Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի նախաձեռնութեամբ, ուրբաթ 2018 թւականի մարտի 9-ի երեկոյեան, Ն.Ջ. Հայ Մ.Մ. «Արարատ» միութեան սրահում տեղի ունեցաւ դասախօսական երեկոյ՝ «Թուրքիայի իշխանութիւնները եւ հայութեան կացութիւնն այսօր» խորագրով: Որպէս դասախօս հրաւիրւել էր քաղաքական փորձագէտ, թուրքագէտ եւ «Պայման» պարբերաթերթի խմբագրական կազմի անդամ Գրիգոր Ղազարեանը:

Սկզբում Միգանուշ Տէր-Մարտիրոսեանը զեկոյցով հանդէս եկաւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի կողմից շուրջ մէկ տարի առաջ հիմնադրւած Նոր Ջուղայի Հայ Դատի գրասենեակի կատարած աշխատանքների մասին:

Շարունակութեան մէջ երեկոյի դասախօսը անդրադառնալով թեմային, սկզբում ներկայացրեց երկար տարիներ Թուրքիայի իշխանութիւնների կողմից Հայոց Ցեղասպանութեան շրջագծում կիրառւած ժխտողական քաղաքականութիւնը, ապա նշելով, որ վերջին տարիներին հայութեան եւ Հայոց Ցեղասպանութեան հարցերի կապակցութեամբ Թուրքիայի պետութեան քաղաքականութեան եւ  հասարակութեան կեցւածքի մէջ նկատւում են փոփոխութիւններ, հիմնականում իր զրոյցը ծաւալեց այդ ուղղութեամբ՝ մի շարք տւեալների եւ իրադարձութիւնների մասին իրազեկումով:

 Գրիգոր Ղազարեանն անդրադարձաւ նաեւ տեղի հայ համայնքի կացութեանը, ապա ընդգծեց, որ Հայաստանը, Սփիւռքը, հայկական ու թուրքական մի շարք հաստատութիւններ, թուրք մտաւորականները եւ տարբեր երկրների կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարեւոր դեր են ունեցել նշւած փոփոխութիւնների առաջացման գործում:  

Վերջում դասախօսը պատասխանեց հարցերին:

Ծրագրին ներկայ էին՝ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, քահանայից դասի, շրջանի Հայ Դատի յանձնախմբի ու ազգային մարմինների ներկայացուցիչներ եւ ժողովուրդ:

Թղթակից (Նոր Ջուղա)