Կիրակի՝ 2018 թւականի դեկտեմբերի 9-ի առաւօտեան, Նոր Ջուղայի «Ս. Աստւածածին» եկեղեցում, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Քրիստոսին հաւատացող մեր առաջին թագաւոր Ս. Աբգարի տօնի առթիւ եւ 1841 թւականին «Ս. Աստւածածին» եկեղեցու շրջափակում կանգնեցւած «Հայկեան Հայրենասիրական» դպրոցի հիմնադիր` Աբգարեան բարերար գերդաստանի յիշատակին: Երգեցողութեամբ հանդէս եկաւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը:

Գովելի աւանդոյթի համաձայն պատարագին ներկայ էին նաեւ Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի սաները՝ դպրոցի անձնակազմի եւ ծնողական խորհրդի ընկերակցութեամբ:

Օրւայ պատարագիչն ու քարոզիչն էր արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանը: Նա իր խօսքում անդրադարձաւ Աբգար թագաւորի ամուր հաւատին, ապա դիմելով եկեղեցում ներկայ փոքրիկներին, նրանց յորդորեց՝ սիրել ու յետեւել Քրիստոսին, Աբգար թագաւորի պէս լինել քաջ ու անվախ հաւատացեալ եւ լսել ու կատարել մեծերի ու դաստիարակների խորհուրդները: Քահանայ հայրն իր խօսքի շարունակութեան մէջ դրւատանքով յիշեց  Աբգարեան բարերար գրետաստանի կատարած նւիրական աշխատանքը՝ «Ս. Աստւածածին» եկեղեցու շրջափակում դպրոց հիմնադրելու կապակցութեամբ:

Աւարտին հաւատացեալները հաղորդութիւն ստացան, ապա Նոր Ջուղայի Հայոց Առաքելական Եկեղեցեաց վարչութեան կողմից մրգի կապոցներ եւ քաղցրաւենիք նւիրւեցին փոքրիկներին: 

Կապոցները պատրաստւել էին մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի միջոցով:

Թղթակից (Նոր Ջուղա)