Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահիշահրի մասնաճիւղի Երէցների միաւորի նախաձեռնութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի յունիսի 19-ին, տեղի ունեցաւ միօրեայ շրջագայութիւն դէպի Սաման քաղաքի «Զամանխան» հնամեայ կամուրջ: 

ՀՀ հիմնադրման 100-ամեակին նւիրւած այս շրջագայութեանը մասնակցել էին նոյն մասնաճիւղի եւ համայնքի անդամներից 36 հոգի:

Խումբը, որն առաւօտեան կանուխ էր մեկնել Շահինշահրից, տեղ հասնելուն պէս հաստատւեց «Զայանդեռուդ» գետի ափում՝ «Զամանխան» կամրջի մօտակայքում գտնւող զբօսայգում, որտեղ վայելեց գեղեցիկ բնութիւնը, հաճելի օդը եւ այս տեսարժան վայրում եղած զւարճալի զբաղմունքները:

Հարկ է նշել, որ նոյն միաւորի կազմակերպութեամբ եւս մի շրջագայութիւն իրականացւեց 2018 թւականի ապրիլի 13-ին, ուր 35 ուխտաւորներից բաղկացած շրջագայող խումբն սկզբում մասնակցեց Փերիա գաւառի Ներքեւի Խոյգան գիւղի «Լուսահանգիստ» սրբավայրում կատարւած հոգեհանգստեան կարգին՝ ի յիշատակ հաւատի ճանապարհին նահատակւած Գրիգոր Արփայեցիի, ապա հանգրւանելով Ղարղուն գիւղի «Ս. Նշան» եկեղեցու շրջափակում, գարնանային պայծառ օրւայ միւս բաժինը վայելեց մտերմիկ մթնոլորտի ներքոյ: 

Թղթակից (Շահինշահր)

Լուսանկարները տրամադրեց Լինա Մովսիսեանը