Ընթացիկ տարւայ օգոստոսից Ս. Ամենափրկիչ վանքի «Ս. Ներսէս Շնորահալի» գրադարանում իւրաքանչիւր հինգշաբթի առաւօտեան, իրականացւել են հեքիաթասացութեան միջոցառումներ՝ նպատակ ունենալով հայ գրականութեան թանկագին գոհարները մատաղ սերնդին առաւել ծանօթացնելու, ընթերցանութեան նկատմամբ նրանց սէրը բազմապատկելու եւ երեխաների համարձակութիւնն ու ճարտասանական կարողութիւնները զարգացնելու:  

Պատմիչները հիմնականում եղել են փոքրիկները եւ ներկայացումները կատարւել են զանազան ձեւերով, իսկ պատասխանատուների ու պատմիչների համատեղ նախաձեռնութեամբ իւրաքանչիւր միջոցառման աւարտին իրականացւել է ուսուցողական ծրագիր, ուր երեխաները սովորել են երգեր, պատրաստել են հեքիաթին առնչւող ձեռքի աշխատանքներ եւ զբաղւել խաչբառի մրցոյթներով, բառախաղերով ու հայոց այբուբենի լոտոյով:

Ներկայացւած հեքիաթներն են եղել.

Անայիս Բաբայեան (10 տարեկան)՝ «Գորտ արքայազնը».

Անի Թորոսեան (5 տարեկան)՝ «Ճպուռն ու մրջիւնը».

Տեսիլ Գալստանեան (10 տարեկան)՝ «Խօսող ձուկը». այս հեքիաթասացութիւնը կատարւեց թատրոնի ձեւով եւ դերերը մարմնաւորեցին փոքրիկ Քաջայր Գալստանեանը եւ տարրական դպրոցի աշակերտներ՝ Ստեփանիա Յակոբեանը, Արամէ Ասատրեանն ու Լեմուէլ Թահմազեանը:

Ստեփանիա Յակոբեան (10 տարեկան)՝ «Ոսկու կարասը».

Նարեկ Յովսէփեան՝ (6 տարեկան)՝ «Սուտլիկ որսկանը»:

Իսկ իրենց պատմողական հմտութիւններով փոքրիկներին անասելի խանդավառութիւն պարգեւեցին նաեւ մեծահասակները՝ Կարին Տէր-Մարտիրոսեանը «Փիլոսը» եւ Ալինա Տէր-Սուքիասեանը «Անյաղթ աքլորը» հեքիաթների ներկայացմամբ. պատանի Արթուր Քամարզարեանը մարմնաւորելով Փիլոսի դերը՝ աւելի պատկերաւոր դարձրեց դրա զաւեշտալի դրւագները:

Յատկանշական է, թէ սոյն շարանը դեռ շարունակւելու է, քանի որ այն լայն ընդառաջում է գտել թէ ծնողների եւ թէ փոքրիկների կողմից: Մեծ թւով երեխաներ հերթագրւել են՝ իրենց սիրելի հեքիաթը պատմելու համար: Ծրագրի մեկնարկից ցայսօր բոլոր միջոցառումներին որպէս հանդիսատես ներկայ են եղել մեծաթիւ մանուկներ:

Այս գեղեցիկ մտայղացման կազմակերպական գործում գրադանավարուհի Վերգինէ Միրզախանեանի հետ սերտ համագործակցութիւն են ցուցաբերել Այլին Քեշիշեանն ու Կարին Տէր-Մարտիրոսեանը:

Աւելացնենք նաեւ, որ հոկտեմբերի 8-ի առաւօտեան, Մանուկների համաշխարհային օրւայ առթիւ, Նոր Ջուղայի հայոց ազգ. մանկապարտէզ-նախակրթարանի պատասխանատուների հրաւէրով գրադարանի հեքիաթասացութեան եւ «Եկէք խաղանք հայկական խաղեր» ծրագրերն իրականացւեցին սոյն դպրոցում՝ սաների մասնակցութեամբ: Ծրագրում «Սուտլիկ որսկանը» հեքիաթը ներկայացրեց Արթուր Քամարզարեանը, ապա փոքրիկները խաղացին այբուբենի լոտօ:

Թղթակից (Նոր Ջուղա)

 
hekyat_01.JPG hekyat_02.JPG hekyat_03.JPG

hekyat_04.JPG hekyat_05.JPG hekyat_06.JPG

hekyat_07.JPG hekyat_08.JPG hekyat_09.JPG

hekyat_10.JPG hekyat_11.JPG hekyat_12.JPG

hekyat_13.JPG hekyat_14.JPG hekyat_15.JPG

hekyat_16.JPG hekyat_17.JPG hekyat_18.JPG

hekyat_19.JPG hekyat_20.JPG hekyat_21.JPG

hekyat_22.JPG hekyat_23.JPG hekyat_24.JPG

hekyat_25.JPG hekyat_26.JPG hekyat_33.JPG

hekyat_34.JPG hekyat_35.JPG hekyat_36.JPG

hekyat_37.JPG hekyat_38.JPG