Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտրոնական եւ նոյն միութեան Նոր Ջուղայի մասնաճիւղի վարչութիւնների համատեղ նախաձեռնութեամբ, հինգշաբթի՝ 2018 թւականի փետրւարի 22-ին, Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան սրահում իրականացւեց գեղարւեստական ձեռնարկ՝ Թեհրանի «Ակունք» պարախմբի անզուգական կատարումներով ողողւած:

Երեկոն սկիզբ առաւ Վանէ Թորոսեանի հանդիսավարութեամբ, ով ողջունելով ներկաներին, հայկական արժէքների գոյատեւման ազդակներից կարեւորագոյնը նկատեց՝ հայ եկեղեցին, լեզուն ու մշակոյթը եւ ընդգծեց սփիւռքեան պայմաններում միութիւնների կարեւորագոյն դերը հայկական մշակոյթի պահպանման ու տարածման գործում:

Բացման խօսքին յաջորդեց «Ակունք»-ի անցեալին ու գործունէութեանն անդրադարձող տեսանիւթի ցուցադրումը, ապա խմբի անդամ-ուհիների փայլուն կատարողականութեամբ իրականացւեցին 18 պարային համարներ: Թէեւ ելոյթների մեծամասնութիւնը հայկական պարեր էին, սակայն բեմականացւեցին նաեւ իրանական եւ այլ ոճի կատարումներ, որոնք բոլորն արժանացան հանդիսատեսի ծափողջոյններին:

Պարային համարները ընդմիջւեցին Նոր Ջուղայի Հայուհեաց Բարեգործական ընկերութեան «Փարոս» ասմունքի խմբի անդամներ՝ Վեհանուշ Խուդաբախշեանի եւ Վանանդ Իսաղուլեանի միջոցով. առաջինն ասմունքեց «Անդարձութիւն» եւ «Պարտք» բանաստեղծութիւնները, իսկ երկրորդը մեներգեց «Հայի զաւակ»-ը եւ «Տուն իմ հայրենի»-ն: Սոյն խմբի ղեկավարն է գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը:

Աւարտին  կազմակերպիչներին ու կատարողներին ուղղւած շնորհակալական խօսքով հանդէս եկաւ Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան Կենտ. վարչութեան նախագահ Արշաւիր Քեշիշեանը, որից յետոյ յուշանւէրներ փոխանակւեցին զոյգ վարչութիւնների եւ պարախմբի բեմադրիչ-ղեկավար Կարինէ Մանուչերեանի միջեւ:

Եզրափակիչ խօսքը հանդիսացաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերպ. Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանի հայրական օրհնանքը: Նա բարձր գնահատելով երեկոյի գեղարւեստական ելոյթները եւ անդրադառնալով պարախմբի գործունէութեանը՝ աւելացրեց, որ 32 տարի առաջ «Ակունք»-ի սերմն ընկնելով պարարտ հողի վրայ, ձեւաւորեց այնպիսի խումբ, որն այսօր կարողացաւ ոչ միայն զարդարել եւ լուսաւորել այս բեմը, այլեւ արտացոլել հայկական մշակոյթը:

Յատկանշական է, որ «Ակունք»-ի փորձավարն էր Էդնա Այւազեանսը:

Հանդիսատեսի շարքում ներկայ էին նաեւ՝ Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ գերպ. Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, քահանայից դասի, թեմիս ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները:

Թղթակից (Նոր Ջուղա)
Լուսանկարիչ՝ Գեւիկ Խաչատրեան