհրդակցութիւն ծաւալւեց Թեմիս հայկական սրբավայրերի պահպանման եւ նորոգման ծրագրերի շուրջ:

Երեքշաբթի 25 դեկետմեբր 2018-ին, թեմիս  առաջնորդն  ու նրան ուղեկցող Ազգային իշխանութեան ներկայացուցիչները Ահւազում հանդիպում ունեցան քաղաքապետարանի մշակութային բաժանմունքի պատասխանատուներին հետ, որտեղ եւս քննարկման առարկայ դարձաւ տեղի հայկական կառոյցների պահպանման խնդիրը, այնուհետեւ այցելեցին Ահւազի հայոց ազգային գերեզմանատուն եւ «Ս. Մեսրոպ» եկեղեցի:

Գերեզմանատանը Սրբազան Հօր կողմից «Հոգւոց» աղօթքով յիշատակւեցին բոլոր հանգուցեալները: Յատուկ աղօթք կատարւեց նաեւ Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքին նահատակւած եւ սոյն գերեզմանատանը թաղւած Մկրտիչ Թովմասեանի յիշատակին: Աղօթքին ներկայ էին քաղաքապետարանի մշակութային բաժնի կրօնական պատասխանատուն եւ նրան ընկերակցող պատւիրակութիւնը, որոնց բացատրութիւն տրւեց գերեզմանատան ներկայ իրավիճակի մասին եւ շեշտւեց տարածքի պահպանութեան եւ վերանորոգման անհրաժեշտութիւնը:
Ապա, խումբն այցելեց Հայոց եկեղեցի, ծանօթանալով եկեղեցու կացութեանը եւ այն անմիջական կարիքներին, որոնք անհրաժեշտ են կառոյցի պահպանման համար:

 

ayx_abadanahwaz_02.jpg ayx_abadanahwaz_03.jpg ayx_abadanahwaz_04.jpg

ayx_abadanahwaz_05.jpg ayx_abadanahwaz_06.JPG ayx_abadanahwaz_07.JPG

ayx_abadanahwaz_08.JPG ayx_abadanahwaz_09.JPG ayx_abadanahwaz_10.JPG

ayx_abadanahwaz_11.jpg ayx_abadanahwaz_12.jpg ayx_abadanahwaz_13.jpg

ayx_abadanahwaz_14.JPG ayx_abadanahwaz_15.JPG ayx_abadanahwaz_16.jpg

ayx_abadanahwaz_17.jpg ayx_abadanahwaz_18.JPG ayx_abadanahwaz_19.JPG

ayx_abadanahwaz_20.JPG ayx_abadanahwaz_21.JPG ayx_abadanahwaz_22.JPG