Ուրբաթ՝ 2018 թւականի օգոստոսի 17-ի առաւօտեան, Փերիոյ գաւառի Խոյգան գիւղի «Ս. Յովհաննէս» եկեղեցում, Ս. եւ Անմահ Պատարագ մատուցւեց Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցու հինգ տաղաւար տօներից չորրորդի՝ Ս. Աստւածածնի Վերափոխման տօնի (Խաղողօրհնէք) առթիւ, նախագահութեամբ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի:

Հարկ է նշել, որ Խոյգան գիւղն ունի երեք եկեղեցի, որոնցից երկուսը՝ «Ս. Յովհաննէս»-ն ու «Ս. Ներսէս»-ը, վերջերս վերանորոգւել են  Ֆեռէյդունշահրի Մշակութային ժառանգութեան, ձեռարւեստի ու զբօսաշրջութեան կազմակերպութեան միջոցով եւ սոյն Պատարագը եկեղեցու վերանորոգումից յետոյ իրականացւած առաջին արարողութիւնն է:

Պատարագը մատուցւեց արժ. Տ. Խաչատուր քհնյ. Զարգարեանի ձեռամբ եւ քահանայից ու դպրաց դասերի, ինչպէս նաեւ ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մասնակցութեամբ:

Ընթացքում առաջնորդ Սրբազան Հօր միջոցով փոխանցւեց օրւայ քարոզը: Նա իր խօսքի հիմնական առանցքն էր դարձրել «Յովհաննէս» աւետարանի 19-րդ գլխից 26 եւ 27-րդ համարները, որտեղ Քրիստոսը խաչի վրայից այս աշխարհում իր վերջին տնօրինումն է կատարում՝ ս. Մարիամին ու Յովհաննէսին միմեանց մայր եւ որդի կարգադրելով: Քարոզի շարունակութեան մէջ Սրբազան Հայրն անդրադառնալով իւրաքանչիւր հաւատացեալ քրիստոնեայի կեանքում առկայ ծնողներին՝ մարմնական եւ հոգեւոր ծնողներին (Ս. Աւետարանը եւ Հայ եկեղեցին)՝ յորդորեց հզօրագոյն յանձնառութեամբ մեր սէրն ու հաւատարմութիւնն արտայայտել զոյգ տեսակի ծնողների նկատմամբ՝ Աստծու ողորմութեանը, օրհնութեանն ու շնորհքներին արժանանալու համար:

Ս. Պատարագի աւարտին թեմակալ առաջնորդի նախագահութեամբ եւ եկեղեցական դասի մասնակցութեամբ տեղի ունեցաւ Խաղողօրհնէք, որտեղ Աստծուց խնդրւեց օրհնել եկեղեցի բերւած խաղողի ողկոյզներն ու այն ճաշակողներին՝ մեղքերի թողութեանն ու առողջ մարմնի եւ հոգու արժանանալու համար: Աւարտին իր հայրական պատգամը փոխանցեց Սրբազան Հայրը, ուր Պատարագի մատուցման, տօնի կազմակերպման եւ արարողութեանը մասնակցութեան համար գնահատեց եկեղեցական դասին, Խոյգան գիւղի Եկեղեցեաց վարչութեանը եւ հաւատացեալ ժողովրդին, իսկ եկեղեցու վերանորոգման կապակցութեամբ իր երախտիքի խօսքն ուղղեց Իրանի Իսլ. Հանրապետութեանն ու դերակատար կազմակերպութիւններին, ինչպէս նաեւ բարերար անհատներին:

Հոգեպարար արարողութիւններին ներկայ էին թեմի Պատգամաւորական ժողովի փոխ-ատենապետ Մկրտիչ Աւետումեանը, Կրօնական խորհրդի անդամ Սաքօ Տէր-Յովհաննիսեանը, Խոյգան գիւղի Եկեղեցեաց վարչութեան անդամներն ու հոծ թւով հաւատացեալ ժողովուրդ՝ Փերիոյ գաւառից, Նոր Ջուղայից, Շահինշահրից եւ Թեհրանից:


Թղթակից (Նոր Ջուղա)

 

khaghogh_gyugh_01.JPG khaghogh_gyugh_02.JPG khaghogh_gyugh_03.JPG

khaghogh_gyugh_04.JPG khaghogh_gyugh_05.JPG khaghogh_gyugh_06.JPG

khaghogh_gyugh_07.JPG khaghogh_gyugh_08.JPG khaghogh_gyugh_09.JPG

khaghogh_gyugh_10.JPG