1998 թւականից ի վեր, ամենամեայ կարգով, իրանական «Նոռուզ» տօնի արձակուրդների ընթացքում, Հ.Յ.Դ. «Ռուբէն» երիտասարդական միութիւնը (ՌԵՄ) Հայ Դատի քարոզչութեան ուղղութեամբ իր աշխատանքների ծիրում, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում կազմակերպում է գրքի ցուցահանդէս-վաճառք, որը մեծ ընդառաջում է գտնում վանքի թանգարան այցելող պարսիկ եւ օտարերկրացի հոծ զբօսաշրջիկների կողմից: Գրքերի մեծ տոկոսը կազմում են Հայոց Ցեղասպանութեան եւ Հայ Դատի թեմաներով գրական գործերը: 

«Ռուբէն» երիտ. միութեան անդամներն անցնող 20 տարիների ընթացքում սիրայօժար կերպով իրենց արձակուրդն ու հանգստեան օրերը տրամադրել են այս գործին եւ ընձեռւած հիանալի առիթը լաւապէս օգտագործել՝ հայկական հարցի ճանաչեցման ուղղութեամբ: 

Նրանք ցուցադրում եւ վաճառում, իսկ որոշ պարագաներում անվճար տրամադրում են հայութեանը ծանօթացնող, ինչու չէ նաեւ Հայոց Ցեղասպանութեան պատմական ծալքերն արտացոլող ու Հայ Դատին առնչւող գրքերը եւ հրատարակութիւնները: Դրան զուգահեռ պատասխանում են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Մեծ Եղեռնի մասին՝ զբօսաշրջիկների հարցերին: 

ՌԵՄ-ի վարչութեան եւ սոյն ցուցահանդէսի կազմակերպիչ յանձնախմբի աշխատանքն սկսում է դեռ արձակուրդից շատ աւելի առաջ՝ համապատասխան թեմաներով նոր տպագրւած գրքեր հայթայթելով եւ ցուցահանդէսն աւելի բովանդակալից ու գրաւիչ կազմակերպելու ուղղութեամբ հարկ եղածը նախաձեռնելով:

Յատկանշական է, որ այս տարի առաջին անգամը լինելով միութիւնը համագործակցութիւն ցուցաբերեց Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում բարեսիրական աշխատանքներ իրագործող Թեհրանի «Թեւանիկ» խմբի հետ: Սոյն համագործակցութեան շրջագծում ՌԵՄ-ի վարչութիւնը «Թեւանիկ»-ից ստանալով Արցախի արւեստագէտների ձեռքի աշխատանքները՝ իր ցուցահանդէս-վաճառքում մի առանձին կրպակ յատկացրեց այդ գործերի վաճառման համար: 

Վարձքներդ ի կատար ասելով այս անխոնջ երիտասարդներին՝ առաւել եռանդ ու կորով ենք մաղթում նրանց՝ հայանպաստ ու հայրենանպաստ աշխատանքներում:

Թղթակից (Նոր Ջուղա)   

 

rouben_vajark_01.jpg rouben_vajark_02.jpg rouben_vajark_03.jpg

rouben_vajark_04.jpg rouben_vajark_05.jpg rouben_vajark_06.jpg

rouben_vajark_07.jpg rouben_vajark_08.jpg rouben_vajark_09.jpg

rouben_vajark_10.jpg rouben_vajark_11.jpg rouben_vajark_12.jpg

rouben_vajark_13.jpg rouben_vajark_14.jpg rouben_vajark_15.jpg

rouben_vajark_16.jpg