Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի ոգեկոչման ծրագրերը ժողովրդի խուռներամ մասնակցութեամբ իրականացան Նոր Ջուղայում: 

Երկուշաբթի՝ ապրիլի 23-ի երեկոյեան, Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանի նախագահութեամբ «Ս. Ստեփանոս» եկեղեցում կայացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, որին յաջորդեց մոմերով երթը դէպի Ս. Ամենափրկիչ վանք: Վանքում պահանջատէր ժողովրդին իր խօսքն ուղղեց Իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը:

Երեքշաբթի՝ ապրիլի 24-ի առաւօտեան, սկզբում թեմակալ առաջնորդի նախագահութեամբ, Մեծ Եղեռնի բիւրաւոր Սուրբ նահատակների յիշատակին ս. եւ անմահ պատարագ մատուցւեց Ս. Ա. վանքի «Ս. Յովսէփ Արիմաթացի» եկեղեցում, ապա վանքի շրջափակում կայացաւ ծաղիկների մատուցման արարողութիւնը՝ ազգային մարմինների, Հայ Դատի յանձնախմբի, միութիւնների, հայոց դպրոցների ու ժողովրդի մասնակցութեամբ: Ժամը 11:30-ին սկիզբ առաւ բողոքի քայլարշաւը, որը ներկաների ուժգին վանկարկումների ներքոյ ընթացաւ Արեւելեան Նազար, Թոհիդ, Շարիաթի եւ Հաքիմ Նեզամի գլխաւոր պողոտաներով: 

Նոյն օրը երեկոյեան, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում կայացաւ դասախօսական-գեղարւեստական երեկոյ, ուր ելոյթների շարանում Թեմական խորհրդի խօսքն ընթերցեց Սոնիկ Բաղումեանը, դասախօսութեամբ հանդէս եկաւ գերշ. Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, իսկ շարունակութեան մէջ տեղի ունեցաւ գեղարւեստական ծրագիր:

Հայոց Ցեղասպանութեան 103-ամեակի առթիւ միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Շահինշահրում: Ապրիլի 23-ի երեկոյեան «Սրբոց Վարդանանց» սրահում համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանի նախագահութեամբ իրականացաւ Սրբոց Նահատակացն Բարեխօսական կարգը, ապա տեղի ունեցաւ համահաւաք, որն ողողւած էր աշակերտական գեղարւեստական կատարումներով ու խօսքերով: Ելոյթների շարանում խօսքեր ընթերցւեցին Շահինշահրի հայ համայնքի վարչութեան, Շահինշահրի հայ Դատի գրասենեակի եւ տեղի երեք միութիւնների անունից: Աւարտին ներկաներին իր հայրական պատգամն ուղղեց հոգեւոր տեսուչ Հայր Սուրբը: Յաջորդ օրը՝ ապրիլի 24-ի առաւօտեան «Սրբոց Վարդանանց» եկեղեցում մատուցւեց ս. եւ անմահ պատարագ՝ Հայր Սուրբի նախագահութեամբ, որից յետոյ շրջափակում տեղի ունեցաւ ծաղիկների մատուցման արարողութիւն եւ բողոքի համահաւաք:   

Մանրամասնութիւնները հետագայում: 

Թղթակից (Նոր Ջուղա)

Լուսանկարիչ՝ Գեիկ Խաչատրեան եւ թղթակից