Աղբիւր՝ www.alikonline.ir

Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դէմ գործի դրւած պատժամիջոցներն ու դրանց ազդեցութիւնը: Իրանի հայկական համայնքը նոյնպէս մտահոգւած է երկրի դէմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետեւանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեանը «Shantnews.am»-ի հետ զրոյցում ասում է, որ մտահոգութիւններին զուգահեռ կայ նաեւ եւրոպական հնարաւոր աջակցութիւնը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին:

«Ուժի մէջ մտած տնտեսական պատժամիջոցները հաւանաբար ունենալու են իրենց ազդեցութիւնը, մինչ այժմ էլ թեթեւակի ունեցել են՝ արտարժոյթի  բարձրացման, գնի բազմապատկման առումով, որն ուղղակի ազդում է մարդկանց կենսամակարդակի վրայ, բայց այստեղ կայ մի կարեւոր հանգամանք. Իրանը, երբ պատժամիջոցների էր ենթարկւում 2015 թւականին, իր կողքին ունէր Եւրոպային, որն իր հերթին ընդդիմանում էր ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին եւ այսօր էլ բարձրաձայնում է, ինչը կարող է օգտակար ու աջակից լինել Իրանին՝ պատժամիջոցներն աւելի թեթեւ տանելու առումով: Այդ հանգամանքին էլ գումարւում է Չինաստան-Ռուսաստան աջակցութիւնը, ինչը գալիս է, այսպէս ասած, տապալելու ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն ընդդէմ Իրանի»,- ասում է Դերենիկ Մելիքեանը:

Նա նշում է, որ պէտք չէ մոռանալ, որ պատժամիջոցները նպատակ էին հետապնդում, որ ճնշումների արդիւնքում իրանցի ժողովուրդը ոտքի կանգնի սեփական իշխանութեան դէմ, սակայն դա տեղի չունեցաւ.

«Այդ նպատակը,  կարելի է ասել, ամբողջովին տապալւած է, որովհետեւ Իրանի ժողովուրդը գիտակցեց, որ անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին ճնշումները, տւեալ դէպքում ԱՄՆ-ի ճնշումները, հակաժողովրդական միտում են հետապնդում, եւ հասկացաւ, որ ինքն է տուժում, ուստի ժողովուրդը կանգնած մնաց սեփական իշխանութեան կողքին: Այնպէս որ այսօր կառավարութիւնը կարողանում է պատժամիջոցների բացասական արդիւնքներին հեշտօրէն դիմագրաւել»,- ասում է իրանահայ գործիչը:

Խօսելով հայկական համայնքի մասին՝ Դերենիկ Մելիքեանը նշում է, որ հայկական համայնքը, երկրի միւս բնակիչների պէս, արդէն ընտելացել է ներկայ պայմաններին, դիմակայում է, շարունակում է իր բնականոն կեանքը: Կազդի՞ այս ամէնն Իրանից հայութեան նոր արտագաղթի վրայ հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանում է.

«Վերջին քառասուն տարւայ ընթացքում իրանահայ համայնքից արտագաղթն ունեցել է տարբեր պատճառներ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, հոգեբանական: Հիմա արտագաղթի նոր ալիք բարձրանալու համար պատճառներն անցեալի համեմատ պակասել են, եւ դժվար թէ արտագաղթի նոր հոսք սկսի եւ նկատելի դառնայ համայնքում: Այսօր արտագաղթ չլինելու կարեւոր պատճառներից մէկն էլ կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունած ներգաղթեալների վերաբերեալ օրէնքը, որը սահմանափակում է արտագաղթողների քայլերը»:

Համայնքային գործչից հետաքրքւեցինք նաեւ, թէ արդեօ՞ք կանխատեսելի է, որ ԱՄՆ-ը որոշակի զինւորական գործողութիւններ կատարի՝ հարւածելու Իրանի նաւթատար ցանցին կամ զինւորական միջամտութեամբ խանգարի իրանական նաւթի արտածմանը՝ նկատի ունենալով, որ պատժամիջոցների թիրախում բանկային համակարգի ու տրանսպորտային հաղորդակցութեան հետ միասին նաեւ Իրանի նաւթի արտահանումն է.

«Դժւար թէ այսօր այդպիսի տարբերակն աշխատելու հնարաւորութիւն ունենայ: Ես կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հաշւեկշիռն ի նպաստ ԱՄՆ-ի չի աշխատում: Տարածաշրջանում դժւար թէ նոր ճակատ բացւի, այն էլ Իրանի պէս գերտէրութեան դէմ, չնայած այսօր Թրամփի իշխանական համակարգում կան երկու այնպիսի  առանցքային դէմքեր, որոնք յայտնի են իրենց ծայրայեղ ռազմատենչութեամբ, յանձինս Ջան Բոլթոնի եւ Մայք Պոմպէոյի, բայց դժւար թէ ներկայ պայմաններում այդ ծայրայեղականների կողմից նման ռազմական տարբերակ կիրառելու որոշում կայացւի: Ինչ-որ տեղ չպէտք է բացառել նաեւ այն թոյլ հաւանականութիւնը, որ նոյն ծայրայեղականները, գտնւելով հրէական լոբբիի, Իսրայէլի քարոզչական ազդեցութիւնների ներքոյ, միգուցէ, հէնց իրենց համար արբանեակային ուժ հանդիսացող Իսրայէլի կողմից, այսպէս ասած, կէտային կամ սահմանափակ ինչ-որ ռազմական յարձակում կատարեն ասենք Իրանի նաւթը փոխադրող նաւթատար ցանցի վրայ, բայց դրա հաւանականութիւնը ես այսօր այնքան էլ իրական չեմ համարում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:

Նա իր կարծիքը յայտնեց նաեւ այն մասին, թէ արդեօ՞ք այս իրավիճակը կը յանգեցնի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր համաձայնութեան:

«Ես կարծում եմ՝ այս հարցի պատասխանն օրեր առաջ շատ դիպուկ տել է նոյն ինքը՝ Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենէին. բանակցութիւնների կամ երկխօսութեան տարբերակները մատնանշելով՝ նա խստիւ բացառեց այս իշխանութեան՝ թրամփեան իշխանակարգի հետ բանակցելը: Սա բազմանշանակ յայտարարութիւն է եւ մեզ յուշում է ասելու, որ 2015-ին հէնց ԱՄՆ իշխանութիւնը՝ յանձին դեմոկրատական վարչակարգի, բանակցութիւնների սեղանի շուրջ Իրանի եւ եւրոպական ու համաշխարհային միւս գերուժերի համատեղ համաձայնութեամբ ստորագրեց միջուկային պայմանագիրը, որն աշխատեց մէկուկէս-երկու տարի, մինչեւ թրամփեան ծայրահեղական, այսպէս ասած, հակաիրանեան  իշխանակարգի գործի գալը: Եւ իրական է այն հեռանկարը, որ քանի դեռ այս ծայրահեղական իշխանութիւնները, որոնք լոկ հռետորաբանութեամբ են իրենց դիւանագիտութիւնը դրսեւորում եւ արտացոլում, դժւար թէ բանակցութեան եւ երկխօսութեան առիթներ ստեղծեն: Երեւի պէտք է այս իշխանութեանը փոխարինի ապագայ վարչական, իշխանական նոր համակարգ՝ յանձինս դեմոկրատական իշխանութիւնների, որոնք էլ երեւի կը յայտարարեն նոր բանակցութիւնների եւ նոր համաձայնութիւնների անհրաժեշտութեան մասին»,- ասաց Դերենիկ Մելիքեանը: