Կիրակի՝ 2019 թւականի յունւարի 13-ի առաւօտեան, Ս. Յովհաննէս Կարապետի ծննդեան եւ Նոր Ջուղայի համանուն եկեղեցու անւանակոչութեան տօների առիթով, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց «Ս. Յովհաննու» եկեղեցում՝ նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

Օրւայ պատարագիչն էր արժ. Տ. Վարդան քհնյ. Աղաբաբայեանը:

Յընթացս Ս. Պատարագի թեմակալ առաջնորդ Սրբազան Հօր միջոցով ընթերցւեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը՝ 2019 թւականը «Հայ մամուլի տարի» հռչակելու կապակցութեամբ: Սոյն հռչակագրում Վեհափառ Հայրապետը շեշտելով հայ մամուլի կարեւորագոյն դերը՝ կոչ էր ուղղել.

-Թեմակալ առաջնորդներին, ազգային իշխանութիւններին, քոյր կազմակերպութիւններին ու հայ մամուլի օրգաններին` զանազան միջոցներով լուսարձակի տակ բերել հայ մամուլի եզակի կարեւորութիւնը հայ ժողովրդի կեանքում:

-Հայաստանի պետական, իսկ սփիւռքի համայնքային պատասխանատուներին՝ գործնական միջոցներով նեցուկ կանգնել հայ մամուլին` շեշտելով նրանց վիճակւած բազմակողմանի դերը:

-Ունեւոր ազգայիններին` հիմնադրամներ հաստատել` հայ մամուլի արդիականացմանը եւ ընդհանրապէս վերակազմակերպմանը սատարող ծրագիրների իրագործման համար:

-Խմբագիրների ու լրագրողների պատրաստութեան ու վերաորակաւորման յատուկ դասընթացքներ հաստատել, յատկապէս սփիւռքում:

-Ժողովրդի բոլոր զաւակներին` հեռու մնալ կայքերով հրամցւող ընդհանրապէս անորակ ու անդիմագիծ մամուլից եւ իրենց ամուր կապւածութիւնը գործնապէս արտայայտել տպագիր հայ մամուլի նկատմամբ` բաժանորդագրւելով եւ հաղորդ դառնալով նրանց բովանդակութեանը:

Ս. Պատարագի աւարտին Ս. Յովհաննէս Մկրտչի աջ-մասունքով կատարւեց ջրօրհնէքի արարողութիւն եւ օրհնւած ջուրը բաժանւեց ներկաներին:

Վերջում եկեղեցու շրջափակում իրականացւեց գեղարւեստական յայտագրով միջոցառում՝ նշւած տօների առթիւ:

Թղթակից (Նոր Ջուղա)