Աղբիւր՝ www.alikonline.ir

«alikonline.ir» - Երէկ Երեւանի Աւետիք Իսահակեան անւան կենտրոնական գրադարանում կայացաւ իրանահայ բանաստեղծ Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդէսը։ Տեղեկացնում է «iravunk.am»-ը:

Աւետիք Իսահակեանի անւան կենտրոնական գրադարանի տնօրէն, արւեստի վաստակաւոր գործիչ Յասմիկ Կարապետեանը ողջունելով բոլորին ու օրւայ հերոսին, տեղեկացրեց, որ մօտ ապագայում եւս կը կազմակերպւեն նրա նոր աշխատութիւնների ու գրքերի շնորհանդէսները սիրւած օջախում: Միջոցառումը վարում էր հայ գրող, գրականագէտ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր Ալեքսանդր Թոփչեանն, ով շնորհանդէսի ընթացքում մի քանի խօսքով ներկայացրեց գիրքն ու այն դժւարին ու ծանր տարիները, երբ ապրել են սիրւած մտաւորականն ու ընտանիքի անդամները։ Ելոյթներով հանդէս եկան գրականագէտ Անի Փաշայեանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան դեսպանատան մշակոյթի կենտրոնի կցորդ Սէյէդ Մոհամմադ Ռեզա Հէյդարին, գրող հրապարակախօս Թորոս Թորանեանը, Խաչատուր Աբովեանի անւան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Սուրէն Դանիէլեանը եւ այլք:

Միջոցառման ընթացքում գրքից հատւածների ընթերցումներով եւ ասմունով հանդէս եկան ասմունքող Աիդա Ասատուրեանն ու դերասանուհի Գայանէ Սամուէլեանը: Միջոցառման ընթացքում գեղեցիկ հորովելների կատարումով հանդէս եկաւ Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր արտիստուհի Յասմիկ Յարութիւնեանը: Վերջում շնորհակալական ելոյթով ու գրքի, ինչպէս նաեւ հայ ճանաչւած մտաւորականների ծննդեան ու անցած ուղու մասին խօսեց Վարանդը: Գրքում ներկայացւած են հիմնականում մշակութային աւանդոյթներ, որոնց հիմքում ընկած է մեր հայրենիքը՝ Հայաստանը, անցեալ դարի մտաւորականների անցած ուղին ու գործունէութիւնը: Գրականագէտներից շատերի կարծիքով այն կարող է դառնալ պատմա-վաւերագրական ֆիլմի սցենարի աղբիւր:

Ի վերջոյ գիրքը հեղինակը նւիրել է մեր պետութեան պետականութեան 100-ամեակին: Իրանահայ նկարիչ, ասմունքող, բանաստեղծ եւ թարգմանիչ Վարանդը (բուն անունով՝ Սուքիաս Քիւրքչեան), ծնւել է 1954 թ. Թեհրանում՝ Ցեղասպանութիւնից վերապրածների գերդաստանում։ Տարրական եւ միջնակարգ կրթութիւնն ստացել է Թեհրանի հայոց ազգային «Քուշեշ-Դաւթեան» դպրոցում։ 1978-79 թթ. եղել է Փարիզում եւ Անգլիայում, աշխատել եւ հետեւել արւեստի ու լեզւի դասընթացներին։ Ուսանել է հայերրնագիտութիւն՝ Թեհրանի Ազատ համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում, ուր եւ դասաւանդել է իբրեւ հայոց լեզւի եւ գրականութեան դասախօս։ Անց է կացրել նաեւ Արւեստից պատմութեան դասընթացների մագիստրական շրջանը։ 2000 թ. Էջմիածնի «Ս. Գրիգոր Լուսաւորիչ» համալսարանից արժանացել է դոկտորական կոչման։