Երկուշաբթի՝ 2018 թւականի հոկտեմբերի 8-ին, դպրոցական աշխատանքային օրն այլ կերպ մեկնարկեց Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանում, քանի որ այդ առաւօտ նշւեց թէ նախակրթարանի Ա տառի հանդէսը եւ թէ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի՝ Իւնիսեֆ-ի կողմից հաստատւած Մանուկների օրը: 

Սկզբում իրականացւեց նախակրթարանի Ա տառի հանդէսը, որտեղ մեծ շուքով տօնւեց գրաճանաչութեան ճանապարհին սաների կատարած առաջին քայլը: Սաները շուրջ երկու շաբաթ նախապատրաստական վարժութիւններ կատարելուց յետոյ, իրենց ուսուցչուհու եւ մայրերի հետ նշեցին Ա տառը սովորելու անասելի բերկրանքը: 

Սկզբում աշակերտներն ու իրենց մայրերը համախմբւեցին դասարանում, ապա ուսուցչուհի Ռայեա Խուդավերդեանը հետաքրքիր ու դիւրըմբռնելի ձեւով սկսեց իր դասաւանդումը՝ սկզբում նախապատրաստական վարժութիւններից երեխաներին ուղղած հարցերով, որոնց գերազանցապէս պատասխանեցին փոքրիկները, ապա Ա տառով սկսւող բառերի մասին խաղերի կազմակերպմամբ, իսկ վերջում մի տպաւորիչ հեքիաթով, որտեղ նա անմոռանալի ձեւով բացատրեց Ա-ի գրելու ձեւը: Դասի աւարտին երեխաներն ու ուսուցչուհին բոլորւեցին դպրոցի բակում, ուր որպէս այս գեղեցիկ տօնի խորհրդանիշ կախարդական տփից հանեցին Ա տառը եւ փուչիկների օգնութեամբ երկինք բարձրացրին: Հանդէսը եզրափակւեց դպրոցի սրահում՝ մայրերի եւ սաների համատեղ ջանքերով ձեռքի աշխատանքի պատրաստմամբ:

Օրւայ միւս կէսը յատկացւեց Մանուկների համաշխարհային օրւայ միջոցառմանը: Մանկապարտէզ-նախակրթարանի տնօրինութեան հրաւէրով դպրոց ներկայացան Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի հեքիաթասացութեան եւ «Եկէք խաղանք հայկական խաղեր» ծրագրերի պատասխանատուները՝ գրադարանավարուհի Վերգինէ Միրզախանեանն ու նրա հետ համագործակցող Կարին Տէր-Մարտիրոսեանը, Այլին Քեշիշեանն ու պատանի Արթուր Քամարզարեանը: Վերոնշեալների նախատեսած ծրագրի համաձայն նախ սաները խմբերի բաժանւելով խաղացին հայերէն այբուբենի լոտօ՝ թերթիկների վրայ նշանակելով այն պատկերները, որոնց սկզբնատառը պատահաբար դորս էր բերւում լոտոյի քսակից, իսկ խաղի աւարտին իրենց վիճակ ընկած բառերով կազմեցին նախադասութիւններ: Շարունակութեան մէջ Արթուր Քամարզարեանի տպաւորիչ եւ խանդավառ ներկայացմամբ երեխաներն ունկնդրեցին «Սուտլիկ որսկանը» հեքիաթը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարների հեղինակ՝ «Ս. Ներսէս Շնորհալի» գրադարանի պատասխանատու եւ Ն.Ջ. մանկապարտէզ-նախակրթարանի ծնողական խորհրդի անդամներ

 
manookneri_or_01.jpg manookneri_or_02.jpg manookneri_or_03.jpg

manookneri_or_04.jpg manookneri_or_05.jpg manookneri_or_06.jpg

manookneri_or_07.jpg manookneri_or_08.jpg manookneri_or_09.jpg

manookneri_or_10.jpg manookneri_or_11.jpg