Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան նախաձեռնութեամբ եւ նոյն մասնաճիւղի Երէցների ու Մարզական միաւորների կազմակերպութեամբ, երեքշաբթի՝ 2018 թւականի մայիսի 1-ի երեկոյեան, պատկան կենտրոնատեղիի սրահում նշւեց Աշխատաւորների միջազգային օրը: Ծրագրին ներկայ էին համայնքի անդամները՝ ի մասնաւորի աշխատաւորները:   

Երեկոն բացւած յայտարարեց Վարդուհի Պօղոսեանը, ով սկզբում շնորհաւորելով տօնի առթիւ եւ բացատրելով, թէ ի՞նչ հանգամանքների բերումով է մայիսի 1-ը աշխատաւորների օր անւանւել, մատնանշեց հայ ժողովրդի աշխատասիրութիւնը, ինչի պատճառով էլ յայտնի է եւ գովեստի արժանի: 

Ծրագրում համայնքի զաւակներից, աստղագէտ Արգիստ Ղարիբեանը, ով իր բարձրագոյն կրթութիւնն ստացել է Անգլիայում եւ ներկայիս իր մասնագիտութեան ոլորտում գործունէութիւն է ծաւալում Իրանի զանազան քաղաքներում, լուսանկարներով ելոյթ ունեցաւ իր կենսագրական գծերի եւ մասնագիտութեան մասին, այնուհետեւ երկու գիտական տեսանիւթերի ցուցադրմամբ առաւել պատկերաւոր ձեւով անդրադարձ կատարեց աստղագիտութեան մի շարք տերմիններին ու երեւոյթներին: 

Շարունակութեան մէջ կենտրոնատեղիի բակում, աստղագէտի ղեկավարութեամբ տեղի ունեցաւ գիտական աշխատանոց, ուր ցանկացողները աստղադիտակով դիտեցին լուսինն ու Իւպիտեր մոլորակը: 

Ջերմ ու մտերմիկ մթնոլորտով երեկոյի ընթացքում հնչեց ուրախ երաժշտութիւն եւ  ներկաները վայելեցին Երէցների միաւորի միջոցով պատրաստւած զանազան կերակրատեսակները: Մարզական միաւորի կազմակերպութեամբ տեղի ունեցան  զւարճալի եւ հետաքրքիր մրցոյթներ, որոնք հաճելի կերպով վարեց Ռազմիկ Մարկոսեանը: 

Տօնի առթիւ իւրաքանչիւր աշխատաւորի նւիրւեց յուշանւէր: 

Թղթակից (Շահինշահր) 

ashkhadavorootyoon_01.jpg ashkhadavorootyoon_02.jpg ashkhadavorootyoon_03.jpg

ashkhadavorootyoon_04.jpg ashkhadavorootyoon_05.jpg ashkhadavorootyoon_06.jpg

ashkhadavorootyoon_07.jpg ashkhadavorootyoon_08.jpg ashkhadavorootyoon_09.jpg

ashkhadavorootyoon_10.jpg ashkhadavorootyoon_11.jpg