Կիրակի՝ 2018 թւականի նոյեմբերի 18-ի առաւօտեան, յաւարտ կիրակնօրեայ Սուրբ եւ Անմահ Պատարագի, որը մատուցւեց արժ. Տ. Վազգէն քհնյ. Քէօշկէրեանի ձեռամբ, տեղի ունեցաւ հոգեհանգստեան արարողութիւն՝ ի յիշատակ հոգելոյս Տ. Վաղինակ աւ. քհնյ. Շահիջանեանի: 

Հոգելոյս քահանայ հայրը երկար տարիներ ծառայեց եւ հանգստի կոչւեց  Սպահանի հայոց թեմում. իսկ նրա ցաւալի վախճանը տեղի ունեցաւ Ամերիկայում:

Արարողութեանը ներկայ էին թեմի հոգեւորականաց դասը, ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ հոծ թւով բազմութիւն: 

Հոգեհանգստեան կարգից յետոյ, եկեղեցու սրահում համախմբւած ժողովրդի ներկայութեամբ, Սպահանի հայոց թեմի Կրօնական խորհրդի ատենապետ Վարուժ Մովսիսեանը խորը ափսոսանք եւ ցաւակցական խօսք յայտնելով հոգելոյս քահանայ հօր կորստի առթիւ, գնահատեց մեծաթիւ հաւատացեալների մասնակցութիւնը արարողութեանը եւ ասաց, որ սա փաստ է այն իրողութեան, որ մեր թեմի զաւակները յարգանքով ու սիրով են վերաբերւում ազգի ու եկեղեցու ճանապարհին նւիրեալներին: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարները տրամադրեց Ժուլիետ Ղազարեանը