Նոր Ջուղայի հայոց ազգ. «Քանանեան-Կատարինեան» միջնակարգ դպրոցի տնօրինութեան նախաձեռնութեամբ եւ Սպահանի հայոց թեմի ՀՀ հիմնադրման 100-ամեակի Կենտ. յանձնախմբի հովանաւորութեամբ, անկախութեան այս պանծալի տօնին նւիրւած ծրագրերի շարանում, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, հայոց ազգ. կրթահամալիրի «Ալենուշ Տէրեան» դահլիճում տեղի ունեցաւ ընդհանուր գիտելիքների մրցոյթ՝ դպրոցի աշակերտութեան մասնակցութեամբ:

Որպէս հանդիսատես ներկայ էին՝ Կրթական խորհրդի եւ ՀՀ 100-ամեակի տօնակատարութեան Նոր Ջուղայի ենթայանձնախմբի ներկայացուցիչները, ուսուցիչներ, ծնողներ եւ դպրոցի տարիների շրջանաւարտներ: 

Սկզբում առիթի կապակցութեամբ շնորհաւորանքի խօսքով եւ 100-ամեակին նւիրւած դպրոցի ծրագրերի մասին բացատրութեամբ հանդէս եկաւ փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանը: 

Այնուհետեւ մրցոյթի մեկնարկը տրւեց «Սարդարապատ» երգի միասնական կատարմամբ, որից յետոյ դպրոցի գրադարանավարուհի եւ ծրագրի հաղորդավար Կարին Տէր-Մարտիրոսեանը բացատրելով ընթացքի մասին, ներկայացրեց իրաւարար կազմին ու մասնակից խմբերին:

Իրաւարարութեան բարդ աշխատանքն ստանձնել էին ուսուցչուհիներ՝ Անահիտ Թահմազեանը, Սեդա եւ Քառոլին Դիլանչեաններն ու Սիւնէ Մինասեանը: 

Մասնակից 15 խմբերն առանձնաբար պատասխանեցին Հայոց պատմութեան՝ ի մասնաւորի 1918 թւականի մայիսեան յաղթանակին առնչւող՝ գրականութեան, արւեստի, աշխարհագրութեան եւ հայրենասիրական երգերի հարցերին:

Իւրաքանչիւր խմբին մաս էին կազմում նաեւ մէկական ծնող կամ դպրոցի շրջանաւարտ, ովքեր պարտականութիւն ունէին օժանդակելու պատկան խմբի աշակերտներին:  

Արդիւնքում առաջին պատւաւոր տեղը գրաւեց թիւ15 խումբը՝ Լիլիթա Յովսէփեանի, Հայուհի Ղարախանեանի եւ շրջանաւարտ Վանա Շիրւանեանի անդամակցութեամբ, երկրորդ հանդիսացաւ թիւ երեք խումբը, որին մաս էին կազմում՝ Վահագն Թահմազեանը, Մհեր Մինասեանը եւ շրջանաւարտ Փրենի Ղազարեանը, իսկ երրորդ կարգի արժանացաւ համար 9 խումբը՝ անդամակցութեամբ Լիլիթ Գէորգեանի, Արսինէ Հայրապետեանի եւ ծնող Գայիանէ Գրիգորեանի: 

Մրցութային բաժնի աւարտին բոլորը համախմբւեցին դպրոցի բակում, ուր Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի եւ Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Վարուժ Մինասեանի ու Վարուժ Մովսիսեանի ձեռամբ ժապաւէնի հատումով պաշտօնապէս բացւած յայտարարւեց աշակերտների լուսանկարների ցուցահանդէսը, որից յետոյ ներկաները մուտք գործելով կրթահամալիրի կենտրոնական սրահ դիտեցին 21 մասնակիցների կողմից ներկայացւած 70 հիասքանչ եւ բարձրորակ լուսանկարները: 

Յատկանշական է, որ ցացահանդէսի որակն ապահովելու համար՝ մասնակիցների կողմից ներկայացւած բազմաթիւ նկարների միջից լաւագոյն աշխատանքներն ընտրւել էին արհեստավարժ ընտրական յանձնախմբի միջոցով: Ցուցահանդէսի կազմակերպման գործը հիմնականում կատարել էր լուսանկարիչ Վազրիկ Մելքոնեանը. այս գործում դպրոցի տնօրինութեան հետ համագործակցութիւն էին ցուցաբերել նաեւ Վերգինէ Միրզախանեանը, Նայիրի Այւազեանը եւ Նորւիկ Ալլահվերդեանը:

Բացման ծրագրում տեղ էին գտել աշակերտական խօսքեր ու կատարումներ: Սկզբում բացման խօսքն ընթերցեց Լիլիթ Գէորգեանը, ով անդրադարձաւ մայիսեան հերոսամարտերին եւ սոյն առիթին նւիրւած դպրոցի աշխատանքներին: 

Այնուհետեւ Մինելի Ղազարեանը բացատրելով դպրոցի կողմից կազմակերպւող լուսանկարչութեան դասընթացների մասին, ասաց, թէ այս ծրագիրը երկու տարի է, ինչ ներառւած է դպրոցի արտադասարանային աշխատանքներում: Նա շեշտելով, որ աշակերտները մասնակցել են դպրոցի ու նահանգի մակարդակներում, ինչպէս նաեւ արտասահմանեան մրցոյթների, որոնց արդիւնքում արժանացել են բազմաթիւ մրցանակների ու գնահատագրերի, աւելացրեց, թէ լուսանկարչական աշխատանոցների մասնակիցների ուսուցման գործը վստահւած է եղել համալսարանի դասախօս եւ անւանի լուսանկարիչ Եասեր Արաբին:

Շարունակութեան մէջ դպրոցի երգչախումբը կատարեց հայրենասիրական երգեր՝ Նարբէ Գրիգորեանի ղեկավարութեամբ, որից յետոյ ցուցահանդէսին մասնակից աշակերտների անունից շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Վահագն Թահմազեանը. շնորհակալութիւններն ուղղւած էին աշխատանոցի եւ ցուցահանդէսի կազմակերպիչներին ու դասատուին, ինչպէս նաեւ ՀՀ 100-ամեակի թեմի Կենտ. յանձնախմբին ու Նոր Ջուղայի տօնակատարութեան ենթայանձնախմբին:  

Այնուհետեւ ձեռամբ թեմակալ առաջնորդի, Պատգ. Ժողովի, Թեմական եւ Կրօնական խորհուրդների ատենապետներ եւ միաժամանակ ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի անդամներ՝ Թաթուլ Օհանեանի, Վարուժ Մինասեանի ու Վարուժ Մովսիսեանի, ինչպէս նաեւ Կրթական խորհրդի ատենապետ՝ Մարգարիտ Դաւթեանի ու տնօրինուհի Կարինէ Մինասեանի տեղի ունեցաւ գնահատագրերի բաշխման արարողութիւնը: 

Սկզբում գնահատւեցին Հոնգկոնգում կայացած «Good earth» խորագրով միջազգային լուսնակարների մրցոյթին մասնակցած եւ յաղթանակ արձանագրած հայոց դպրոցի աշակերտները: Մրցոյթի արդիւնքում Նինելիա Յարութիւնեանը գրաւելով երկրորդ տեղը արժանացել էր պատւոգրի եւ գաւաթի, իսկ Անի Սիմոնեանը, Նարինէ Խուդաբախշեանը, Լիանա Ղազարեանը եւ Հայուհի Ղարախանեանը որպէս երրորդ կարգի յաղթողներ արժանացել էին պատւոգրերի: Միջազգային մրցոյթի կողմից պատւոգրեր էին շնորհւել նաեւ դպրոցի փոխ-տնօրինուհի Ռիմա Սիմոնեանին, գրադարանավարուհի Կարին Տէր-Մարտիրոսեանին ու ուսուցչուհի Սիւնէ Մինասեանին՝ աշակերտների մասնակցութիւնն ապահովելու համար:

Շարունակութեան մէջ գնահատագրեր բաշխւեցին ընդհանուր գիտելիքների մրցոյթի բոլոր մասնակիցներին, իսկ յուշանւէրներ՝ յաղթող խմբերի անդամներին:

Մրցանակաբաշխման ծրագրում յայտարարւեց լուսանկարների մրցոյթի արդիւնքը: Լուսանկարները գնահատւել էին Սպահանի հինգ անւանի լուսանկարիչների կողմից: Արդիւնքում առաջին տեղը գրաւեց Շանթ Մելքոնեանը,  երկրորդ՝ Լիլիթ Գէորգեանը, երրորդ՝ Արփինէ Մովսիսեանը, չորրորդ՝ Արթուր Քամարզարեանը, իսկ հինգերորդ տեղը միասնաբար գրաւեցին Ռենիա Մինասեանն ու Վահագն Հայրապետեանը: Այս բաժնի յաղթողները նոյնպէս պարգեւատրւեցին, իսկ գնահատւեց ցուցահանդէսի կազմակերպիչ՝ Վազրիկ Մելքոնեանը:

Աւարտին որպէս եզրափակիչ խօսք ՀՀ 100-ամեակի Կենտ. յանձնախմբի ատենապետ Թաթուլ Օհանեանն իր ուրախութիւնը յայտնեց նման գեղեցիկ աշակերտական միջոցառումներով հայ ժողովրդի անկախութեան տօնի 100-ամեայ յոբելեանը արժեւորելու կապակցութեամբ եւ դրւատանքի խօսք ուղղեց ծրագրերի նախաձեռնողներին ու կազմակերպիչներին: 

Թղթակից (Նոր Ջուղա)