Երկուշաբթի՝ 2018 թւականի ապրիլի 23-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Շահինշահրի «Սրբոց Վարդանանց» սրահում կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը՝ նախագահութեամբ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի եւ մասնակցութեամբ արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանի ու սարկաւագաց դասի:

Ներկայ էին՝ ազգային մարմինների, Շահինշահրի  հայ համայնքի վարչութեան ու Հայ Դատի գրասենեակի ներկայացուցիչները, միութենականներ, հայոց ազգ. դպրոցների աշակերտ-ուհիներն ու պատասխանատուները եւ հոծ թւով ժողովուրդ:

Կարգին յաջորդեց համահաւաքը, որը բացւած յայտարարւեց Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման Շահինշահրի յանձնախմբի անդամ Քարմէն Մատթէոսեանի խօսքով: 

Այնուհետեւ Շահինշահրի հայոց ազգ. «Նարեկ» մանկապարտէզ-նախակրթարանի սաները ելոյթ ունեցան խմբական երգերի կատարմամբ, իսկ «Սրբոց Վարդանանց» տարրական դպրոցի աշակերտական խօսքն ընթերցեց Ռենիտա Նազարեանը. նոյն դպրոցի աշակերտ-ուհիները, երգուսոյց Նարբէ Տէր-Գրիգորեանի ղեկավարութեամբ, հանդէս եկան խմբական երգերով, իսկ ընթացքում ասմունքեցին Մանիֆա Յովհաննիսեանը, Մարիսա Խանմելիքեանը եւ Թինա Մինասքանեանը. մեներգեց Ռենիտա Նազարեանը: 

Շահինշահրի հայ համայնքի վարչութեան խօսքն ընթերցեց Ռայմոնդ Թորոսեանը, ուր ընդգծւած էր. «Թէեւ մեզ մեծապէս յաջողւել է միջազգային իրաւական դաշտում ակնառու առաջխաղացում ունենալ Հայոց Ցեղասպանութեան ճանաչեցման հարցում, սակայն պէտք է սթափ լինենք ոխերիմ թշնամու սադրանքները դիմագրաւելու յոյժ կարեւոր գործում»: 

Ծրագրի շարունակութեան մէջ Շահինշահրի Հայ Դատի գրասենեակի անունից արտայայտւեց Արիս Դաւթեանը, ով նշելով, որ Հայ Դատի ուղղութեամբ կարեւոր են թէ միջազգային մակարդակում իրականացւող գործունէութիւնը եւ թէ ներքին ճակատում աշխատանքները, սոյն ճակատի կարեւոր իրագործումներից համարեց՝ հայկական պետականութեան ամրապնդումը, գիտակից եւ հայրենանւէր սերունդների դաստիարակութիւնը, համայն հայութեան միասնականութեան պահպանումը, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնների հողային ամբողջականութեան պաշտպանումը, հայրենիքի տնտեսութեան բարգաւաճումը եւ նոր սերնդի հոգում հայկական արժէքների սերմանումը:  

Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան խօսքն ընթերցեց Վարդուհի Պօղոսեանը, ով պատմական ակնարկ ունենալով Հայոց Ցեղասպանութեան իրողութեանը, նշեց, որ հայը ապաւինելով իր սեփական ուժին, աշխարհի տարբեր երկրներում ստեղծեց բազմաթիւ մեծ ու փոքր հայաստաններ՝ պահպանելով իր սերտ կապը Մայր Հայրենիքի հետ: 

Ելոյթների շրջագծում Փերիոյ Կրթասիրաց միութեան Շահինշահրի մասնաճիւղի վարչութեան կողմից արտայայտւեց Ջանիկ Թահմազեանը, իսկ Շահինշահրի Հայ կանանց եկեղեցասիրաց միութեան խօսքն ընթերցեց Անահիտ Օհանեանը: Պրն. Թահմազեանն իր խօսքում ընդգծեց, որ Հայոց Ցեղասպանութեան ժխտումը պատասխանատւութիւնից խուսափելու համար կատարւող յանցագործութիւն է, որը նոր ցեղասպանութիւնների պատճառ է հանդիսանում, իսկ տկն. Օհանեանն անդրադառնալով 20-րդ դարի ամենաողբերգական դէպքին՝ Հայոց Ցեղասպանութեանը, շեշտեց, թէ Ցեղասպանութեան հետեւանքով հայ ժողովուրդը կորցրեց թէ՛ իր պապենական հայրենիքի զգալի մասը եւ թէ՛ իր քոյրերին ու եղբայրներին: 

Վերջում իր հայրական պատգամը փոխանցեց գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ով բնաբան ունենալով Գարեգին Նժդեհի «Եթէ ազգը բանակ է դառնում ոչ ոք է կարող նրան ծնկի բերել» խօսքը, ասաց. «Հայոց Ցեղասպանութեան ճանաչման, պահանջատիրութեան եւ Հայ Դատի աշխատանքների արդիւնքը եղել է հայերի ուժի եւ հզօրութեան մակարդակի բարձրացումը, միասնականութիւնը եւ բռունցքը, որն ի վիճակի է թշնամուն ծնկի բերել ու արդար հատուցում պահանջել»: 

Համահաւաքի աւարտին ներկաներն առիթ ունեցան դիտելու Շահինշահրի Հայոց ազգ. դպրոցների աշակերտ-ուհիների  նկարչութիւններն ու ձեռքի աշխատանքները՝ օրւայ թեմայով:

Երեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան ժամը 9:30-ին, «Սրբոց Վարդանանց» եկեղեցում տեղի ունեցաւ սուրբ եւ անմահ պատարագ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ. օրւայ պատարագիչն էր արժն. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, իսկ երգեցողութեամբ հանդէս եկաւ Շահինշահրի «Նարեկ» երգչախումբը: Պատարագի աւարտին շրջափակում տեղի ունեցաւ բողոքի համահաւաք: 

Սկզբում հոգեւոր տեսուչ Հայր Սուրբը ներկաներին փոխանցեց իր խօսքը, ուր յիշեցնելով համահաւաքի նպատակները՝ պահանջատիրութիւնը բարձրաձայն աղաղակելը եւ նահատակների արեան կանչը համայն աշխարհին լսելի դարձնելը, աւելացրեց. «Մենք չենք սգում մեր քոյրերի ու եղբայրների նահատակութիւնը, այլ նրանց սրբութեամբ կրկին անգամ յարութիւն ենք առնում եւ ուժ ենք ստանում, վերանորոգում ենք մեր կամքը, հաւատը եւ մանաւանդ մեր պահանջատիրութեան ոգին, որովհետեւ աշխարհին պէտք է ցոյց տանք, թէ հայերն այլեւս նահատակներ չունեն. հայերն ունեն սուրբեր եւ նրանք են, որ մեզ զօրութիւն են տալիս»:

 Այնուհետեւ կազմակերպիչ յանձնախմբի անդամ Ռազմիկ Մարկոսեանի միջոցով ընթերցւեց Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ հաստատւած պարսկերէն բանաձեւը, որին յաջորդեց ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ մասնակցութեամբ համայնքի հոգեւորականաց դասի, Հայ Դատի գրասենեակի անդամների, ազգային մարմինների, միութիւնների ու հայոց ազգ. դպրոցների պատասխանատուների, ոգեկոչման յանձնախմբի եւ ժողովրդի: 

Միջոցառումն հաղորդավարեց Քարմէն Մատթէոսեանը:

Չորեքշաբթի՝ ապրիլի 25-ի երեկոյեան ժամը 7:30-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Շահինշահրի մասնաճիւղի սրահում, տեղի ունեցաւ դասախօսական-գեղարւեստական երեկոյ, ուր ներկայ էին Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տէր Սիփան եպս. Քէչէճեանը, արժ. Տ. Սահակ քհնյ. Մինասեանը, Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի եւ  հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ազգային մարմինների, Հայ Դատի ու միութիւնների  ներկայացուցիչները եւ հոծ ժողովուրդ: 

Ոգեկոչման յանձնախմբի անունից բացման խօսքով եւ ձեռնարկի հաղորդավարութեամբ հանդէս եկաւ Վիոլետ Յարութիւնեանը, որից յետոյ դասախօսական ելոյթ ունեցաւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը: 

Նա անդրադառնալով սեւ եւ սպիտակ ջարդերի տարբերութիւններին՝ առանձնաբար բացատրեց հայկական սպիտակ ջարդի վեց տեսակները, որոնք են՝  որդեծնութեան պակասը, արտագաղթը, թշնամիների կողմից երկրի շրջափակումը, հանդարտ կամ պաղ պատերազմը, տեղափոխութիւնը եւ ձուլումը: 

Դասախօսն աւելացրեց նաեւ. «Ցեղասպանութիւնը շարունակւում է ճերմակ ջարդի տեսքով, որի տեսակներից մի քանիսը կատարւում է թշնամու միջոցով, իսկ միւս բաժինը՝ մեր ձեռքով: Ուստի մեզ պէտք են ուշադրութիւն, զգօնութիւն եւ իմաստութիւն, որպէսզի յանձն առնենք եւ ձեռնարկենք զանազան միջոցներ՝ նմանօրինակ աղէտների դէմն առնելու համար: Պէտք է կարողանանք հզօր պետականութեամբ, ծրագրւած եւ կատարեալ համակարգով ու յատկապէս համազգային միասնականութեամբ կանխարգելել բոլոր ներկայ եւ գալիք վտանգներն ու աղէտները»: 

Գեղարւեստական բաժնում Վանանդ Իսաղուլեանը մեներգեց «Հայի զաւակ»-ը եւ «Յուշարձաններ»-ը, Արութին Հախնազարեանը՝ «Տուն իմ հայրենի» եւ  «Հայ զինւոր» երգերը, Նազելի Մարկոսեանը՝ «Զինւորի մօր երգ»-ը, Շանթ Թահմազեանը՝ «Կռունկ»-ը եւ Արգին Շահմիզայեանը՝ «Հայ քաջ զինւոր» երգը: 

Ժաննա Շահբազեանը եւ Վեհանուշ Խուդաբախշեանը հերթաբար ասմունքեցին «Երգ կռունկի մասին» եւ «Հոգեհանգիստ» բանաստեղծութիւնները: 

Գեղարւեստական ելոյթերն իրականացել էին գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի ղեկավարութեամբ:

Երեկոն եզրափակւեց Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ  հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանի խօսքով, ով սկզբում անդրադարձ ունենալով 20-րդ դարի սկզբին հայ ժողովրդի պատմութեանը, հայրենիքի կորուստը համարեց Օսմանական կայսրութեան կողմից հայ ազգին հասցրած ամենադաժան եւ ահաւոր հարւածը: Նա նշելով, որ մեր ժողովուրդը պահանջում է Թուրքիայից առերեսւել իրականութեան հետ եւ ընդունել այն փաստը, որ իր պատմութիւնը կերտել է հայ ժողովրդի արիւնը թափելով, հայութեանը յորդորեց՝ հաւաքւել մէկ առանցքի շուրջ, որը հայ ժողովրդի ոտնահարւած իրաւաունքների վերականգնումն է: 

Թղթակից (Շահինշահր)